Նախքան Ուրուգվայի խորհրդարանի ներկայացուցիչների պալատի նախագահ Խավիեր Օրիկոյի Ղարաբաղ գալը, մեզնից ոչ ոք չգիտեր, որ Ղարաբաղն ու Ուրուգվայը շատ ընդհանուր բաներ ունեն: Այս նմանությունը տեսավ միայն Ղարաբաղի նախագահը՝ Օրիկոյի հետ հանդիպման ժամանակ:
Հարավային Ամերիկայի այս մերձարևադարձային երկիրը, մինչ Ղարաբաղի հետ աղերս ունենալու պահը երբևէ որպես երկիր, աշխարհագրության դասերից հետո չէր հետաքրքրել ինձ, իսկ աշխարհագրության վերջին դասն ավարտվել է 1987-ի ուշ գարնանը:
Ատլանտիկ օվկիանոսի ափին տեղավորված լատինաամերիկյան Ուրուգվայն իր օվկիանոսային ճակատագիրն ակնհայտորեն չի կիսել Ղարաբաղի հետ, հակառակ դեպքում փոքրիկ, անագե տոկուն զինվորիկի նման Ղարաբաղ երկիրը այլ ճակատագիր կունենար ու Լաչինի միջանցքը հույսի արահետ չէր դառնա: Այսպիսով, օվկիանոսը չէ նմանությունը:
Ուրուգվայի կլիման մերձարևադարձային-օվկիանոսային է, և երբ Ղարաբաղում դրախտային ամառ է՝ 25-30 աստիճան ջերմաստիճանով, մեր բարեկամ Ուրուգվայում ջերմաստիճանը 8-9 աստիճան է լինում, ու երեխաների ամառային արձակուրդները էապես տարբերվում են: Իսկ երբ Մռավի լեռներին ձյունը նստում ու ջերմաստիճանն իջնում է մինչև մինուս տարբեր աստիճաններ, ու ձյունը մնում է մինչև ապրիլ ամիս, մեր բարեկամ Ուրուգվայում 24 աստիճան ջերմություն է:
Փորձենք գտնել այլ նմանություններ:
Հարևանները: Ուրուգվայի դուռ դռան հարևանը Արգենտինան, Բրազիլիան ու օվկիանոսն են` Ատլանտիկ մեծ օվկիանոսը: Երանի թե: Կարծես թե նման չէ:
Ուրուգվայը Լատինական Ամերիկայի տնտեսապես զարգացած երկրներից է, որը 2008-ին արտահանել է յոթ ու կես միլիարդ դոլարի միս, բրինձ, կաշի, բուրդ, հալվա, նարինջ: Հիմնական գնորդներն են Բրազիլիան, Չինաստանը, Արգենտինան, Գերմանիան, Մեքսիկան, Նիդերլանդները, Ռուսաստանը: Ներմուծում է նավթ, նավթամթերք, թուղթ, պլաստմասա, արդյունաբերական սարքավորումներ: Չնմանվեց:
Ճակատագրով գուցե ի նկատի ուներ ղեկավարը` դժվար է ասել … Ուրուգվայում նախքան իսպանացիների թափանցումը ապրում էր հնդկացիների «չարուա» ցեղը, իսկ իսպանացիների գալուց հետո՝ 1825-ից հռչակվել է երկրի անկախությունը: Տակավին վերջերս:
Իսկ Ղարաբաղը…Ղարաբաղը արտառոց, փոքր, կտրուկ երկիր է…
Աշխարհի ամենաաթեիստ ժողովրդով երկիրը, որտեղ երեխա լողացնելիս ջուրը գլխին լցնելով տատերը քթի տակ ասում էին «աստուծ քիրաստուս»՝ անբացատրելի իրար խառնելով «աստված” ու «Հիսուս» և «Քրիստոս» բառերը` նմանեցնելով, տրամաբանություն գտնելով հավանաբար ավելի նախնիների արտասանած «հիսուս քրիստոսի»:
Աշխարհի ամենափառասեր ժողովուրդը, որ պատերազմի գռեհկություններից ու արժեփոփոխություններից հետո էլ շարունակում է ֆիզմաթ դպրոցում բնածին տաղանդներ տալ`գյուղում ծնված, քաղաք չտեսած, ամաչկոտ, փակ, համրության աստիճան լուռ, բայց վիրտուոզ խնդիր լուծողներ, որոնք լուծելուց հետո էլ ամաչում են ասել, որ լուծել են:
