Տնտեսական

14.11.2012 19:53


ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ պատգամավոր Միքայել Մելքումյանի ելույթը «2013 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ պատգամավոր Միքայել Մելքումյանի ելույթը «2013 թվականի պետական բյուջեի մասին»  ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

Հարգելի՛նախագահող, հարգելի՛գործընկերներ,

   Յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին օրենքը մեծ հետաքրքրություն է ներկայացնում մեր հասարակության բոլոր անդամների համար առաջին հերթին այն առումով, թե մեր կենսամակարդակը լավանալու՞ է, մնալու է նու՞յնը, թե՞ մենք հետընթաց ենք ապրելու:  Կազմակերպված բյուջետային քննարկումները բազմաթիվ հարցեր թողեցին անպատասխան: Ներկայացնենք տասը հարցադրումներ.

  1. Ինչու՞ մեր բյուջեն պատասխան չի տալիս նոր աշխատատեղերի ստեղծման բովանդակությանը, գործընթացին, ինչու՞ ենք մենք հրաժարվել 2011-2013 թթ. ՄԺԾԾ փաստաթղթից առ այն, որ երեք տարիների ընթացքում պետք է ստեղծվեին 50.000 փոքր և միջին նոր ձեռնարկություններ և 70.000 նոր աշխատատեղեր. մենք դա փոխարինեցինք ընդամենը 10.000 աշխատատեղերով, այն էլ այդ 10.000 աշխատատեղերը <<լավ չեն երևում>>, պետք է ճշտել, թե որտեղ ենք դրանք ձևավորվելու /2011-2013թթ. ՄԺԾԾ՝ էջ 305/
  2. Ինչու՞ է, որ աշխատատեղերն անորակ են կամ լքյալ /նշեմ, որ ներկայացվող բոլոր թվերը ԱՎԾ պաշտոնական հրապարակումներից են, կամ ամրագրված են 2013 թվականի բյուջետային ուղերձում/:  Վերցնենք ԱՎԾ հատուկ հաշվետվությունը, որը վերաբերում է հինգ ցուցանիշների գծով աշխատանքի արտադրողականությանը: Սա, թերևս, կարևորագույն հարցն եմ համարում, տնտեսության առանցքը, որը պետք է լուծվի: Միջին արդյունաբերական ձեռնարկությունում /նշեմ, որ արդյունաբերական ձեռնարկություններում պաշտոնական թվերով աշխատում են 82.000 մարդ/ մեկ աշխատողի կողմից մեկ օրվա աշխատանքի արտադրողականությունը՝ թողարկած արտադրանքի ծավալը, կազմում է շուրջ 18.000-20.000 ՀՀ դրամ: Եթե պարզագույն ձևով դասակարգենք՝ նվազագույն շահույթ, հումքի, նյութերի ծախսեր, օժանդակ նյութեր, էլեկտրաէներգիա, վերջում էլ հարկենք, կստանանք 3500-4200 ՀՀ դրամ աշխատավարձ՝ կախված տվյալ ձեռնարկության ճյուղային պատկանելությունից: Եթե 2000-2007թթ. Հայաստանում զարգանում էր մեծածավալ շիանարարությունը, և որակավորում չպահանջող աշխատատեղում բանվորը այն ժամանակվա գնաճի պայմաններում համաձայն էր աշխատել, ապա այսօրվա պայմաններում, երբ կառավարությունը դրել է բարձր տեխնոլոգիական ճյուղերի /ITտեխնոլոգիաներ, հեռահաղորդակցություն, դեղագործություն և այլն/ զարգացման խնդիրը, օրական աշխատանքի այդ արտադրողականության և շահութաբերության  պայմաններում գործատուն այլևս պատրաստ չէ վճարել 7000-8000 ՀՀ դրամ, աշխատողն էլ համաձայն չի աշխատել 3000-4000 ՀՀ դրամով: Սա, թերևս, կարևորագույն խնդիր է, որ մեր աշխատատեղերի որակն այն չէ և մարդիկ լքում են իրենց աշխատատեղերը և, հետևաբար, ավելանում են արտագաղթն ու աղքատությունը:
  3. Ներդրումների մասով ստեղծվել է պարադոքսալ իրավիճակ. ինչքան  ավելանում է Հայաստանի Հարապետության ներդրումային դիրքը տարբեր վարկանիշային կազմակերպությունների գնահատմամբ, այնքան պակասում է օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը: Մասնավորապես՝ եթե 2009թ ՕՈՒՆ/ՀՆԱ ցուցանիշը եղել է 9.6%, և՛ ընթացիկ տարում, և՛ գալիք տարում նախատեսված է 4.5%: Ինչո՞վ է պայմանավորված ներդումների այս իջեցումը: Նշեմ նաև, որ իջնում է ներդրումատար ապրանքների ներկրման ծավալը /20%-իջել է 15%-ի/: Այսինքն՝ այն ապրանքները, որոնք պետք է ներդրվեն արդյունաբերական աշխատատեղեր ստեղծելու համար, նույնպես նվազում են: Ո՞րն է պատճառը: Կարծում եմ, որ հանրապետությունում խոշոր ծավալի, միջին ծավալի ներդրումներ կատարելու երաշխիքները պետք է ավելանան:
