Լրահոս

17.11.2012 11:55


Շուշան Պետրոսյանը՝ գեղարվեստի ուսումնարանի տնօրենի պաշտոնի ու Թուրքմենբաշու ընտանիքի մասին

Շուշան Պետրոսյանը՝ գեղարվեստի ուսումնարանի տնօրենի պաշտոնի ու Թուրքմենբաշու ընտանիքի մասին

«Ժողովուրդ» թերթը գրում է, որ ԱԺ նախկին պատգամավոր Ալվարդ Պետրոսյանի որդու՝ Նարեկ Առուշանյանի անժամանակ մահից հետո Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Առուշանյանի կինը՝ Աննա Մնացականյանը, սակայն այդ փաստն անհանգստացրել է քոլեջի ուսանողներին և դասախոսներին, որոնք կարծում են, որ տնօրենը արվեստի բնագավառի հետ որևէ առնչություն չունի:

Միաժամանակ, ինքը՝ Մնացականյանը, թերթի հետ զրույցում ասել է, որ իր դեմ բողոքող ընդամենը մի փոքր խումբ կա, որի գոյությունը իրեն չի խանգարում, որպեսզի մասնակցի քոլեջի տնօրենի ընտրություններին։ Թերթը նաև ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Շուշան Պետրոսյանի կարծիքն է հարցրել ուսումնարանի տնօրենի պաշտոնի հետ կապված թոհուբոհի վերաբերյալ։ Շուշանի հայրը՝ Ալվարդ Պետրոսյանի եղբայրը, նույնպես եղել է այդ ուսումնարանի տնօրենը։

«Այս խնդիրը շատ լուրջ է և հիշեցնում է Թուրքմենբաշու ընտանիքի` զբաղեցրած աթոռը ժառանգաբար մեկը մյուսին անցնելու տխրահռչակ պատմությունը»,–ասել է Պետրոսյանը։

Խմբ. կողմից – Ուշագրավն այն է, որ թուրքմենբաշու պատմությունից խոսող Շուշան Պետրոսյանը պատգամավոր է դարձել մի ուժի ցուցակով, որի ղեկավարը երկիրն ուզում է կառավարել թուրքմենբաշիզմի սկզբունքով։

Այս խորագրի վերջին նյութերը