Ամենաէքսցենտրիկ բակային կռիվներով երկիրը, որտեղ կռվից հետո մտածում ես արյուն է թափվելու, իսկ նրանք մի շաբաթ հետո միասին հաց են թխում ու միասին, համերաշխ քննարկում իրենց այլանդակ կռվի մանրամասները` ընթացքում գտնելով նոր ընդհանուր թշնամի, որ հաշտությունն ավելի ամուր լինի:
Երկիր, որի մասին Վանո Սիրադեղյանն ասում էր «իրենց նախադուներից եկած….», բայց «նախադուները» հիմնական «սուփրան» չէր ղարաբաղցու, դա մի մասի` չնչին մասի կենսակերպն էր: Իսկ հիմնական «սուփրան» խոտի վրա բացվող տնից բերած խաշած ձուն էր, հավը, հացը, թթի օղին ու պանիրը, որ քառանկյուն փաթաթված էր գլխաշորի մեջ: Խնդողնի կարմիր գինին էր, որ համարյա երբեք չէր հարբեցնում:
Այս երկրում ամեն մարդ գեղարվեստական գրքի նյութ է, գունեղ`կոմիկականը ողբերգականին սահուն խառնած, գրական պերսոնաժի նախատիպեր:
Խորհրդային տարիներին շրջկենտրոնից եկել էի գյուղի ամենակորած, չքավոր, խեղճուկրակ կոմբայնավարին հանուն հավասարության սևեռուն գաղափարի` ՍՍՀՄ պատգամավոր առաջադրելու մասին տեղյակ պահելու: Ընտրյալը` հոգնած կոմբայնավարը, տունդարձին «Վոլգա» մակնիշի մեքենանան իրենց ցախապատ բակի առաջ տեսնելով՝ կորցնում է անկուսակցական կոմբայնավարի իր հովվերգական հանդարտությունը և առաջին ու միակ միտքը, որ արտադրում է ապագա պատգամավորի գլուխը` մեքենայի լուսարձակները հանելն էր: Հանում է: Իմանում են: Ստիպված ընտրում են հաջորդ գյուղի կոմբայնավարին…
Ղարաբաղի նույն գյուղից երկու հոգի բոլորովին պատահաբար հայրենական պատերազմի տարիներին հանդիպում են գերմանական օկուպացիայի մեջ, մեկը որպես գերի, մյուսը՝ որպես պոլիցայ: Պոլիցայը դաժան է լինում ,գերին` իմաստուն մարդ: Երկուսն էլ ողջ են մնում ու երբ գյուղ են վերադառնում, գերին ոչ մի բան չի պատմում, որ համագյուղացու կյանքը չապականի… Ապրում է երկար, երկար`առանց վրեժի ու դառնության… Պոլիցայի մահից հետո, մի օր խմում ու պատմում է … ու բացատրում, որ մեղք էր էդ մարդը, էսքան տարի վախը սրտում ապրեց:
Ղարաբաղում վիշտը տարօրինակ են ապրում: Ղարաբաղում վիշտը «ապրում են»: Ղարաբաղում վիշտը ոտքի վրա են ապրում մի տեսակ: Ապշելու կենսունակությամբ են թաղում, լացում, տառապում ու ապրում: Ուրուգվայում չգիտեմ ինչպես է:
Ղարաբաղում միմյանց մարմնական թերությունները դարձնում են գրականություն, սուր գրականություն ու չեն նեղվում դրանից, ստեղծում են մարմնական արատների բանահյուսություն ու արատը չեն զգում, որովհետև արատը դառնում է հանրության ունեցվածքը, դադարում է պատկանել մեկին ու այդ մեկը էլ չի նեղվում: Ուրուգվայում չգիտեմ ինչպես է:
Ղարաբաղում քանակ նկարագրելու համար հաճախ ասում են «մին խիլլա», որը պարսկերեն նշանակում է «շատ»: Այս բառը քանակական թվականին փոխարինում է շատ հետաքրքիր կոնտեքստներում, օրինակ, որ հարցնում ես Վիտալի Բալասանյանը քանի ձայն հավաքեց `պատասխանում են` «մին խիլլա», որ նշանակում է`շատ… Աշխարհում ոչ մի տեղ, նաև Լատինական Ամերիկայի Ուրուգվայ պետությունում քվեարկած ձայների այսպիսի ամփոփում չկա:
