Լրահոս

28.11.2012 16:18


Սերժ Սարգսյանը հանդիպել է Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Սերժ Սարգսյանը հանդիպել է Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ երեկոյան Բեյրութում հանդիպում է ունեցել Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Հանդիպման մասնակիցներին ուղղված իր ելույթում Նախագահը նշել է, որ մշտապես հպարտանում է Լիբանանի՝ ամուր, կենսունակ ու ստեղծագործ հայկական համայնքով և մեծ ուրախությամբ ու հոգու ջերմությամբ է ամեն անգամ այցելում Լիբանան, հանդիպում այնտեղ ապրող մեր հայրենակիցներին:

Հայ-լիբանանյան բարեկամությունը, Սերժ Սարգսյանի խոսքով, հիմնված է մի կարևոր սկզբունք-գաղափարի վրա` դա լիբանանահայերի հարգանքն է Լիբանան պետության և Լիբանանի պետության հարգանքը` հայի հանդեպ:

Հանրապետության նախագահը նշել է, որ հպարտ է նաև Լիբանանի կառավարությունում և խորհրդարանում հայազգի նախարարների և պատգամավորների ներկայացվածության համար և կոչ է արել լինել համախմբված ու գործել համակարգված:

«Լիբանանի հայ համայնքը եղել և շարունակում է մնալ Սփյուռքի հոգևոր կյանքի, ազգային-քաղաքական գործունեության կենտրոն, հայի լուսավորչական միտքը սնող երակ:

Ձեր համայնքը իրավատեր է փառահեղ պատմության: Մենք երախտապարտ ենք բոլոր այն նվիրյալներին, ում անխոնջ գործունեության, համառ ջանքերի շնորհիվ Լիբանանում պահպանվել, զարգացել և գործում են բազմաթիվ հայկական կազմակերպություններ, մշակութային ու հոգևոր կառույցներ, եկեղեցիներ ու կրթօջախներ, երիտասարդական, բարեգործական ու կանանց միություններ, հայագիտական կենտրոններ:

Դուք հարուստ եք, այո՛, հարուստ՝ հոգեպես և մշակույթով, հարուստ մարդկային ներուժով: Այս համայնքում կողք կողքի, այսքան արգասաբեր գործում են Հայ Եկեղեցու երեք հարանվանությունները՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը, Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց պատրիարքարանը և Հայ Ավետարանական եկեղեցին: Շնորհակալություն Ձեզ, հոգևոր Հայրեր, որ յուրաքանչյուրդ ձեր կրոնական համայնքում ծավալում եք ազգանվեր և հայապահպան գործունեություն, նպաստում եք համայնքի ազգային, մշակութային կյանքի վերելքին՝ սերմանելով սեր ու հավատարմություն հայության, հայրենիքի, հայոց պետականության հանդեպ»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Դիմելով հանդիպմանը ներկա հոգևորականներին, հասարակական գործիչներին, ուսուցիչներին, արվեստագետներին՝ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նրանց, որ համաշխարհայնացման այս ժամանակաշրջանում, հայրենիքից հեռու շարունակում են դաստիարակել հայախոս, հայրենասեր ու ազգասեր սերունդ. սերունդ, որի ճակատագիրն անքակտելի կապերով միահյուսված է ազգի ճակատագրին:

Հանրապետության ղեկավարը երախտագիտության արժանի է համարել Սիրիայի հայ համայնքի փրկությունը համազգային խնդիր համարող լիբանանահայության, Լիբանանի հայկական կազմակերպությունների վերաբերմունքն ու հոգածությունը Լիբանանում ապաստանած Սիրիայի մեր հայրենակիցների հանդեպ: Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունը նույնպես յուրաքանչյուր սիրիահայի կողքին է՝ թե՛ Սիրիայում և թե՛ Հայաստանում:

Լիբանանի հայ համայնքի հետ հանդիպմանը Նախագահը խոսել է նաև համայնքի մեծ ներուժի մասին, որի լիարժեք և արդյունավետ օգտագործումը հնարավորություն կտա արձանագրել նոր հաջողություններ հայ-լիբանանյան հարաբերությունների զարգացման, Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման, համազգային մյուս հիմնախնդիրների լուծման ճանապարհին:

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ լիբանանահայերը Հայաստանի կողքին են եղել 21-ամյա անկախ Հանրապետության բոլոր դժվարին պահերին: Արցախյան գոյամարտի, երկրաշարժի, արհավիրքների դժվար օրերին զորավիգ են եղել և սատարել Հայաստանին ու Արցախին, նպաստել մեր Հայրենիքի կայացմանը, աջակցել երկրի տնտեսական-քաղաքական առաջընթացին:

«Պետք է ուրախությամբ նշեմ, որ լիբանանահայերի շրջանում նկատվում է Հայրենիքի հանդեպ հետաքրքրության, վստահության աճ, որն արտահայտվում է նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար դիմումների աճով: Եթե 2010 թվականին ՀՀ քաղաքացիություն է ստացել ընդամենը 200-ից ավելի լիբանանահայ, ապա 2011թ. այդ թիվը գրեթե տասնապատկվել է, և այդ միտումը շարունակվում է առ այսօր: Իհարկե, հասկանալի է, որ Հայաստանի քաղաքացիություն ստանալը Հայաստանում մշտական բնակություն հաստատելը չէ. հայկական անձնագիրը ուղղակի իրավական կապն է պետության հետ: Անձնագիր, որը թե՛ իրավունքներ է ընձեռում և թե՛ պատասխանատվություն սահմանում:

Կարծում եմ, կհամաձայնեք, որ աշխարհում չկա որևէ երկիր, որտեղ բացակայում են խնդիրները: Հայաստանում էլ դրանք քիչ չեն: Սակայն, քիչ չեն նաև ձեռքբերումները: Այսօր, ճիշտ է, Հայաստանը շարունակում է զգալ ձեր կարիքը, բայց ի զորու է նաև աջակցել ու սատար լինել ձեզ: Մեր ժողովրդի նվիրական պետության կայուն զարգացումն ու վերելքն այլևս անշրջելի են: Մեր անկախ պետականության բոլոր նվաճումները նաև տասը միլիոն հայության աշխատանքի, պայքարի, ներդրման ու ջանքերի արդյունքն են: Հայրենիք-Սփյուռք գործակցությունն այսօր նոր բովանդակություն և ռազմավարական նշանակություն է ստացել»,-ասել է Հանրապետության ղեկավարը:

Նախագահ Սերժ Սարգսյանը լիբանանահայ համայնքի ներկայացուցիչների հետ խոսել է Հայաստանի արտաքին և ներքին օրակարգային կարևոր խնդիրների մասին, ներկայացրել առաջիկա ծրագրերը:

«Մենք պետք է կարողանանք ընթանալ ժամանակին համաքայլ և այսօր կերտել մեր սերունդների հայեցի ապագան, Սփյուռքի ու Հայրենիքի միասնական ապագան: Մենք բոլորս պետք է առաջնորդվենք ոչ թե «ինչո՞ւ ես», այլ՝ «ո՞վ, եթե ոչ ես» նշանաբանով»,-Լիբանանի հայ համայնքի հետ հանդիպմանն իր ելույթի ավարտին ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

 

Այս խորագրի վերջին նյութերը