Լրահոս

19.11.2012 22:23


Հայոց գրատպության 500-ամյակը նշվում է նաև ռուսաստանյան գիտական ու համալսարանական կենտրոններում

Հայոց  գրատպության 500-ամյակը նշվում  է նաև  ռուսաստանյան գիտական ու համալսարանական  կենտրոններում

Հայաստանում և  հանրապետության սահմաններից դուրս  շարունակվում են հայոց գրատպության 500-ամյակին նվիրված  հոբելյանական  միջոցառումները` հայատառ տպագիր գրականության կեսհազարամյա  տարեդարձը վերածելով  նաև   ազգային գրավոր մշակույթին  նվիրված    հայ և  այլազգի մասնագետների կողմից գիտական քննարկումների  մի ամբողջ   շարքի: Հայ գրատպության 500-ամյակին  նվիրված միջոցառումների շրջանակում վերջերս  Ռուսաստանի դաշնությունում`  Ռյազանի  Սերգեյ  Եսենինի անվան պետական համալսարանում,  տեղի է ունեցել  ազգային գիտագործնական  համաժողով: Այն   կազմակերպվել  էր   Ռյազանի հայ համայնքի և համալսարանի   համատեղ   նախաձեռնությամբ  ու  Ռուսաստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ: Համաժողովին ռուս   գործընկերների հետ մասնակցել և զեկուցումներով հանդես են եկել Հայաստանից ժամանած պատվիրակության անդամները`  Երևանի պետական լեզվաբանական համալսարանի պրոռեկտոր Լ. Ֆլջյանը, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Է. Մինասյանը, ռուսական լեզվաբանության ֆակուլտետի դեկան Պ. Բալայանը և հայ բանասիրության  ֆակուլտետի դեկան Ա. Ավագյանը: Համաժողովը   վարել է  Ռյազանի համալսարանի ռեկտոր Ի. Շեինան, ելույթներով հանդես են եկել Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանի միջազգային հարաբերությունների և սոցիալ-քաղաքական գիտությունների ֆակուլտետի համաշխարհային մշակույթի ամբիոնի վարիչ Մ. Պոլետաևան, ՌՊՀ պատմության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետի պրոֆեսոր Յա. Կոլկերը, ՌՊՀ   Եսենինի անվան  գիտական կենտրոնի ղեկավար Օ. Վորոնովան, ՌՊՀ ռուսական լեզվաբանության և ազգային մշակույթի ֆակուլտետի պրոֆեսոր Ա. Սոլովյովը: Համաժողովին   մասնակցել են ոչ միայն  ռուս համալսարանականներ  ու գիտնականները, այլև  Ռյազանի մարզային կառավարության, Դումայի և քաղաքապետարանի ներկայացուցիչները:

Այս խորագրի վերջին նյութերը