Լրահոս

29.11.2012 18:29


ԵՊՀ-ում տեղի կունենա Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան 70-ամյակին նվիրված հուշ-երեկո

ԵՊՀ-ում տեղի կունենա Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան 70-ամյակին նվիրված հուշ-երեկո

 Նոյեմբերի 30-ին` ժամը 17:00-ին, ԵՊՀ մեծ դահլիճում (Կենտրոնական մասնաշենք, 2-րդ հարկ) տեղի կունենա Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան 70-ամյակին նվիրված հուշ-երեկո:

 Լեոնիդ Ազգալդյանը ծնվել է 1942 թվականին Թիֆլիսում: 1947-1959թթ. սովորել է Երեւանի Ա. Մռավյանի անվան դպրոցում։ Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետն ավարտելուց հետո տեղափոխվել է Երեւանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ եւ ավարտելով այն` ստացել ռադիոֆիզիկոսի մասնագիտություն: 

 Հետմահու ՀՀ եւ ԼՂՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշաններին արժանացած հրամանատարը Արցախի ազգային-ազատագրական շարժման ակտիվ մասնակիցն էր շարժման հենց առաջին օրերից: Լեոնիդ Ազգալդյանն առաջիններից էր նաև, որ քայլեր ձեռնարկեց Հայաստանում զենքի արտադրություն կազմակերպելու, պայթուցիկ նյութեր մշակելու, քարտեզներ հայթայթելու, ռազմական կադրեր դաստիարակելու եւ կոփելու ուղղությամբ:

 1991թ. նա ստեղծել է «Ազատագրական բանակ» ռազմական կազմակերպությունը, որի գլխավոր հրամանատարն է եղել մինչեւ զոհվելը: Այդ բանակին սպասարկել է նաեւ Երեւանի պետական համալսարանը, նրա պրոֆեսորադասախոսական կազմը: Լեոնիդ Ազգալդյանը զոհվել է 1992թ. հունիսի 21-ին Մարտակերտի շրջանում` Տոնաշեն գյուղի մոտակայքում:  

 

Լեոնիդ Ազգալդյանի հուշ-երեկոյի ընթացքում կատարումներով հանդես կգան նրա մարտական ընկերներ Դավիթ Ամալյանը, Մկրտիչ Մկրտչյանը, ինչպես նաեւ Լեյլա Սարիբեկյանը, Արսեն Գրիգորյանը (Մրո) և ուրիշներ:

 Բացման խոսքով հանդես կգա ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը: Միջոցառմանը հրավիրված է նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: 

Այս խորագրի վերջին նյութերը