Լրահոս

24.11.2012 14:07


Հայաստանի և Արցախի պատգամավորները հանդիպել են

Հայաստանի և Արցախի պատգամավորները հանդիպել են

Նոյեմբերի 24-ին ԼՂՀ Ազգային ժողովի փոխնախագահ Արթուր Թովմասյանի մոտ տեղի է ունեցել ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավորական խումբ-խմբակցությունների ներկայացուցիչների հանդիպումը ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի՝ նախօրյակին աշխատանքային այցով ԼՂՀ ժամանած պատվիրակության հետ։ Այդ մասին տեղեկացնում են ԼՂՀ ԱԺ մամլո ծառայությունից:

Պատվիրակության կազմում են Նիկոլ Փաշինյանը (ՀԱԿ), Տիգրան Ուրիխանյանը (ԲՀԿ), Կարեն Բոթոյանը (ՕԵԿ) եւ Սամվել Ֆարմանյանը (ՀՀԿ):  

Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Ղարաբաղ միջխորհրդարանական համագործակցության ընթացքն ու զարգացման խնդիրները՝  խորհրդարանական դիվանագիտության համատեքստում։

Գոհունակություն հայտնելով հայաստանցի գործընկերների այցի կապակցությամբ, ԱԺ փոխնախագահն այն գնահատեց որպես Հայաստան-Արցախ միջխորհրդարանական համագործակցության շրջանակներում իրականացվող  ուշագրավ ձևաչափով միջոցառում։

Պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Սամվել Ֆարմանյանն իր հերթին կարևորեց այդ, ինչպես նաև նախորդ օրը ԼՂՀ նախագահի և ոչ կառավարական կազմակերպությունների խորհրդի անդամների հետ արդեն կայացած հանդիպումների նշանակությունը Եվրոպայի միությունում իր և գործընկերների գործունեության ասպարեզում, առանձնապես, կապված ղարաբաղյան հիմնահարցի և նրան առնչվող խնդիրների հետ։ 

Հանդիպման մասնակիցները, կարևորելով հայկական երկու խորհրդարանների միջև տարբեր ձևաչափերով նման հանդիպումների հաճախակի կազմակերպման անհրաժեշտությունը, հանդես եկան մի շարք տեսակետներով, նկատառումներով և գործնական առաջարկություններով։  

Այս խորագրի վերջին նյութերը