Լրահոս

01.12.2012 13:43


ՀՀ ՊՆ քննչական ծառայությում տեղի է ունեցել հանդիսավոր նիստ

ՀՀ ՊՆ քննչական ծառայությում տեղի է ունեցել հանդիսավոր նիստ

ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում դեկտեմբերի 1-ին տեղի է ունեցել ծառայության կազմավորման 5-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստ՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մասնակցությամբ:

ՀՀ ՊՆ քննչական ծառայության պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանը նիստի ընթացքում ներկայացրել է ծառայության կազմավորման ուղին՝ նշելով, որ անցած տարիներին ծառայությունը կարողացել է ընդգրկվել զինվորական մեծ ընտանիքում և ունեցել է մի շարք նշանակալի ձեռքբերումներ:

Շնորհավորելով քննչական ծառայության աշխատակիցներին` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր ողջույնի խոսքում նշել է, որ սա այն եզակի օրերից է, երբ պետք է հայացք գցել անցած ճանապարհին ու նախանշել անելիքները: «Գտնում եմ, որ այս 5 տարիների ընթացքում դուք մատուցել եք որակյալ ծառայություն, անընդհատ բարձրացրել եք մասնգաիտական որակական պատրաստվածությունը: Այսօր կարելի է վստահ ասել նաև, որ ՊՆ քննչական ծառայության համագործակցությունը իրավապահ մարմինների, առաջին հերթին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության հետ բարձր մակարդակի վրա է: Միասին պետք է ավելի լավ ու որակյալ աշխատենք` բանակում եղած անցանկալի երևույթները վերացնելու համար»:

ՀՀ ՊՆ քննչական ծառայության աշխատակիցներին շնորհավորել են նաև ՀՀ զինդատախազ Գևորգ Կոստանյանը և ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Սամվել Ղուկասյանը:

Հանդիսավոր նիստի ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, նախարարի տեղակալ Արա Նազարյանը, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետը և ՀՀ զինդատախազը պատվոգրեր, գերատեսչական մեդալներ և արժեքավոր նվերներ են հանձնել ՀՀ ՊՆ քննչական ծառայության մի շարք քննիչների:

ՀՀ ՊՆ քննչական ծառայությունը կազմավորվել է 2007 թվականի դեկտեմբերի 1-ին:

Այս խորագրի վերջին նյութերը