  4. Հարկային քաղաքականության հետ կապված. արդյոք այն շուկաները, որ պետք է խթանվեն, կարող են առաջիկայում լայն թափով զարգանալ և մենք կկարողանանք հայկական ապրանքները արտահանել դեպի այլ շուկաներ: Կարծում եմ, շատ բարդ խնդիր է հայկական ապրանքանիշի խնդիրը: Ես այլ բան կառաջարկեի. եկեք նայենք մեր լեռնահանքային արդյունաբերությունը: 2013 թվականին մենք նախատեսել ենք 30 մլն դոլարի ռոյալթի հավաքագրել, իսկ արդյունահանվող հանքանյութի ծավալը 25 մլն տոննա է, փաստորեն, ստացվում է մեկ տոննա բազմամետաղային հանքանյութի դիմաց շուրջ 450 դրամ ռոյալթի: Ի՞նչ է սա նշանակում:
  5. Կապված թափոնների հետ՝ եթե վերցնենք միայն 3-4 տարիների պղնձամոլիբդենային կոմբինատների թափոնների ծավալը, որի համար նվազագույնը 1800 դրամ պետք է որպես տուգանք վճարել կոմբինատների  մեկ տոննայի դիմաց, 100 մլն տոննայի դեպքում 400 մլն դոլար եկամուտ կարող ենք ապահովել:
  6. Խոսքը գնում է ստվերային տնտեսության մասին: ՀՀ ֆինանսների նախարարն ընդունեց, որ Հայաստանում 35 %  ստվերային տնտեսության չօգտագործված ծավալ կա: Խնդրեմ, ցույց տվեք, 6.2% ՀՆԱ-ի աճի դեպքում ստվերային տնտեսության ի՞նչ ծավալներ են կրճատվելու և որտե՞ղ: Քանի որ բյուջետային ուղերձում հստակ ամրագրված է, որ օրենսդրության բարելավման հաշվին, մենք ունենալու ենք 31 մլրդ դրամի լրացուցիչ եկամուտ, որը զինծառայողների եկամտահարկի մասն է, իսկ վարչարարության ավելացման հետևանքով՝ 27.7 մլրդ դրամ: Մենք կարծում ենք, որ այս ծավալները բավականին քիչ են:
  7. Կապված ՓՄՁ խրախուսման հետ. /միայն արդյունաբերական ձեռնարկությունների մասով կասեմ/ այս տարի պետական բյուջեով նախատեսված է ընդամենը 50 մլն դրամ վարկերի սուբսիդավորման համար: Ի՞նչ եք կարծում, կարող ենք արդյունաբերություն զարգացնել ամսական ընդամենը 12.000 ԱՄՆ դոլարով: Իհարկե՛, ոչ:
  8. Կապված գյուղացիական տնտեսությունների հետ. ընդամենը 634 մլն դրամ՝ գյուղացիական վարկերի սուբսիդավորման համար: Այսինքն, դա նշանակում է մեկ գյուղացիական տնտեսության հաշվով մենք ապահովում ենք ընդամենը 5 ԱՄՆ դոլարի սուբսիդավորում: Նշվում է,  որ հազարավոր գյուղացիական տնտեսություններ կօգտվեն այդ վարկերից, բայց  330.000-ի մեջ ինչ ենք հասկանում  <<հազարավոր>>  ասելով, այդպես էլ պարզ չէ, ինչպես նաև պարզ չէ, թե որ գյուղացիական տնտեսություններն են օգտվելու և ինչ մեխանիզմներով:
  9. Մրցակցային հարաբերությունների կարգավորման և առողջացման մասին է խոսքը: Իսկապես, տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը մասնագիտական բավական բարձր մակարդակի հաշվետվություններ է ներկայացնում: Եվ ի՞նչ է պարզվում 21 ապրանքային շուկաների մոնիտորինգի մասով. տեսնում ենք, որ Հերֆինդալ-Հիրշմանի ինդեքսը՝ շուկայի կենտրոնացման աստիճանը, վերջին 4-5 տարիներին ավելի է մեծացել. օլիգոպոլիական շուկաներում, որտեղ եղել են քսանութ <<խաղացողներ>>, դարձել են ինը, որտեղ եղել են ինը, դարձել են երեք: Սա էլ՝ շուկայի կենտրոնացվածության աստիճանի մասով:

10. Եվս մի հարցադրում՝ կապված գազի գնի հավանական թանկացման հետ: Գազաֆիկացման աստիճանը բավական բարձր է, և գազի գնի թանկացման պայմաններում գյուղացիները գազ չեն օգտագործելու: Ինչպիսի՞ որակ կունենա գազաբաշխման մեր համակարգը, երբ որ գազի սպառման ծավալների 38% է բնակչությունը սպառում, իսկ ծախսերի 60%-ից ավելին ընկնում է բնակչությանը գազ մատակարարելու խնդրի վրա:

Այսպիսով, 2013 թվականի ՀՀ պետական բյուջեի մասին ներկայացված օրենքի նախագիծը բազմաթիվ հարցեր թողնում է անպատասխան և առաջացնում լուրջ մտահոգություններ:

Այս խորագրի վերջին նյութերը