Լրահոս

30.11.2012 21:23


Վարդան Օսկանյանն անդրադարձել է արտաքին քաղաքական խնդիրներին

Վարդան Օսկանյանն անդրադարձել է արտաքին քաղաքական խնդիրներին

Վարդան Օսկանյանն ֆեյսբուքայն իր էջում անդրադարձել է արտաքին քաղաքականությանը վերաբերող խնդիրներին.

«Նախագահական ընտրությունների ընթացքում քննարկվող առանցքային հարցերից մեկը բնականաբար պետք է լինի արտաքին քաղաքականությունը: Ոչ միայն, որ դա նախագահի բացառիկ իրավունքն է, այլև դրա հաջող մշակումից և իրականացումից է կախված երկրի ճակատագիրը: 

Ես երեք խնդիր եմ տեսնում՝ առավելապես գաղափարական և ոճային բնույթի, որոնք խոչընդոտում են արդյունավետ արտաքին քաղաքականության իրականացմանը.

1. Գաղափարական հենքի բ

ացակայություն. մի ամբողջ 45 տարի Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունը բնութագրվում էր մեկ բառով՝ զսպողական (containment policy): Հատորներ են գրվել այս մեկ բառով բնութագրված քաղաքականության մասին: Եթե Հայաստանի անկախության սկզբնական շրջանում մեր արտաքին քաղաքականությունը բնութագրվում էր որպես հավասարակշռության, հետո՝ փոխլրացման եզրերով, ապա այսօր բնութագրվում է որպես բազմավեկտոր: Առաջին երկուսը բազմաբովանդակ բառեր են, որոնց հիմքում կա իմաստ, մտածողություն և նպատակ, մինչդեռ «վեկտորը» մեթեմատիկական եզր է, որն ընդամենը բնութագրում է ուղղությունը: 

Իրոք, առանց գաղափարական հենքի Հայաստանի նման աշխարհագրական դիրք ունեցող երկրին դժվար կլինի կարողանալ ճիշտ կողմնորոշվել և համահունչ դիրքորոշումներ որդեգրել իր շուրջ ընթացող, հաճախ՝ իրար հակադրվող տարբեր գործընթացներում:

2. Արտաքին քաղաքականությունը որպես նպատակ. արտաքին քաղաքականությունը միջոց է նպատակներ իրականացնելու համար: Այն պահին, երբ դա դառնում է նպատակ, կորցնում է բովանդակությունը և հետևաբար՝ արդյունավետությունը: Եթե հնարավոր չի լինում նոր ատոմակայանի կառուցումն սկսել, դրա պատճառը տեխնիկական և նյութական խնդիրները չեն, այլ այն, որ կա լուրջ դիմադրություն տարբեր ուժերի կողմից: Եթե Ստեփանակերտի օդանավակայանն առայսօր չի շահագործվում, դրա պատճառն այն չէ, որ հարակից բլուրները խանգարում են օդանավերի վայրէջքին, այլ այն, որ Ադրբեջանը ընդդիմանում է դրա գործարկմանը: Կարելի է բերել բազմաթիվ այլ օրինակներ: Խնդիրների լուծումը՝ անկախ դրանց ոլորտից, առաջին հերթին ընկնում է դիվանագիտության վրա, որից հետո նոր միայն լուծվում են մյուս հարցերը: 

3. Նպատակին հասնելու քայլերի հաջորդականության բացակայություն. մեզ Բիսմարկի հետ համեմատելու որևէ նպատակ չունենալով՝ բերեմ մի օրինակ, որը դիվանագիտության պատմության մեջ համարվում է երկարաժամկետ քայլերի հաջորդականության լավագույն օրինակներից մեկը: 1862թ. Պրուսիայի կանցլեր Բիսմարկը, հանդիպելով Բենյամին Դիզրայելիին (որը ավելի ուշ դարձավ Մեծ Բրիտանիայի վարչապետ), ընդամենը կեսժամանոց հանդիպման ընթացքում նրան ներկայացնում է հաջորդ տարիներին իր անելիք քայլերը՝ ասելով. «Դանիայից վերցնելու եմ Շլեզվիգ-Հոլշտեյնը, Ավստրիային դուրս եմ թողնելու Գերմանական համադաշնությունից և հարձակվելու եմ Ֆրանսիայի վրա»: Հաջորդ ինը տարիների ընթացքում Բիսմարկը նույն հերթականությամբ և հաջողությամբ իրականացրեց այս երեք քայլերը՝ 1871թ. հասնելով Գերմանիայի միավորմանը:

Դիտարկելով և դատելով այս տարիների ընթացքում Հայաստանի վարած արտաքին քաղաքականությունը և դրա արդյունքները, հատկապես՝ մեզ համար ամենակարևոր հարցերում, ինչպիսիք են հայ-թուրքական հարաբերությունները, Լեռնային Ղարաբաղի խնդիրը և Ցեղասպանության ճանաչման գործընթացը, կարելի է միանշանակ ասել, որ այդ ուղղությամբ արված քայլերն ակնհայտորեն չեն ունեցել արդյունավետ շարունակություն:

Դիվանագիտությունն առաջին գիծն է ոչ միայն երկրի անվտանգության, տարածքային ամբողջականության պահպանման, այլ նաև ներդրումների ներգրավման, խոշոր ծրագրերի իրականացման և առհասարակ՝ տնտեսական զարգացման համար: Այսօր Հայաստանում ստեղծված սոցիալ-տնտեսական ծանր վիճակը շատ բանով կախված է նաև մեր դիվանագիտությունից»:
 

Այս խորագրի վերջին նյութերը