Լրահոս

27.11.2012 19:10


Մոսկվայում լույս է տեսել իտալացի հեղինակ Անտոնիա Արսլանի «Մշո գիրքը»

Մոսկվայում լույս է տեսել իտալացի հեղինակ  Անտոնիա Արսլանի «Մշո գիրքը»

 Մոսկովյան «Ռեկա վրեմյոն» հրատարակչությունում լույս է տեսել  իտալացի հեղինակ, Պադովայի համալսարանի պրոֆեսոր Անտոնիա Արսլանի «Մշո գիրքը» վեպի ռուսերեն տարբերակը:

 Հրատարակությունն իրականացվել է «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության և Մոսկվայում իտալական մշակույթի ինստիտուտի համատեղ ջանքերով` «Ռուս-հայկական համագործակցության գրադարան»  և «Bibliotheca Italica» մատենաշարերի շրջանակում: 

 Սա Հայոց ցեղապանության թեմայով Անտոնիա Արսլանի հերթական վեպն է: Հեղինակի առաջին գիրքը` «Արտույտների ագարակը», (2004) մեծ հաջողություն է ունեցել աշխարհի տարբեր երկրներում և 2007թ. էկրանավորվել է ռեժիսորներ Տավիանի եղբայրների կողմից: 2009թ. լույս է տեսել առաջին վեպի շարունակությունը` «Զմյուռնիայի ճանապարհը» գիրքը:

«Մշո գիրքը», որն այս տարվա ընթացքում արդեն երեք անգամ վերահրատարակվել է հեղինակի հայրենիքում, նվիրված է հայկական ամենամեծ ձեռագրի` «Մշո ճառընտիրի»  փրկության պատմությանը:

 Անտոնիա Արսլանի «Մշո գրքի» ռուսերեն հրատարակության շնորհանդեսը տեղի կունենա 2012թ. նոյեմբերի 30-ին, ինտելեկտուալ գրականության «Non fiction» մոսկովյան միջազգային տոնավաճառի ժամանակ:

Այս խորագրի վերջին նյութերը