Լրահոս

29.11.2012 16:43


Տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 21-րդ նիստը

Տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 21-րդ նիստը

Նոյեմբերի 29-ին ՀՀ Ազգային ժողովում Նիկոլայ Ռիժկովի եւ Հերմինե Նաղդալյանի համանախագահությամբ տեղի ունեցավ ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 21-րդ նիստը:

Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Նա բարձր գնահատեց խոր արմատներ ունեցող հայ-ռուսական հարաբերություններն ու երկու երկրների դարավոր բարեկամության ու ավանդույթների վրա խարսխված ռազմավարական գործընկերությունը: ԱԺ նախագահի գնահատմամբ՝ երկու երկրների համագործակցությունը քաղաքական, առեւտրական-տնտեսական, միջխորհրդարանական, ռազմական-տեխնիկական, միջռեգիոնալ ու մշակութային-հումանիտար ոլորտներում որակապես նոր մակարդակի է հասել: Այս ամենի հետ մեծ նշանակություն է ստացել փոխգործակցությունը միջազգային կառույցներում: Փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային հիմնախնդիրների վերաբերյալ երկու երկրների դիրքորոշումները մոտ են կամ հիմնականում համընկնում են: Ըստ Հովիկ Աբրահամյանի՝ երկու երկրների հարաբերությունների զարգացման, հատկապես միջխորհրդարանական կապերի ամրապնդման գործում նշանակալից է միջխորհրդարանական հանձնաժողովի դերը, որի աշխատանքները դառնում են ավելի ու ավելի արդյունավետ:

ԱԺ նախագահը հույս հայտնեց, որ հանձնաժողովի օրակարգում ընդգրկված երիտասարդական քաղաքականության եւ այդ ոլորտում երկու երկրների համագործակցության կարեւոր հարցի քննարկումը կլինի շատ արդյունավետ եւ առաջիկա երկու տարվա համար կստեղծվի միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեության միասնական ծրագիր: Նա հանձնաժողովականներին արդյունավետ աշխատանք մաղթեց երկու երկրների համագործակցության զարգացմանն ուղղված բոլոր նախաձեռնությունների իրականացման գործում:

Միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հերմինե Նաղդալյանը նույնպես բարձր գնահատեց հանձնաժողովի կատարած աշխատանքները եւ հույս հայտնեց, որ հետայսու եւս երկու երկրների խորհրդարանականները ջանք չեն խնայի իրենց երկրների ու ժողովուրդների շահերից բխող նախաձեռնություններով հանդես գալ եւ գտնել դրանց արդյունավետ լուծումները: Երկուստեք կա բարի կամք ու ցանկություն, մնում է համագործակցված ու հետեւողական աշխատանքով իրականացնել դրանք:

Նիստի օրակարգային առաջին՝ «Երիտասարդական քաղաքականության ասպարեզում ռուս-հայկական համագործակցության մասին» հարցի վերաբերյալ զեկուցումով հանդես եկավ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լեւոն Մարտիրոսյանը: Նա անդրադարձավ երիտասարդական քաղաքականության եվրոպական փորձին, երիտասարդների հիմնախնդիրների լուծմանն ուղղված Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությանը, երիտասարդների աջակցության ծրագրերին, օրենսդիր եւ ընդհանրապես կառավարման համակարգերում, քաղաքականության մեջ երիտասարդներին՝ որպես ինտելեկտուալ ու կազմակերպչական մեծ հնարավորություններ ունեցող քաղաքացիների, ներգրավելու անհրաժեշտությանը, Հայաստանի եւ Ռուսաստանի երիտասարդական կազմակերպությունների համագործակցությանը՝ ուշադրություն հրավիրելով հատկապես երիտասարդների սոցիալական, կրթական, մշակութային հիմնախնդիրների լուծման ու նրանց ինքնադրսեւորումն ապահովող միջոցառումների վրա:

ՀՀ-ում Ռուսհամագործակցության ներկայացուցչության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը երիտասարդության հիմնախնդիրների լուծման նպատակով համատեղ ծրագրերի մշակման ու իրականացման գործում կարեւորեց երկու երկրների միջեւ առկա փոխվստահությունը: Ներկայացնելով այս ոլորտում գրանցված հաջողություններն ու անելիքները՝ բանախոսն առաջարկեց մեծացնել երիտասարդական կազմակերպություններին տրամադրվող ֆինանսական ու նյութական աջակցությունը եւ 2013-2015թթ. միջպետական միջոցառումների ցանկում ներառել Վալերի Բրյուսովի ծննդյան 140-ամյակի տոնակատարությունը:

Հարցի վերաբերյալ ելույթ ունեցավ ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղարի տեղակալ, այդ կազմակերպությունում ԱԺ ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը: Նա ներկայացրեց երիտասարդական քաղաքականության ասպարեզում ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի կատարած օրենսդրական քայլերը, անդամ երկրների երիտասարդական կազմակերպությունների նախաձեռնած համատեղ միջոցառումները, տեղեկացրեց Միջխորհրդարանական երիտասարդական խորհրդարանի ստեղծման մասին:

Պետդումայի անվտանգության եւ կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի անդամ Բորիս Ռեզնիկը եւ Ռուսհամագործակցության ներկայացուցչության ուսումնական, երիտասարդական ծրագրերի վարչության պետի տեղակալ Նիկոլայ Չուպաշկինը իրենց ելույթներում անդրադարձան տարբեր ոլորտներում երիտասարդության ներուժն օգտագործելու անհրաժեշտությանն ու այս ոլորտում համատեղ ծրագրերի իրականացմանը: Նրանք առաջարկեցին առաջին կին տիեզերագնաց Վալենտինա Տերեշկովայի՝ դեպի տիեզերք թռիչքի 50-ամյա հոբելյանը նույնպես ներառել միջպետական միջոցառումների ցանկում:

Քննարկվեցին նաեւ օրակարգում ընդգրկված «Միջխորհրդարանական հանձնաժողովի նախկին որոշումների կատարման մասին», «Միջխորհրդարանական հանձնաժողովի 2013-2015թթ. աշխատանքային պլանի մասին» հարցերը: 

Այս խորագրի վերջին նյութերը