Քաղաքական

15.11.2012 10:07


Գագիկ Ծառուկյան. «Եթե մինչև այսօր այդ հավատը ես չեմ կորցրել, առավել ևս հիմա՛, ձեզ վստահեցնում եմ, չեմ կորցնի»

Գագիկ Ծառուկյան. «Եթե մինչև այսօր այդ հավատը ես չեմ կորցրել, առավել ևս հիմա՛, ձեզ վստահեցնում եմ, չեմ կորցնի»

 Երեկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն այցելել է Գյումրի, հանդիպել ԲՀԿ ակտիվի և քաղաքի բնակիչների հետ: Իր ելույթում նա հիշեցրել է, որ քաղաքապետի ընտրությունների քարոզարշավի ժամանակ ինքը գյումրեցիներին ասել էր, որ ոչ թե եկել է որևիցե բանի տեր դառնալու, ունեցվածք դիզելու համար, այլ օգնելու, ամրապնդելու այն վստահությունը, որ գյումրեցին ունի իր հանդեպ:

–Դա պարտավորեցնող է, և մարդ պետք է պահի և պահպանի: Կայացած, ունևոր մարդու համար կյանքում ամենաթանկ բանը ժողովրդի վստահությունն ու հավատն է: Եթե մինչև այսօր այդ հավատը ես չեմ կորցրել, առավել ևս հիմա՛, ձեզ վստահեցնում եմ, չեմ կորցնի: Կարող եմ անձնապես կորցնել ունեցվածք, գումար, բայց ժողովրդի վստահությունը չեմ կորցնի,-հայտարարել է Գ. Ծառուկյանը:

Նա նաև ընդգծել է, որ իրենց խոսքը գործ է, և ինչպես խոստացել էր, Գյումրիին արդեն նվիրաբերել է աղբատար և ձյուն մաքրող մեքենաները.

–Իմ ուզածը մեկն է՝ այն քաղաքը, որը մեր հիշողությունների մեջ եզակի քաղաք է՝ իր հզորությամբ, ժողովրդի հումորով, ուշադրության կենտրոնում լինի, որ մարդիկ կարողանան ապրել բարեկեցիկ կյանքով:

Անդրադառնալով Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակին՝ ԲՀԿ առաջնորդը հարց է հնչեցրել՝ ինչո՞ւ են մարդիկ արտագաղթում, որովհետև աշխատանք չունեն կամ էլ ունեն, բայց աշխատավարձն է քիչ։

–Պետք է այնպես լինի, որ ինչքան գնաճը բարձրանա, աշխատավարձն ու թոշակն էլ բարձրանան: Ոչ ոք չի ուզում տուն մտնելուց գլուխը կախի իր ծնողի առաջ, իր կնոջ առաջ։ Ուզում է արժանապատիվ աշխատել և իր տունը պահել: Ասում են, թե 30%-ը աղքատ են։ Իսկ մնացած 70%-ը հարո՞ւստ են: 40%-ն էլ ստանում է 40 հազար դրամ։ 40 հազարը համարում են բավարա՞ր ապրելու համար։ Դա բավարար համարողը թող ինքը իր ընտանիքով էդ 40 հազար դրամով ապրի, որ նոր հասկանա։ Հիմնական խնդիրն այն է, որ բյուջեն կազմելիս ոչ թե պետք է թղթի վրա գրեն, թե Գյումրին ինչ-որ կենտրոն են սարքելու, այլ այդ ծրագիրը իրականությո՛ւն դարձնեն, որ ժողովուրդն իրեն խաբված չզգա,–ընդգծել է Գ. Ծառուկյանը,-Ժողովուրդը ո՛չ նպաստ է ուզում, ո՛չ էլ օգնություն։ Ժողովուրդն ուզում է պայման, աշխատանք, հնարավորություն։ Մեր ուզածն էլ է դա։ Մենք ո՛չ պաշտոն ենք ուզում, ո՛չ ոլորտ, ո՛չ էլ ուրիշ գումար վաստակել: Մենք ուզում ենք, որ ժողովրդի դեմքին ժպիտ լինի և ժողովուրդը երկրից չթողնի, գնա։ Ժողովրդի վիճակը գնալով ավելի է վատանալու: Ավել-պակաս խոսում են։ 100 դոլար փող չեն ունեցել, մտել են քաղաքականության մեջ, այսօր 4-5 հատ տուն ունեն, բիզնես, ազգ ու տակին տեղավորելով՝ մեծ-մեծ խոսում են ժողովրդից, պետությունից, պետականությունից: ԲՀԿ-ն մտել է ծանրության տակ, և մեր նպատակը մեկն է՝ չկորցնել ժողովրդի վստահությունն ու հավատը։

Գագիկ Ծառուկյանը նաև նշել է, որ իրենք Գյումրու քաղաքապետի կողքին են և ամեն ինչով աջակցելու և օգնելու են նրան.

–Վստահելով 65% քվե տվեցիք, շնորհակալ եմ։ Նույնը նաև խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Կանենք ամեն ինչ ձեր վստահությունը պահելու համար, որ դուք ձեզ խաբված չզգաք։ Բարձր տրամադրությո՛ւն և ամեն ինչ կամաց-կամաց լավ է լինելու։ Մենք միասնական բոլոր խնդիրները լուծելու ենք և ձեր կողքին ենք։

Ինչ վերաբերում է նախագահական ընտրություններում միասնական թեկնածուով հանդես գալու հավանականությանը, Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ ակտիվի հետ հանդիպումից հետո լրագրողների հարցին պատասխանել է.

–Ես դա դեռ չգիտեմ, այդ մասին հաջորդ դասին։

Ծառուկյանը հորդորել է չշտապել, քանի որ այժմ ԲՀԿ–ն խորհրդակցություններ է անցկացնում քաղաքական ուժերի հետ և երբ դրանք ավարտվեն, համապատասխան հայտարարությամբ հանդես կգան:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը