Լրահոս

30.11.2012 14:00


Հանձնարարված է Վարդան Օսկանյանի վրա էլի՛ մի բան գտնել

Հանձնարարված է Վարդան Օսկանյանի վրա էլի՛ մի բան գտնել

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանն այսօր ասուլիսում նշել է, որ իրեն անգամ փողոցում են կանգնեցնում շարքային քաղաքացիները և հարցնում՝ ի՞նչ են ուզում այդ մարդուց, ե՞րբ են գործը փակելու, իսկ իրավաբանների մոտ ուղղակի ժպիտ է առաջացնում այս գործի իրավաբանական բովանդակությունը։

Այժմ գործի քննությունն ընթացքի մեջ է, նշանակվել է բանկային ստուգում։

–Ստուգման են ենթարկում Վարդան Օսկանյանի՝ Հայաստանում երբևէ եղած բոլոր բանկային հաշիվները. Ազգային անվտանգության ծառայությունն ամեն կերպ մի բան էլ է ուզում գտնել։ Մոտ մեկ շաբաթ առաջ պարոն Օսկանյանին հրավիրել էին հարցաքննության և հարցեր էին տալիս 2001թ., 2003թ. ստացված փոխանցումների մասին։ Դա առաջացրեց իմ պաշտպանյալի խիստ զայրույթը։ Նա ասաց՝ պետք է հարգանքով վերաբերվել, որոհետև ես որոշակի վաստակ ունեմ այս երկրում, և արդեն ծիծաղելի է։ Իմ կարծիքով՝ իրենք էլ շատ լավ հասկանում են այս գործի էությունն ու բովանդակությունը։ Հիմա մի բան էլ են փնտրում պարոն Օսկանյանի վրա, հիմա իրենց հանձնարարված է մի բան էլ գտնել։ Օրինակ՝ ո՞ւմ է ծեծել 1992թ. պարոն Օսկանյանը փողոցում։ Կամ էլ պոլիտեխնիկում էր սովորում, ոնց էլ լինի՝ գյուղինստիտուտի հետ կռիվ արած կլիներ, էլի։ Այնքան որ մի բան լինի, որպեսզի ցույց տան, թե Օսկանյանը հանցագործ է։ Այս ամենը ծիծաղելի է, բայց իրականում լացելու է, որովհետև մենք խոսում ենք մեր երկրի ԱԱԾ–ի մասին, որը պետք է ժողովրդին ծառայի, ոչ թե նման վիճակում հայտնվի։ Ես ցավում եմ նրանց համար,–ասել է Վ. Օսկանյանի փաստաբանը։

Նա նաև տեղեկացրել է, որ շատ լավ իմանալով մեր իրավապահ մարմինններին՝ իր պնդմամբ է գործը հարուցվելուց հետո Վարդան Օսկանյանը Հանթսմանի 800 հազար դոլարը իր հաշվից փոխանցել «Սիվիլիթաս» հիմնադրամին, քանի որ այն կարող էր դրվել արգելանքի տակ և հետո բռնագրավվեր ու կորչեր.

–Այդ գումարը մենք պարզապես փրկում էինք մեր իրավապահ մարմիններից։

Ավելի վաղ Տ. Աթանեսյանը խոստացել էր, որ Հանթսմանն այս ամենի մասին կներկայացնի իր կարծիքը՝ հանդես գալով համապատասխան հայտարարությամբ։ Այսօր ևս նա ասել է, որ իր խոստումն ուժի մեջ է, պարզապես այդ հայտարարության համար դեռ ժամանակը չի եկել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը