Լրահոս

30.11.2012 13:05


ՄԻԱՎ-ի տարածումը կանխող միջոցառումների իրականացմանն ուղղված ներդրումների անհրաժեշտությունը Եվրոպայում

ՄԻԱՎ-ի տարածումը կանխող միջոցառումների իրականացմանն ուղղված ներդրումների անհրաժեշտությունը Եվրոպայում

2011թ. տվյալների համաձայն՝ ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում ՄԻԱՎ-ի ավելի քան 121 000 նոր դեպք է գրանցվել, այդ թվում 28 000-ը` Եվրոպական միության և Եվրոպական տնտեսական գոտու (ԵՄ/ԵՏԳ) պետություններում: Հիվանդացության մակարդակը տարածաշրջանում նախորդ տարվա համեմատ բարձրացել է, ինչը խոսում է Եվրոպայում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համաճարակի տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումների շարունակականությունն ապահովելու անհրաժեշտության մասին` անգամ տնտեսական դժվարությունների պայմաններում:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Եվրոպական կենտրոնի (ԵՀՎԿԿ) և ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի (ԱՀԿ/ԵՎՐՈ) նոր հաշվետվությունը[1], որը հրապարակվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա կապակցությամբ, վկայում է, որ թեև ՄԻԱՎ-ի նոր դեպքերի թիվն աշխարհի տարբեր շրջաններում կրճատվել է, այնուամենայնիվ, վարակի տարածումը ԵՄ/ԵՏԳ երկրներում չի նվազել, իսկ Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում անգամ բարձրացել է:

Ավելին, ԵՄ մի շարք երկրներում շարունակվում են ՄԻԱՎ-ի բռնկումները ներերակային թմրադեղեր օգտագործող անձանց շրջանում, ինչը նշանակում է, որ համապատասխան միջոցառումների բացակայության կամ թերի իրականացման պայմաններում հիվանդացության ցածր մակարդակը կարող է կտրուկ բարձրանալ` հանգեցնելով հիվանդության բռնկման:

«Համաշխարհային տնտեսական ճգնաժամը լուրջ մարտահրավեր է պետությունների համար` ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելմանը, ախտորոշմանը և բուժմանն ուղղված արդյունավետ առողջապահական միջոցառումների հասանելիությունը բարելավելու նպատակով անհրաժեշտ ներդրումներ կատարելու առումով: Եվրոպական տարածաշրջանի արևելյան հատվածում հակառետրովիրուսային բուժման կարիք ունեցող չորս հիվանդից ընդամենը մեկն է ստանում անհրաժեշտ բուժումը` սա ամենացածր ցուցանիշներից մեկն է աշխարհում»,– ասում է ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն տիկին Ժուժանա Ջեյկաբը: «Պետք է շտապ լրացուցիչ միջոցներ ներդնենք, հատկապես՝ Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում: Այսօր ՄԻԱՎ-ի դեմ պայքարին ուղղված ամեն մի եվրոն ապագայում հետ կստանանք բուժման գծով խնայած ահռելի միջոցների տեսքով, էլ չենք խոսում, թե որքան կշահի հասարակությունը` յուր անդամների առողջությունը և աշխատունակությունը պահպանելու շնորհիվ»,- ավելացնում է նա:

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա նախօրեին Հունաստանի մայրաքաղաք Աթենքում հանրային առողջապահությանը նվիրված համաժողովին ելույթ ունենալու ընթացքում ԵՀՎԿԿ-ի տնօրեն Մարկ Սփրենջերն ընդգծել է. «ԵՄ մի շարք երկրների վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ եթե չի հաջողվում ընդհատել ՄԻԱՎ-ի փոխանցման շղթան, ապա այդ ձախողման հետևանքները` երկարաժամկետ կտրվածքով, ՄԻԱՎ-ի հիվանդացության բարձր մակարդակի տեսքով, անխուսափելի են, հատկապես եթե հաշվի առնենք մեր վերջին տվյալները, որ վարակի նոր դեպքերի մոտ կեսը ուշ շրջանում է ախտորոշվում: Եթե ցանկանում ենք կրճատել և կանխել ՄԻԱՎ-ի հետագա տարածումը Եվրոպայում, պետք է ներդրումներ կատարենք և զարգացնենք ՄԻԱՎ-ի ախտորոշման և խորհրդատվության ծառայությունները: Այսպիսով կարող ենք ապահովել հիվանդության վաղ ախտորոշումը, ինչպես նաև բուժման հասանելիությունը և պատշաճ իրականացումը, կրճատել ուշ փուլում հայտնաբերված հիվանդության դեպքերի թիվը և երկարաժամկետ կտրվածքով բարելավել բուժման ելքերը:»

Իրավիճակը ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում

Վերջին տվյալների համաձայն՝ ՄԻԱՎ-ի նոր դեպքերի ավելի քան երեք քառորդը բաժին է ընկնում Եվրոպական տարածաշրջանի արևելյան հատվածին: Նոր դեպքերի կեսն ախտորոշվում է ուշ շրջանում, երբ բուժման արդյունավետությունն արդեն շատ ցածր է: Ուշացած ախտորոշումը և բուժման ծրագրերում հիվանդների ցածր ընդգրկվածությունը բերում են ՁԻԱՀ-ի և դրա հետ կապված մահվան դեպքերի աճի Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում, ընդ որում, նշված ցուցանիշները կայունացման կամ նվազման և ոչ մի միտում չեն դրսևորում:

