Լրահոս

22.11.2012 15:38


«Հակահարվածի» անդամների նկատմամբ ոստիկանությունում ճնշումներ են գործադրում. ահազանգ

«Հակահարվածի» անդամների նկատմամբ ոստիկանությունում ճնշումներ են գործադրում. ահազանգ

ՀԱԿ ակտիվիստ Արեգ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ «Հակահարված» խմբի անդամների նկատմամբ, որոնց ԵՊՀ–ում հերթական ակցիան իրականացնելուց հետո տեղափոխել են ոստիկանության Կենտրոնի բաժին, ճնշումներ են գործադրում։

«Ո՞վ կարող է իջեք Կենտրոնի ոստիկանություն։ Հակահարվածի անդամներին հրավիրել են իբր հաղորդում տալու, սակայն այժմ նրանք գտնվում են բերման ենթարկվածների կարգավիճակում, ոստիկանների կողմից նրանց նկատմամբ ճնշումներ են գործադրվում»,–գրել է Արեգ Գևորգյանը։

Իսկ «iLur.am»-ի հետ զրույցում «Հակահարված» art խմբի անդամ Լուսինե Հայրապետյանը հայտնել է, որ իրենց ակցիայի ժամանակ ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկանի տեղակալն ու Երևանի պետական համալսարանի անվտանգության աշխատակիցներն ընդհատել են ակցիան ու ծեծել ակցիայի կազմակերպիչներից մեկին:

«Փորձում էինք ակցիա իրականացնել, չորս հոգով ներս մտանք «Սև շենք» ու փորձում էինք բարձրաձայնել, որպեսզի ուսանողությունը ոտքի ելնի, դեմ գնա կառավարական ռեժիմին: «Չենթարկվել ռեժիմին». անընդհատ այս արտահայտությունն էր կրկնվում, ու հանկարծ դեկանը ու մի քանի ԵՊՀ աշխատակիցներ մոտեցան ու սկսեցին գոռալ, արտակարգ վիճակ ստեղծվեց, ու սկսեցին ծեծել ակցիայի կազմակերպիչներից մեկին»,- ասել է Լուսինեն՝ հավելելով, որ ակցիայի ժամանակ ոչ մի ավելորդ բան չի եղել, այն տեղի է ունեցել դասամիջոցի ժամանակ:

Փոխարենը պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը հերքել է, որ իրենց կողմից բռնի ուժ է կիրառվել։

«Այ մարդ, էդպիսի բան չի եղել, ես հո վայրենի չե՞մ: Ես ո՞ր մի ուսանողի նկատմամբ նման բան կարող եմ կիրառել: Իրենք են մտել, դասերը խանգարում են: Սուտ բաներ են տարածում, որովհետև իրենք էին հրմշտում էրեխեքին, էրեխեքն էլ հրմշտեցին, որ դուրս հանեն դրանց: Մտել են կորպուս ու միկրոֆոններով ձեռքների կոչ էին անում տապալել և այլն, և այլն, դասն էին խանգարում: Ես էլ դուրս եկա, ասում եմ՝ հասկացեք, հիմնարկ է, դաս ենք անում և այլն, ասում է՝ բա դուք ով եք, ու գնում առաջ: Ես էլ էրեխեքի հետ դուրս եկանք, որ չի կարելի, էլի, դուրս եկեք, բայց որևէ միջադեպ, ծեծկռտոց, բան, տենց բաներ չի եղել»,–պնդել է դեկանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը