Մեկնաբանություն

28.11.2012 15:31


Միշիկական քարոզչամեքենան «բուքսավատ» է անում

Միշիկական քարոզչամեքենան «բուքսավատ» է անում

Սերժ Սարգսյանին կից գործող գեբելսյան քարոզչամեքենայում օրերս հերթական խափանումն արձանագրվեց: Եթե լայն հասարակության համար դա աննշան թեմա է, ապա քաղաքական և մերձքաղաքական շրջանակների համար ուշագրավ ազդակ է:

Ինչպես հայտնի է, «Ֆեյսբուքում» տեղադրվել էին «քաղբանտարկյալ» և համատեղությամբ «Միշիկ.am»–ների կարկառուն ներկայացուցիչ Արման Բաբաջանյանին ուղեկցող ոստիկանական մեքենաների նկարները։ Դրանից անմիջապես հետո փեսայական կայքերից մեկ ուրիշը՝ «lragir.am»–ը, գուժեց Հայաստանից Ա. Բաբաջանյանի հեռանալու  մասին (փաստորեն, տղաները ամերիկյան էժանագին ֆիլմերի ազդեցության տակ են PR–ով զբաղվում):

Անկեղծ ասած՝ Արմանն «Անորսալի Ջոյի» կարգավիճակ ունի և որևէ մեկին չի հետաքրքրում, սակայն ամերիկյան կամ ավելի ճիշտ՝ հնդկական կինոյի ոճով նրա անհետացման ու հայտնության պատմությունը, տարատեսակ տեղեկատվական արտահոսքերը և հետագա զարգացումները  ստիպում են անդրադառնալ գեբելսյան քարոզչամեքենային, քանզի այդպիսով պարզ է դառնում, թե ինչ հոգեվիճակում է հայտնվել Սերժի փեսա Միքայել Մինասյանը, ով սիրում է «ընդդիմադիր» լրատվամիջոցների և «քաղաքացիականության» հետևում թաքնվելով՝ քարկոծել իշխանության տարբեր ներկայացուցիչներին՝ Գագիկ Բեգլարյանին, Գագիկ Խաչատրյանին, Հովիկ Աբրահամյանին, Կարեն Կարապետյանին, ՀՀԿ–ականներին, խոշոր բիզնեսմեններին ու բոլոր նրանց, ումից Միշիկն ուզում է Սերժի ձեռքերով կապիտալ խլել ու դառնալ հայկական թուրքմենբաշու ժառանգորդը: 

Ուշագրավ է, որ երբեմն–երբեմն Միշիկը «փչացնում» է նաև «ֆուտբոլասեր» աներոջը, քանզի վերջինս նույնպես կապիտալ ունի, իսկ թուրքմենբաշու ժառանգը չի համբերում և երազում է 2018թ. մասին, սակայն չի հասկանում, որ ուրբաթը շաբաթից շուտ է գալու, այն է՝ 2013թ. Միշիկի մուրազը փորն է մնալու՝ աները լավագույն դեպքում (եթե այդքան խելք ունենա) հայկական Յուշչենկո է դառնալու, ինչը նշանակում է, որ Միշիկի բանը բուրդ է լինելու։ Այդ ամենը կանխազգալով է, թերևս, նախագահի փեսայի կարգավիճակից օգտվելով երիտօլիգարխի վերածված Միշիկն ուզում «Արմավիան» ձեռք գցել, որպեսզի կարողանա քաղաքական իրավիճակի փոփոխության դեպքում արագ ճեղքել Հայաստանի օդային սահմանն ու հայտնվել, ասենք, Իտալիայում։ Ինչևէ։

Վերադառնանք գեբելսյան քարոզչամեքենային առնչվող հարցերին։

Եվ այսպես, բանակից խուսափելու նպատակով փաստաթղթեր կեղծած Ա. Բաբաջանյանը Հայաստանում դատապարտվում է ազատազրկման: Ներքաղաքական խառնաշփոթի մեջ նա ՀԱԿ-ի կողմից հռչակվում է քաղբանտարկյալ:  Ժամանակի ընթացքում, Միքայել Մինասյանի քարոզչամեքենայի կայացմանը զուգահեռ, Ա. Բաբաջանյանը «տակից» լծվում է այդ գործին` դառնալով ամենակեղտոտ ապատեղեկատվության և «վերլուծությունների» հիմնական տարածողը: Դարձյալ ներքաղաքական խառնաշփոթի կամ այլ գործոնների պատճառով նա դեռևս երկար ժամանակ կարողանում էր պահպանել ընդդիմադիրի և անաչառի իր կերպարը: Միայն հատուկենտ կայքեր և գործիչներ էին նկատում միշիկական տիրույթի գեղամյաններին։

