Լրահոս

01.12.2012 09:53


Բոտուլիզմով ախտահարված սննդամթերքը չի փոխում իր համը, հոտը, գույնը և տեսքը

Բոտուլիզմով ախտահարված սննդամթերքը չի փոխում իր համը, հոտը, գույնը և տեսքը

Նոյեմբերի 29-ին Լոռու մարզի Վանաձոր քաղաքում արձանագրվել է սննդային թունավորման՝ բոտուլիզմի 1 դեպք՝ 1 տուժածով: Համաճարակաբանական հետազոտությունից պարզվել է, որ թունավորման պատճառը տնային պայմաններում պատրաստված կարմիր պղպեղի պահածոյի օգտագործումն է:

Կարմիր պղպեղի պահածոն նոյեմբերի 27-ին օգտագործել են ընտանիքի 2 անդամը: Հաջորդ օրը 75-ամյա Իռա Քոթանջյանի մոտ ի հայտ են եկել սննդային թունավորման` բոտուլիզմին բնորոշ ախտանշաններ` թուլություն, գլխացավ, գլխապտույտ, փսխումներ, երկտեսություն, լուծ: Հիվանդը դիմել է Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց, որտեղից տեղափոխվել է Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն: Հիվանդը ստացել է հակաբոտուլինային շիճուկ, վիճակը գնահատվում է ծանր:

Բուժումը շարունակվում է, նոր դեպքեր չեն արձանագրվել:

Հիշեցնենք, որ բոտուլիզմը սննդային ծանր թունավորում է, որի հարուցիչը Clostridium botulinum-ն է: Հիվանդության հարուցիչը գտնվում է արտաքին միջավայրում` հողի մեջ սպորների ձևով, որտեղից էլ անցնում է բանջարեղենի, կանաչեղենի վրա: Նշված հարուցչի աճի և զարգացման համար անհրաժեշտ են անօդ պայմաններ, որտեղ բազմանում են և արտադրում թույն: Նման պայմաններ ստեղծվում են կափարիչներով հերմետիկ փակված պահածոներում: Հարուցչի ոչնչացումը կատարվում է միայն հատուկ սարքերում` ավտոկլավներում բարձր ճնշման (1.5-2 մթնոլորտ) և ջերմության (1200-1300C) ազդեցության տակ, որոնք առկա են միայն պահածո արտադրող կազմակերպություններում, իսկ տնային պայմաններում հնարավոր չէ իրականացնել:

Բոտուլիզմով ախտահարված սննդամթերքը չի փոխում իր համը, հոտը, գույնը և տեսքը:

Հիվանդության ախտանիշներն ի հայտ են գալիս 2-3 ժամից մինչև 10 օրվա ընթացքում:

Հիվանդության ախտանշաններն են` ընդհանուր թուլություն, սրտխառնոց, փսխում, փորլուծություն, որովայնի շրջանում ցավեր, գլխապտույտ, շնչահեղձություն, տեսողության խանգարում (աչքերի առջև մշուշ, ցանց), երկտեսություն, ձայնի փոփոխություն (խռպոտություն, ռնգախոսություն), բերանի չորություն, կլման ակտի խանգարում:

Բոտուլիզմից խուսափելու նպատակով ՀՀ առողջւապահության նախարարությունը զգուշացնում է.

• Խուսափե´ք տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից:

• Տնային պայմաններում պատրաստված պահածոներն օգտագործելուց առաջ ենթարկե´ք ջերմային մշակման` պահածոյի պարունակությունը եռացնելով 20-25 րոպե:

• Մի գնե´ք տնային պայմաններում պատրաստված պահածոներ շուկայից կամ պատահական անհատներից:

• Առաջին ախտանշաններն ի հայտ գալուն պես անմիջապես դիմե´ք բժշկի:

Այս խորագրի վերջին նյութերը