Լրահոս

13.11.2012 13:01


Արա Պապյան. «Մեզ համար կա՛մ մեծ ձեռքբերումների տասնամյակ կլինի, կա՛մ մեծ կորուստների»

Արա Պապյան. «Մեզ համար կա՛մ մեծ ձեռքբերումների տասնամյակ կլինի, կա՛մ մեծ կորուստների»

–Թևակոխում ենք նոր, խռովահույզ տասնամյակ, որտեղ արդեն միկրոկայսրությունների տրոհման ժամանակաշրջանը կգա, և շատ երկրներ, որոնք Միջին Արևելքում կան, պետք է վերափոխվեն: Իսկ մենք պետք է հնարավորինս պատրաստ լինենք այդ վերափոխումներին, և դա մեզ համար կա՛մ մեծ ձեռքբերումների տասնամյակ կլինի, կա՛մ մեծ կորուստների,–նման հայտարարությամբ է այսօր հրավիրված մամլո ասուլիսին հանդես եկել «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը:

Ըստ Պապյանի՝ չնայած Բարաք Օբամայի վերընտրվելու փաստին` թուրք–ամերիկյան հարաբերություններում փոփոխությունների միտում է նկատվում.

–Մի կողմից Թուրքիան ավելի զարգանալով` կարևորվում է ԱՄՆ-ի համար, մյուս կողմից՝ դառնում է ավելի հավակնոտ և ինքնագլուխ` սկսելով ինքնուրույն քաղաքականություն իրականացնել, ինչը հասկանալիորեն վտանգ է ներկայացնում ԱՄՆ-ի համար, ուստի ԱՄՆ-ը պետք է նոր լծակներ վերագտնի։

Քաղաքագետը նշել է, որ կարևորություն ձեռք կբերեն մի շարք հին հարցեր, և Հայկական հարցն այս առումով շղթայված է քրդականի հետ.

–Որովհետև քրդերը պետք է փորձեն ստեղծել որոշակի պետականություն՝ Թուրքիայի տարածքի նկատմամբ հավակնություն ունենալով: Իսկ Քրդստանի պետության միակ փաստաթուղթը Սևրի պայմանագրի 62-րդ հոդվածն է, որտեղ նշված է, որ Քրդստանի հյուսիսային սահմանը Հայաստանի հարավային սահմանն է: Ինձ համար ակնհայտ է, որ այս քաղաքականությունը բերելու է նախկին հարցերի վերազարթոնքի, և մենք պետք է պատրաստված լինենք այդ հարցերին։

Ինչ վերաբերվում է իրանական հարցին, ապա Արա Պապյանն ասել է.

–Ամերիկյան և իրանական հարաբերությունները ինչքան էլ լարված են, բայց դրանք 5-7 տարվա կտրվածքով ավելի արագ կբարելավվեն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը