Լրահոս

30.11.2012 10:21


Սերժ Սարգսյան. «Հայաստանի համար ԼՂ հա­կա­մարտության խաղաղ լուծման միակ ընդունելի հարթակը Մինսկի խմբի ձևաչափն է»

Սերժ Սարգսյան. «Հայաստանի համար ԼՂ հա­կա­մարտության խաղաղ լուծման միակ ընդունելի հարթակը Մինսկի խմբի ձևաչափն է»

Ներկայացվում է ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի և Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի կողմից կազմակերպված «Տարածաշրջանային անվտանգության դինամիկան Հարավային Կովկասում» ամենամյա միջազգային գիտական ֆորումին (նոյեմբերի 29-30, 2012) հասցեագրված ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը, որն ընթերցվել է ՀՀ ՊՆ ԱՌՀԻ-ի պետ-ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, քաղաքական գիտությունների դոկտոր, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանի կողմից:

ՀՀ ՊՆ ԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ «ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԴԻՆԱՄԻԿԱՆ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ» ԱՄԵՆԱՄՅԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԿԱՆ ՖՈՐՈՒՄԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ

 Ողջունում եմ «Տարածաշրջանային անվտանգության դինամիկան Հարավային Կով­կասում» միջազգային գիտաժողովի մասնակիցներին և հյուրերին ավան­դա­կան դարձած այս համաժողովի` ամենամյա ֆորումի վերափոխման կապակցությամբ: Ֆորումի թեմայի կարևորությունը պայմանավորված է ինչպես տարածաշրջանի երկրնե­րի անվտանգության շահերով, այնպես էլ մասնակից մասնագետների և փոր­ձագետների հեղինակությամբ:

Հարավային Կովկասում ընթացող աշխարհաքաղաքական զարգացումները բարդ և դժվար կանխատեսելի են, գտնվում են տարածաշրջանային և արտատարա­ծաշրջա­նային ուժային կենտրոնների շահերի համադրման և մրցակցության ներքո: Այդ հան­գա­մանքը տարածաշրջանի երկրների համար ստեղծում է ինչպես որոշակի մարտա­հրա­վերներ, այնպես էլ հավելյալ հնարավորություններ:

Հայաստանի արտաքին քաղաքականությունը խարսխված է գլոբալ և տարածա­շրջա­նային դերակատարների հետ փոխշահավետ համագործակցության, փոխադարձ հարգանքի, շահերի համադրման սկզբունքի վրա: Մենք համոզված ենք, որ բաց սահ­ման­ները և համատեղ տնտեսական ծրագրերի իրականացումը կարող են մեծապես խթա­նել փոխադարձ վստահության և փոխըմբռնման միջավայրի ձևավորմանը, հետևա­բար նաև քաղաքական խնդիրների լուծմանը: Մինչդեռ քաղաքականությունը, որը նպատակաուղղված է տարածաշրջանի պետությունների միջև բաժանարար գծերի ստեղծմանը, անխուսափելիորեն կհանգեցնի Հարավային Կովկասում անկայունության և անվստահության միջավայրի ստեղծմանը:

Տարածաշրջանի առջև ծառացած կարևորագույն մարտահրավերն են չկարգավոր­ված հակամարտությունները, որոնք պահանջում են համապարփակ լուծում: Հա­յաստանը համոզված է, որ առկա հակամարտությունները կարող են լուծվել բացա­ռա­պես խաղաղ բանակցությունների ճանապարհով և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների հիման վրա: Հայաստանի Հանրապետության համար ղարաբաղյան հա­կա­մարտության խաղաղ լուծման միակ ընդունելի հարթակը Մինսկի խմբի ձևաչափն է: Ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ տարածաշրջանում երկարաժամկետ խաղա­ղության ու կայունության հաստատմանը կարելի է հասնել միայն Լեռնային Ղարա­բա­ղի բնակչության ֆիզիկական անվտանգության և սեփական ճակատագիրը ինքնուրույն որոշելու իրավունքի երաշխավորված ապահովման դեպքում: Այս առումով հույժ կարևոր է ԼՂՀ վերադարձը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործըն­թաց:

Ադրբեջանի կողմից տարածաշրջանում իրականացվող սպառազինությունների մրցավազքը, ռազմատենչ հայտարարությունները և պետական ամենաբարձր մակար­դակով հայատյացության քարոզը, ինչի վերջին դրսևորումն էր քնած հայ սպային կաց­նահարած ադրբեջանցի սպա Սաֆարովի հերոսացումը, լրջորեն սպառնում են ոչ միայն Հայաստանի, այլ ամբողջ Հարավային Կովկասի անվտանգությանը: Ստեղծված պայմաններում Հայաստանը ստիպված է առանձնահատուկ ուշադրություն դարձնել իր պաշտպանական համակարգի բարեփոխման ու բարելավման վրա` որպես Ադրբե­ջանի  ռազմատենչ հավակնությունները զսպող և Հարավային Կովկասում կայունու­թյուն ապահովող գործոն:

2008 թվականին Հայաստանը նախաձեռնեց Հայաստան-Թուրքիա հարաբերու­թյուն­ների կարգավորման գործընթացը` որպես առաջին քայլ նպատակ ունենալով հաստատել դիվանագիտական  հարաբերություններ և առանց նախապայմանների բա­ցել սահմանները: Հայաստանը, ի տարբերություն Թուրքիայի, այսօր էլ հավատարիմ է մնում հարաբերությունների կարգավորման հիմքում դրված այդ սկզբունքներին:

Գիտակցելով պետական մակարդակով քաղաքականության մշակման և ռազմա­վա­րական որոշումների նախագծերի պատրաստման գործում փորձագիտական ներու­ժի ներգրավման կարևորությունը` Հայաստանը բարձր է գնահատում Երևանում միջազ­գային հեղինակավոր վերլուծաբանների մասնակցությամբ տարածաշրջանային անվտանգության դինամիկային նվիրված ամենամյա միջազգային ֆորումի անցկա­ցումը:

Տարածաշրջանային անվտանգության դինամիկային նվիրված ամենամյա միջազ­գային գիտական ֆորումին մաղթում եմ հաջողություններ և արդյունավետ աշխա­տանք:

Սերժ Սարգսյան

Այս խորագրի վերջին նյութերը