Լրահոս

16.11.2012 15:49


Մեղադրվում է դիտավորյալ սպանություն կատարելու մեջ

Մեղադրվում է դիտավորյալ սպանություն կատարելու մեջ

ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում ավարտվել է Ալավերդի քաղաքի բնակիչ Գ. Կլինկարովի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը: 

Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` Լոռու մարզի Ալավերդի քաղաքի բնակիչներ Գ. Կիլինկարովի և Աշոտ Շաքարյանի միջև դեռեւս 2000 թվականից ձեւավորվել են թշնամական հարաբերություններ, որի պատճառը եղել է Աշոտ Շաքարյանի կողմից Գ. Կիլինկարովի վրա կրակելը և Գ. Կիլինկարովի եղբոր` Ա. Կիլինկարովի կողմից Աշոտ Շաքարյանի եղբորը` Արսեն Շաքարյանին սպանելը:  

Արդյունքում` Գ. Կիլինկարովը, իմանալով, որ Վ. Շահվերդյանը Ա. Շաքարյանի սանիկն է, տարբեր ժամանակահատվածներում սպառնացել է վերջինիս, որն էլ պատճառ է հանդիսացել, որպեսզի Վ. Շահվերդյանը վրեժխնդիր լինի Գ.Կիլինկարովից:

Այդ նպատակով Վ. Շահվերդյանը դեռեւս 2011թ. ապրիլին ապօրինի կերպով ձեռք է բերել ինքնաշեն եղանակով ակոսավոր փող տեղադրելու միջոցով մարտականի վերափոխված, ակոսափող հրազեն հանդիսացող 9մմ տրամաչափի «ԻԺ-79-8» մոդելի գազային ատրճանակ և 2012թ. հունվարի 12-ին` ժամը 13:40-ի սահմաններում, Ալավերդի քաղաքի կենտրոնական հատվածում հիշյալ ատրճանակից 7 անգամ կրակել է Գ. Կիլինկարովի վրա: 

Գ. Կիլինկարովը ստացած 6 հրազենային վնասվածքներից տեղում մահացել է: Իսկ վերջինիս հետ գտնվող Ա. Կոստանդյանն ստացել է միջին ծանրության հրազենային վնասվածք:

Այնուհետեւ Վ. Շահվերդյանն ինքնակամ ներկայացել է ՀՀ ոստիկանության Թումանյանի բաժին, հայտնել կատարվածի մասին և ներկայացրել հանցագործության գործիք հանդիսացող ատրճանակը:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա Վ. Շահվերդյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով եւ 121-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործն ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

 

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի նեջ մտած դատավճռով:

Այս խորագրի վերջին նյութերը