Մեկնաբանություն

22.11.2010 16:54


«Ստեղից փախնողը կփրկվի՞»

«Ստեղից փախնողը կփրկվի՞»

Հայաստանում արդեն մի քանի տարի շարունակ ՝ սկսած 2006թ., գործում է Ռուսաստանի միգրացիոն դաշնային ծառայությունը: Սակայն այս ծառայության ու իրականացրած գերխնդրի մասին վերջին ժամանակներս հատկապես շատ են խոսում: Գյումրիում և Շիրակի մարզում բնակիչներն իրար են փոխանցում կամ նվիրում բրոշյուրներ, գրքույկներ, տեսաձայներիզներ, որոնք պատմում են 2006թ.-ից գործող և «Հայրենակիցներ» կոչվող ռուսական միգրացիոն այս ծրագրի մասին: Պայմանները, անշուշտ, գայթակղիչ են: Մեկնել կամեցողներին ծրագրով ապահովում են աշխատանքով, բնակության վայրով, սկզբի համար որոշակի գումար են տալիս, շատ կարճ ժամանակահատվածում՝ մոտ 6 ամսում լուծում քաղաքացիության հարցը: Աշխատանք չունեցող և ցածր կենսամակարդակ ունեցող Շիրակի մարզի բնակչությանը շատ հեշտ է գայթակղել նման առաջարկներով, ուստի ծրագրին դիմողների պակաս չի զգացվում:

-Ես իմ Հայաստանը շատ եմ սիրում, բայց ստեղից փախնողը կփրկվի: Հիմնական պատաճառն այն է, որ աշխատանք չկա, մարդիկ չեն կարողանում ապրել: Ես մեծ հաճույքով այդ ծրագրով կհեռանայի Հայաստանից,-ասել է Գյումրու բնակչուհի Կարինե Ոսկանյան:

Կարինե Ոսկանյանի պես մտածող քաղաքացիները քիչ չեն: Օրինակ, Կիմա Հակոբյանը, նրա երեք որդիներն արդեն քանի տարի առանց գրանցման ապրում ու աշխատում են Ռուսաստանում: «Որ գրացում ստանան, առանց հետ նայելու ես էլ նրանց կմիանամ»,-ասել է Կիմա Հակոբյանը:

«Աշխատանք չունեցող այսպիսի քաղաքացիների համար էլ գործում է Ռուսաստանի միգրացիոն ծառայությունը: Ապահովելով շահավետ պայմաններ՝ Ռուսաստանն իրականացնում է իր կառավարության ներքին ծրագիրը»,-համոզված է Շիրակի մարզպետարանի աշխատակազմի սոցիալ-տնտեսական վարչության պետ Ռաֆիկ Փոթինյանը: Նա միաժամանակ համոզված է, որ սրանով Հայաստանի ժողովրդագրական պատկերը լուրջ փոփոխություն չի կրելու, քանի որ ըստ իր անձնական դիտարկումների՝ ծրագրին դիմողները շատ չեն։

-Դա մասայական բնույթ չի կրելու։ Առանձին դեպքեր հնարավոր է, որ լինեն, ու կան, գիտենք: Եթե էն պահը գա, որ մարդիկ մեծ ծավալներով արտագաղթեն, ժողովրդավարական խնդիր կունենանք: Բայց ես կարծում եմ, որ էն պահը չէ, որ ասենք՝ լուրջ խնդիրների առաջ կանգնեցինք,-կարծիք է հայտնել Ռաֆիկ Փոթինյանը:

Ռուսաստանյան պետական այս ծրագրի շրջանակներում Հայաստանում ՌԴ միգրացիոն ծառայության կողմից ՀՀ քաղաքացիներին վերջին երեք տարվա ընթացքում 500 վկայական է տրամադրվել: Իսկ միայն անցած հոկտեմբեր-նոյեմբերին շուրջ 100 դիմում է ներկայացվել: Սա՝ ըստ Հայաստանում ՌԴ միգրացիոն ծառայության ներկայացուցչության տվյալների: Ու հետաքրքիրն այն է , որ 2006թ. գործող ծրագրի մասին մեծ հետաքրքրություն առաջացել է հատկապես վերջին շրջանում:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը