Լրահոս

26.11.2012 13:28


«Ակտիվության 16-օրյակ ընդդեմ գենդերային բռնության»` համաշխարհային քարոզարշավ

«Ակտիվության 16-օրյակ ընդդեմ գենդերային բռնության»` համաշխարհային քարոզարշավ

Ամեն տարի գենդերային բռնության դեմ համընդհանուր շարժումն ավելի մեծ թափ է հավաքում: Ամբողջ աշխարհում ավելի ու ավելի շատ մարդիկ են իրենց ձայնը միավորում կանանց նկատմամբ բռնությանը «ՈՉ» ասելու համար` նոյեմբերի 25-ից մինչև դեկտեմբերի 10-ը մասնակցելով «Ակտիվության 16-օրյակ ընդդեմ գենդերային բռնության» քարոզարշավի շրջանակներում  անցկացվող տարբեր միջոցառումներին: 

16-օրյա քարոզարշավի արմատները հետ են գնում  20-րդ դար և հիմնված են երկու պատմական իրադարձությունների վրա: Առաջինը տեղի է ունեցել 1960 թ. նոյեմբերի 25-ին, Դոմինիկյան Հանրապետությունում, երբ իշխանությունները դաժանաբար մահապատժի ենթարկեցին քաղաքական ակտիվիստ չորս Միրաբալ քույրերից երեքին, ովքեր դարձել էին Թրուհիլյոյի ռեժիմի դեմ դիմադրության խորհրդանիշ: Երկրորդ իրադարձությունը տեղի է ունեցել 1989 թ.-ի դեկտեմբերի 6-ին, Կանադայում, երբ Մարկ Լեպին անունով 25-ամյա մի երիտասարդ կրակելով սպանեց Մոնրեալի համալսարանի ինժեներական ֆակուլտետի 14 ուսանողուհիների: Այս մարդասպանը վստահ էր, որ այդ ֆակուլտետ իր չընդունվելու պատճառը իգական սեռի ուսանողների քանակն էր: Այս անմարդկային արարքները սկիզբ դրեցին երկու համաշխարհային քարոզարշավների` «Ակտիվության 16-օրյակ ընդդեմ գենդերային բռնության» և «Սպիտակ ժապավենի քարոզարշավ», որը կանադացի տղամարդկանց աննախադեպ նախաձեռնությունն էր: Ավելի ուշ, 1999 թ.-ին, Միավորված ազգերի կազմակերպությունը պաշտոնապես ճանաչեց նոյեմբերի 25-ը` որպես «Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օր»: Այդ օրով էլ սկսվում է 16-օրյա քարոզարշավը, որը տևում է մինչև դեկտեմբերի 10-ը` «Մարդու իրավունքների միջազգային օրը»:

Ներկայում քարոզարշավն ընդգրկում է հետևյալ օրերը.

  • Նոյեմբերի 25 - Կանանց նկատմամբ բռնության վերացման ՄԱԿ-ի միջազգային օր
  • Դեկտեմբերի 1- ՁԻԱՀ-ի համաշխարհային օր
  • Դեկտեմբերի 2 – Ստրկության դեմ պայքարի միջազգային օր
  • Դեկտեմբերի 6 – Մոնրեալի կոտորածի օր, և
  • Դեկտեմբերի 10 – Մարդու իրավունքների միջազգային օր

1991 թ.-ից ի վեր, ավելի քան 3700 կազմակերպություններ մոտ 164 երկրներում մասնակցում են ամենամյա «Ակտիվության 16-օրյակ ընդդեմ գենդերային բռնության» համաշխարհային քարոզարշավին, որը կոչ է անում վերացնել բոլոր տեսակի բռնությունները կանանց նկատմամբ: 2000 թ.-ին քարոզարշավն առաջին անգամ ներկայացվեց կովկասյան տարածաշրջանում:

Շարունակելով 2000-2011 թթ.-ին հաջողությամբ պսակված քարոզարշավների շարքը` ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը նախաձեռնում է 2012 թ. «Ակտիվության 16-օրյակ ընդդեմ գենդերային բռնության» քարոզարշավը: Այն կոչված է մեկ անգամ ևս հնչեցնելու գենդերային բռնության հիմնախնդրի կարևորությունը և ներգրավելու ավելի մեծ թվով մասնակիցներ` այդ թվում պետական կառույցներ, ԶԼՄ-ներ, քաղաքացիական հասարակության և միջազգային համայնքի ներկայացուցիչների, ինչպես նաև հասարակության լայն շրջանակներին:

Յուրաքանչյուր տարի կանանց իրավունքների պաշտպանների հետ խորհրդակցությամբ մշակվում է քարոզարշավի համաշխարհային թեման և կարգախոսը: 2012 թ.-ի քարոզարշավի կարգախոսն է «Տանը խաղաղությունից, մինչև խաղաղություն աշխարհում. պայքարենք միլիտարիզմի դեմ և վերջ դնենք կանանց նկատմամբ բռնությանը»: Հրավիրում ենք բոլորին մասնակցել քարոզարշավին:

Այս խորագրի վերջին նյութերը