Լրահոս

27.11.2012 17:09


ՀԱԿ 2008թ. մարտյան դեպքերի կապակցությամբ խորհրդարանական նոր ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնության վերաբերյալ

ՀԱԿ  2008թ. մարտյան դեպքերի կապակցությամբ խորհրդարանական նոր ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնության վերաբերյալ

Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 28-ի նիստի օրակարգում է 2008թ.-ի մարտյան դեպքերի կապակցությամբ խորհրդարանական նոր ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամների հեղինակած որոշման նախագիծը: Քննարկման արդյունքում հանձնաժողովը պետք է ԱԺ-ին ներկայացնի իր եզրակացությունը` նստաշրջանի օրակարգի նախագծում այն ընդգրկելու վերաբերյալ:

«2008թ. մարտի 1-2-ին Երևան քաղաքում տասը անձանց սպանությունների, քաղաքացիական անձանց, ոստիկանության աշխատակիցներին ու զինծառայողներին հրազենային ու այլ մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքերով ՀՀ ոստիկանության, Հատուկ քննչական ծառայության և ՀՀ գլխավոր դատախազության ձեռնարկած միջոցառումների ու գործողությունների հիմնավորվածության և օրինականության հարցը ուսումնասիրող ՀՀ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» որոշման նախագծով առաջարկվում է հանձնաժողովը կազմավորել ԱԺ խմբակցությունների մեկական պատգամավորներից: Նախատեսվում է, որ հաձնաժողովն իր գործունեության արդյունքների մասին եզրակացությունը ԱԺ նիստում կներկայացնի մինչև 2013թ.-ի փետրվարի 4-ը:

Որոշման նախագծում ամրագրված հիմնավորմամբ, մասնավորապես, մինչ օրս բացահայտված չեն Երևան քաղաքում 2008թ.-ի մարտի 1-2-ին կատարված տասը սպանությունները, նաև հարյուրից ավելի անձանց հրազենային (գնդակային ու բեկորային) և այլ մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքերը: Նշվում է նաև, որ «թեև այդ դեպքերով հարուցված քրեական գործերի վարույթները կասեցված ու կարճված չեն, սակայն փաստացի, դրանցով ակտիվ ու նախաձեռնողական քննություն չի կատարվում»: Բացի այդ` կատարված չեն ԵԽԽՎ թիվ 1609, 1620, 1643 և 1677 բանաձևերի, ԵՄ 2012թ.-ի մայիսի 15-ի տարեկան զեկույցի՝ մարտի 1-2-ի իրադարձությունների անկախ, անկողմնակալ ու վստահելի հետաքննություն անցկացնելու, տեղի ունեցած մահվան բոլոր դեպքերը բացահայտելու ՀՀ-ին ուղղված պահանջները:

Նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ, մասնավորապես, ասված է. «Մարտի 1-2-ի դեպքերի ուսումնասիրման նպատակով 2008թ.-ի հունիսի 16-ին ստեղծված ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը և նրա կազմած եզրակացությունն այդպես էլ չարժանացան սպանվածների հարազատների, կառավարող կոալիցիայից դուրս գտնվող հայաստանյան քաղաքական ուժերի, հասարակության լայն շերտերի հավանությանը: Այդ եզրակացությունը չբավարարեց նույնիսկ ԵԽԽՎ մոնիտորինգի խմբի համազեկուցողներին: Այն գնահատվեց որպես մարտի 1-2-ի դեպքերի միակողմանի մեկնաբանություն և քիչ վստահելի»:

Ըստ ՀԱԿ պատգամավորների, իրենց նախագծով ստեղծվելիք հանձնաժողովն ուսումնասիրման առարկայով, հետապնդող խնդիրներով լիովին տարբերվում է նախորդ հանձնաժողովից. «Հիմնական տարբերիչ հատկանիշն այն է, որ այն սահմանափակվելու է սպանությունների, հրազենային ու մարմնական այլ վնասվածքներ հասցնելու դեպքերի հանգամանքների, դրանց պատճառների ու կատարմանը նպաստող պայմանների, այդ դեպքերին պետական կառույցների ու պաշտոնատար անձանց ունեցած առնչությունների ուսումնասիրմամբ և գնահատելու է ՀՀ ոստիկանության, Հատուկ քննչական ծառայության և ՀՀ գլխավոր դատախազության ձեռնարկած գործողությունների և կայացրած որոշումների օրինականությունն ու հիմնավորվածությունը»:

Այս խորագրի վերջին նյութերը