Լրահոս

22.11.2012 00:17


Ռաֆայիլ Զինուրովի «Հայաստան. հազարամյակների ուղի» գրքի շնորհանդեսը

Ռաֆայիլ Զինուրովի «Հայաստան. հազարամյակների ուղի» գրքի շնորհանդեսը

«Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության հրավերով նոյեմբերի 22-26-ը Հայաստանում է գտնվելու  Բաշկիրիայի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռաֆայիլ Զինուրովը:

Այցը տեղի է ունենալու նրա` «Հայաստան. հազարամյակների ուղի» գրքի առաջին հատորի շնորհանդեսի առիթով: Շնորհանդեսը կկայանա  նոյեմբերի 23-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում: Այն համատեղ կազմակերպում են ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը, Պատմության ինստիտուտը և մոսկովյան «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպությունը:

Նոյեմբերի 22-ին Ռաֆայիլ Զինուրովին կընդունի ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը:

Բաշկիրիայի Ազգային Ժողովի նախագահի տեղակալ Ռաֆայիլ Զինուրովը իրավագիրության դոկտոր է, «Եդինայա Ռոսսիա» կուսակցության անդամ:

Նրա «Հայաստան. հազարամյակների ուղի» գիրքը հայոց պատմության չափածո շարադրանքն է հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը` հիմնված հայոց պատմիչների աշխատությունների վրա: Առաջին հատորը հասնում է մինչև հայոց գրերի գյուտը: Ներկայումս մոսկովյան «Յունիպրես» հրատարակչությունում ընթացքի մեջ են երկրորդ և երրորդ հատորների տպագրման աշխատանքները:

Գրքի մոսկովյան շնորհանդեսը 2011թ. ապրիլին տեղի է ունեցել Ռուսաստանի պետական գրադարանում, Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան Պետական համալսարանի Ասիայի և Աֆրիկայի ինստիտուտի և «Ռուս-հայկական համագործակցության» համատեղ կազմակերպմամբ

Ռաֆայիլ Զինուրովի գիրքը և դրա ներկայացման արձագանքը հայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցության շրջանակներում Հայաստանի և Բաշկիրիայի միջև համագործակցության հաստատման խթան է հանդիսացել: Ներկայումս ընթացքի մեջ է Բաշկիրիայի նախագահի` Հայաստան այցելության նախապատրաստումը:

Բաշկիրիայում բնակվում է ավելի քան 20  հազար հայ, Ուֆայում 2001 թվականից գործում է հայկական կիրակնօրյա դպրոց: Բաշկիրիայի իշխանությունների կողմից հայ համայնքին Ուֆայում հող է հատկացվել հայկական եկեղեցի կառուցելու համար:

Այս խորագրի վերջին նյութերը