Այդ ամենին, սակայն, վերջ դրեց ՀԱԿ–ը՝ պայթեցնելով «անկախ» համարվող «1in.am»–ին ու «Ժամանակ» թերթին։ Միշիկական լրատվամիջոցներին քողազերծելու բեկումնային պահը ՀԱԿ հանրահավաքում Լ. Զուրաբյանի ելույթն էր, որի ժամանակ նա բացահայտեց գեբելսյան քարոզչամեքենայի մաս կազմող լրատվամիջոցներից հիմնականներին՝ ՀԱԿ–ին տարանջատելով այդ «ընդդիմադիր» կայքերից ու թերթերից։

Բացահայտվելով ու արժեզրկվելով՝ միշիկական լրատվամիջոցները վայնասուն բարձրացրին, սակայն քիչ անց թուլացան ու սկսեցին հաճույք ստանալ։ Նրանց հիմնական թիրախը դարձան ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն. պատվերն արդեն բացահայտորեն էր կատարվում:

Նկատենք, որ ՀԱԿ–ը միակ կառույցը չէր, որը պայթեցրեց «Միշիկ.am»–ի առաջամարտիկ համարվող Արման Բաբաջանյանին պատկանող կայքի ու թերթի իրական դեմքը։ Ոստիկանական մեքենաների ուղեկցությամբ շրջելու տեղեկատվական արտահոսքը թույլ է տալիս ենթադրելու, որ այն տեղի է ունեցել իշխանության ներսում եղած տարաձայնությունների հետևանքով:

Բանն այն է, որ իշխանության ներսում էլ են տեսնում, թե ինչով է զբաղված «յուրային» Միքայել Մինասյանը և հակահարված են տալիս։ «Ֆեյսբուքում» հայտնված Արման Բաբաջանյանի թիկնապահ մեքենաների լուսանկարները, անշուշտ, ծանր հարված էր թիվ մեկ փեսայի համար: Պարզ է, որ դրանք «Ֆեյսբուք» գցած մարդիկ պատահական անցորդներ չեն եղել: Շատ հավանական է, որ Միքայել Մինասյանը  նյարդայնացրել է հենց այն ուժային կառույցին, որն էլ իրականացնում էր «ընդդիմադիր» խմբագրի անվտանգության ծավալուն ապահովումը:

Հետաքրքրական է, որ «Միշիկ.am»–ներից մեկը՝ «lragir.am»–ը, լուր տարածեց Ա. Բաբաջանյանի իբր արտագաղթելու մասին: Կարող էր նաև չտարածել, քանզի, մեծ հաշվով, Ա. Բաբաջանյանն այլևս ոչ մեկին պետք չէ։ Ոստիկանական թիկնազորի լուսանկարների հայտնվելով նրա անվանական արժեքը խիստ ընկավ՝ հաճախորդը «պալիտ» եղավ և լավագույն դեպքում կարող է վերաորակավորման անցնել Արտաշես Գեղամյանի մոտ:

Այս պահին Բաղրամյան 26–ը «1in.am»–ից ու «Ժամանակ» թերթից, պատկերավոր ասած, քամում է վերջին «սոկերը» և ամենաէժանագին նյութերն անցկացնում ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի դեմ, բայց դա արդեն վառված համար է։

Գեբելսյան քարոզչամեքենայի վերջին շրջանի գործունեության վերլուծությունը ցույց է տալիս, որ միշիկական տիրույթում առաջին ջութակի և «մուտիլովկաների» տարածման ֆունկցիան արդեն տրամադրվել է «lragir.am»-ին: Ու որքան էլ այդ կայքի անվանական գլխավոր խմբագիրը թաքնվի «Նաիրա Հայրումյան» անվան տակ, իսկ Թոլադի կարգավիճակ ունեցող նրա լրագրողն «օն լայն» ռեժիմով և տարբեր անուններով աշխատի «1in.am»–ի ու «lragir.am»–ի համար, միևնույն է, կոնսպիրոլոգիան չի փրկի, քանզի ամեն ինչ պարզ երևում է։

Իսկ թե ինչու է որոշվել «lragir.am»–ին առաջ բրդել, շատ պարզ է. Միքայել Մինասյանին արագ որոշում էր պետք՝ ցույց չտալու համար իր մանթրաժը: Սա նաև հեշտ  և տրամաբանական տարբերակ էր այն իմաստով, որ երկու կայքերում էլ առանցքային հոդվածների հեղինակը նույն մարդն է, ինչպես նաև նույնն  է նախագահականի կոորդինատորը` Սևակ Լալայան, ով ազատ ժամանակ ունենալու դեպքում Սերժ Սարգսյանի պարզունակ ելույթները գրելով է զբաղված:

Նախագահական ընտրություններին ընդառաջ՝ մենք ավելի հանգամանալից կներկայացնենք «Միշիկ.am»–ների, «Միշիկ–Press»–ների և «Միշիկ–TV»–ների գործունեության առանձնահատկությունները, «դհոլության» նրբությունները և աշխատանքային կոդերը։

Եկել է «ականները» վերջնականապես պայթեցնելու ժամանակը։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը