Լրահոս

29.11.2012 00:33


Նոր համակարգ Ճգնաժամային կառավարման կենտրոնի համար

Նոր համակարգ Ճգնաժամային կառավարման կենտրոնի համար

Նոյեմբերի 28-ին ԱԻ նախարարություն էին այցելել ռուսական «Հեռախոսային համակարգեր» ընկերության նախագահ Դմիտրի Կիսելյովն ու գլխավոր տնօրեն Դենիս Բուկաշինը: Հանդիպելով ԱԻ նախարար Արմեն Երիցյանի և նախարարության ղեկավար կազմի անդամների հետ` նրանք, «Յունիթել» ընկերության ներկայացուցիչ Արթուր Կարապետյանի հետ համատեղ, ներկայացրեցին «Հեռախոսային համակարգեր» ընկերության կողմից մշակված «Օքթել» ծրագրային ապահովման համակարգը, որը լուրջ ներդրում կարող է հանդիսանալ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի (ՃԿԿ) և 911 արագ արձագանքման ծառայության աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու գործում

Ներկայացնելով «Օքթել» համակարգի առանձնահատկությունները` Դ. Կիսելյովն իր խոսքում մասնավորապես ասաց. 

-  Մենք ակտիվորեն համագործակցում ենք ԱՊՀ երկրների հետ: «Հեռախոսային համակարգեր» ընկերության արտադրանքն ամբողջ աշխարհում արդեն ունի 60 հազար օգտատեր: «Օքթելը» շատ հզոր համակարգ է, որը թույլ է տալիս, արտակարգ իրավիճակների դեպքում, ավտոմատացնել զանգերի ընդունումը, մինիմիզացնել դրանց ընդունման ժամանակը, տարանջատել ահազանգերն ու հավասարաչափ բաշխել դրանք բոլոր օպերատորների միջև: Դա զգալիորեն կկրճատի մարդկային գործոնը, ինչի շնորհիվ կնվազի սխալվելու հավանականությունը: «Օքթել» համակարգը նաև ճշգրտում է ահազանգողի գտնվելու վայրը, ինչը թույլ կտա բարձրացնել կեղծ ահազանգերը բացահայտելու հավանականությունը: Բացի այդ, մեր համակարգը բոլոր ստացվող զանգերը կձայնագրի, ինչի շնորհիվ ոչ-մի ահազանգ չի կորի: 

Շարունակելով թեման` Ա. Կարապետյանը նշեց.

  - «Օքթելը» համարվում է «Վինդոուս» օպերացիոն համակարգի ծրագիրը, այնպես որ դրա տեղադրումն ու կարգավորումը բարդություններ չի առաջացնի: Այս համակարգը թույլ է տալիս օգտագործել ուղիղ քաղաքային հեռախոսահամարներ, կատարել և ստանալ զանգեր ինչպես հեռախոսակապով, այնպես էլ ինտերնետ-կապի միջոցով: 

  Քննարկման վերջում որոշում կայացվեց շարունակել համագործակցությունը «Հեռախոսային համակարգեր» ընկերության հետ, ինչի կապակցությամբ նախարարը մասնավորապես ասաց.

  - ՀՀ նախագահն ու կառավարությունը մեծ ուշադրություն են դարձնում ԱԻ նախարարությանը: Եթե մենք ինչ-որ քայլ ենք անում, ապա այդ քայլը պետք է լինի մտածված և արդյունավետ: Ես պետք է հստակ իմանամ, թե ինչ եմ վերցնում և ինչ եմ տալիս: Համակարգի ձեռքբերման հետ կապված կան մի շարք հարցեր, որոնց պատասխանը ստանալու համար կստեղծվի աշխատանքային խումբ, և մենք համատեղ աշխատանքի շնորհիվ կպարզենք, թե որքանով «Օքթել» համակարգը կբարձրացնի ՃԿԿ-ի և 911 ծառայության արդյունավետությունը:  

Այս խորագրի վերջին նյութերը