Եվրոպական տարածաշրջանում ՄԻԱՎ-ը դեռևս կենտրոնացած է հիմնական ռիսկի խմբերում, օրինակ` արվամոլների, ներերակային թմրադեղեր օգտագործող անձանց և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ընդհանուր համաճարակ ունեցող երկրներից ներգաղթած բնակչության շրջանում: Ինչևէ, վերջին տվյալները ցույց են տալիս, որ աճում է նաև հետերոսեքսուալ ճանապարհով փոխանցված վարակի դեպքերի թիվը` կազմելով տարածաշրջանում գրանցված հիվանդության բոլոր դեպքերի մոտ կեսը: Կանխարգելիչ միջոցառումները` հասցեագրված այն զույգերին, որոնցում զուգընկերներից մեկը բարձր ռիսկայնության վարքագիծ է դրսևորում, պետք է անդրադառնան նաև հետերոսեքսուալ ճանապարհով վարակի փոխանցման վտանգին:

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հսկողության արդյունքներն ամփոփող վերջին հաշվետվությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ 2011 թ. տարածաշրջանի բոլոր անդամ-պետությունների կողմից ընդունված` ԱՀԿ-ի 2012–2015 թթ. ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջոցառումների եվրոպական ծրագրի առաջարկությունները հիմնավորված են: Այն շեշտադրում է Եվրոպայում ՄԻԱՎ-ի ախտորոշման և խորհրդատվության ծառայությունների հետագա զարգացման անհրաժեշտությունը, ինչը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրող յուրաքանչյուր անձի պարագայում թույլ կտա ապահովել հիվանդության վաղ ախտորոշումն ու բուժումը: Նշված միջոցառումները պետք է նախ և առաջ ուղղված լինեն բարձր ռիսկի խմբերին` նպաստելով հիվանդների խոցելիության նվազմանը և խրախուսելով պացիենտների ու քաղաքացիական հասարակության կազմակերպությունների մասնակցությունը դրանց իրականացման գործընթացում: Արդյունքում՝ հնարավոր կլինի բարելավել բուժման ելքերը և կլինիկական արդյունավետությունը, ինչպես նաև կանխել կամ զսպել ՄԻԱՎ-ի տարածումը Եվրոպայում:

Իրավիճակը ԵՄ/ԵՏԳ պետություններում

ԵՄ/ԵՏԳ պետություններում հիվանդությունը հիմնականում կենտրոնացած է ռիսկի առանցքային խմբերում, օրինակ` արվամոլների շրջանում (այս խմբին բաժին է ընկնում ՄԻԱՎ-ի դեպքերի մեծ մասը), ինչպես նաև ներերակային թմրադեղեր օգտագործող անձանց և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ընդհանուր համաճարակ ունեցող երկրներից ներգաղթած բնակչության շրջանում: 2011 թ. ներերակային թմրադեղեր օգտագործողների շրջանում վարակի տարածվածությունը պահպանվել է համեմատաբար ցածր մակարդակի վրա` կազմելով ախտորոշված դեպքերի 5%-ը, ինչը 40%-ով պակաս է 2004 թ. ցուցանիշից:

Նոյեմբերի 30-ին Աթենքում կայացել է հանրային առողջապահությանը նվիրված համաժողովը, որի ընթացքում ԵՀՎԿԿ-ն ներկայացրել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի առումով Հունաստանում տիրող իրավիճակի մանրամասն գնահատականը: Մասնավորապես նշվել է, որ ՄԻԱՎ-ի ներկայիս բռնկումը ներերակային թմրադեղեր օգտագործող անձանց շրջանում կարող է կապված լինել մի շարք գործոնների հետ, որոնցից առավել կարևորը կանխարգելիչ ծառայությունների ցածր մակարդակն էր բռնկմանը նախորդող երկարատև ժամանակահատվածի ընթացքում: ԵՀՎԿԿ-ն ընդգծել է, որ նշված բռնկմանը արձագանքելիս անհրաժեշտ է նախ և առաջ հաշվի առնել այնպիսի միջոցառումների գերակայությունը, ինչպիսիք են փոխարինիչ օպիոիդային բուժման և ասեղների ու ներարկիչների տրամադրման ծրագրերի ծավալների ընդլայնումը:

1990-ականներից ի վեր ՁԻԱՀ-ի դեպքերի թիվը ԵՄ/ԵՏԳ պետություններում շարունակաբար նվազում է:

Նշումներ խմբագիրների համար.

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը նշվում է ողջ աշխարհում յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 1-ին: Առողջությանը նվիրված միջազգային օրերի թվում սա առավել լայն ճանաչում ստացած օրերից մեկն է, ինչը մեծ հնարավորություն է ընձեռում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ բնակչության տեղեկացվածությունը բարելավելու, հիվանդության զոհերին հիշատակելու, ինչպես նաև հաղթանակները (օրինակ` կանխարգելման և բուժման ծառայությունների հասանելիության բարելավումը) նշելու համար:

ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանը ներառում է 53 պետություն` մոտ 900 միլիոն ընդհանուր բնակչությամբ, որոնցից շուրջ 508 միլիոնը կազմում են ԵՄ/ԵՏԳ երկրների բնակիչները (ԵՄ 27 պետություններ, Իսլանդիա, Լիխտենշտեյն և Նորվեգիա):

ԱՀԿ-ի Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի կայքում կարող եք լրացուցիչ տեղեկություններ գտնել.

 

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման եվրոպական կենտրոնի միջոցառումների վերաբերյալ տեղեկությունները ներառում են.



[1] Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Եվրոպական կենտրոն, ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային գրասենյակ, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հսկողությունը Եվրոպայում, 2011թ., Ստոկհոլմ, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Եվրոպական կենտրոն, 2012թ. (http://www.euro.who.int/en/what-we-do/health-topics/communicable-diseases/hivaids/publications/2012/hivaids-surveillance-in-europe-2011):

Այս խորագրի վերջին նյութերը