Համով, ինքնածաղրով ու աշխարհի հանդեպ իրոնիկ ու մռու հումորով լիքը խոսք ունի Ուրուգվայի բարեկամ Ղարաբաղը: Գյուղի սեղանապետին «հետայսու» բառը երկու անգամ օգտագործելուց հետո ցմահ վերանվանել էին «հետայսու», ու տարիքն առած մարդու անունը միայն ծննդականն էր հիշում: Հիշողության խնդիր ունեցող ծեր բժշկի հետ, որը միմիայն գրական հայերենով էր խոսում, դաշտից եկած հոգնած հնձվորը ծույլ, իմիջիայլոց հումոր է անում այնպես, որ կարծես սցենարը Մաթևոսյանի գործերի հիման վրա է գրված, իսկ Մալյանը նկարում է: Հնձվորն ասում է. «Բժի՛շկ, մին ճար ըն ասալ`աունը «կարբոնիում նալդիբանդի», լսած կա՞ս»: Բժիշկը, խամրած հիշողությունը կարգի բերելով, լարում է մնացած ուղեղը, մտածում ու ասում է .«Ո՛չ, ես ծանոթ չեմ այդ դեղին»:
Արևին «իրիքնակ» են ասում, դժվար պահերին ասում են «Զինքյըդ հըվաքե», որ գրաբարյան «զինք»-ն է, լուսնին «լուսնինգյա» են ասում, որ «լուսնկա»-ն է, իսկ «գերեզմանին» ասում են «հանգիստ»: Հանգստանում են մեռնելուց հետո միայն, իսկ մինչև էդ ապրում են տասը մատով կյանքի երակը բռնած, կռվում են, բամբասում են, շուտ-շուտ սիրահարվում են, դավաճանում են ու ներում են իրար, ստեղծում են, հենց էնպես մի օր չեն ապրում, հավեսով են ապրում`կյանքին կպած: Երբեմն թվում է ղարաբաղցիներն ընկճախտ չեն ունենում: Իհարկե, եթե իրենց երկրից դուրս չեն գալիս, որովհետև իրենց երկրում է, որ կյանքն իրենց հագով է: Ուրուգվայում անկեղծ ասած չգիտեմ ինչպես է:
Մառախուղին ասում են «քշաթոխպ». «քաշ» նշանակում է «ցածր», «թոխպը»`ամպ: Երբ ամպը ցածրանում է, այդ անագե զինվորիկի նման տոկուն երկիրը գոտկատեղից վերև էլ չի երևում: Դառնում է ավելի անհասկանալի ու ավելի անիրական`համարյա Ուրուգվայի նման անիրական: Իսկ քշաթոխպը այնքան է իջնում ու մոտենում մարդուն, որ նրան ընդառաջ գնալիս զգում ես՝ ոնց է սողոսկում մեջդ ու դու էլ մշուշոտում ես:
Ուրուգվայը դեռ չի ճանաչել Ղարաբաղի անկախությունը: Բայց այս առիթով մեծ հույսեր հայտնեցին: Մերոնք հայտնեցին: Ղարաբաղում քչերն իմացան, որ Ուրուգվայից եկել է Խավիեր Օրիկոն: Ուրուգվայում էլ քիչ մարդ իմացավ, որ չճանաչված անկախություն կա, որ Օրիկոն բացակայում է երկրից: Այցը չնվազեցրեց անագե տոկուն զինվորիկի պես այս երկրի տագնապները, չավելացրեց ուրախությունը: «Մինակ կըռըվ չընգե»` կասեն ղարաբաղցիք՝ միայն կռիվ չլինի, իսկ «քշաթոխպը» կծածկի ամեն ինչ` բոլոր խելոք ու հիմար բաները ու երբ հետ քաշվի, գուցե կերևան Ղարաբաղի և Ուրուգվայի նմանությունները…
Մոնտեվիդեոյից մինչև Մոնթե վիդեո

Լուսինե Հովհաննիսյան
Աղբյուրը՝ http://www.zham.am/index.php?lid=am&pageName=ambeon&id=336835759