Լրահոս

23.11.2012 16:50


Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբայր Գևորգ Ղուկասյանի հայտարարությունը

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբայր Գևորգ Ղուկասյանի հայտարարությունը

Ս/թ նոյեմբերի 22-ին Գյումրու ավագանու նիստում շրջանառության մեջ դրվեց «Չայկա» մակնիշի ավտոմեքենայի արժեքի հետ կապված հարցը` չեղյալ համարելով Գյումրու նախորդ ավագանու որոշումը:

Ես՝ Գևորգ Ղուկասյանս, ով հանդիսացել է ավտոմեքենայի գնորդը, հարկ եմ համարում նշել, որ այն, իսկ ավելի ճիշտ դրա ջարդոնը, ձեռք եմ բերել եմ 100.000 դրամ գումարով:

Վստահաբար կարող եմ ասել, որ եթե այդ մեքենան իրենից որևէ արժեք ներկայացներ, ապա 1996 թվականից չէր մնա կայանված անհայտ վայրերում և չէր հասնի մեր օրերը: Այն զրոյական արժեքով է հաշվառված եղել Գյումրու քաղաքապետարանի հաշվեկշռում և միայն 1999 թվականից հետո այն գույքագրվել է:

«Չայկա» ավտոմեքենան ձեռք բերելուց հետո, իմ կողմից իրականացվել են ավտոծածկոցների և դռների փոփոխում, շարժիչի տեղադրում, մեքենայի մակերեսի մշակում հատուկ նյութերով, զոդում,ապա` ներկում: Ընդհանուր առմամբ իրականացվել է 2, 5 մլն. դրամ արժողությամբ աշխատանք, որից հետո մետաղյա այդ ջարդոնը նմանվել է մեքենայի: Դա փաստեցին մեքենայի այն լուսանկարները, որոնք սփռվել էին էլեկտրոնային և տպագիր լրատվամիջոցներով:

Ի դեպ, 2006 թվականին այդ մեքենան լիցենզավորված այլ կազմակերպության կողմից գնահատվել է 300.000 դրամ:

Վերոնշյալ աշխատանքներից հետո, ավտոմեքենան այժմ գուցեև արժենա 4 մլն.դրամ: Կրկնակի գնահատող կազմակերպությունը դա դիտել է որպես արժեքավոր գույք: Մինչդեռ գնահատումը պետք էր կատարել որպես մնացորդային արժեք ներկայացնող գույք:

Եթե շարժվենք այդ տրամաբանությամբ, ապա Գյումրու հաջորդ իշխանությունները և ավագանին պետք է չեղյալ համարեն 400.000 դրամով Գարեջրի գործարանի և նրան կից «Կումայրի» արգելոցի նախկին վարչական շենքերի տրամադրման որոշումները և արդեն այլ գնով օտարեն դրանք: Դրանց գինն այսօր կարող է գերազանցել 10 մլն. ԱՄՆ դոլարը:

Լավ կլիներ, որ մարդիկ սկսեն աշխատանք իրականացնել հանուն քաղաքի և ոչ թե զբաղվեն բամբասանքով:

Մամուլում տարատեսակ շահարկումներից խուսափելու համար , նպատակահարմար գտա ներկայացնել սույն պարզաբանումը:

Գեւորգ ՂՈՒԿԱՍՅԱՆ

Այս խորագրի վերջին նյութերը