Լրահոս

13.11.2012 18:12


«SOS Մշակույթ» ծրագրի Դասընթացավարների ուսուցում և Վերահսկիչ մարմնի ստեղծում Բերդավանում

«SOS Մշակույթ» ծրագրի Դասընթացավարների ուսուցում և Վերահսկիչ մարմնի ստեղծում Բերդավանում

Նոյեմբերի 16-18, 2012թ. Տավուշի մարզի Բերդավան գյուղում տեղի կունենա Դասավանդողների ուսուցում, ինչպես նաև «SOS Մշակույթ» ծրագրի Բերդավանի երիտասարդական ակումբի նոր վերանորոգված սենյակի բացումը: Միաժամանակ ստեղծվելու է  «SOS Մշակույթ» ծրագրի Վերահսկիչ մարմինը: «SOS Մշակույթ»-ը Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող ծրագիր է, որն իրականացվում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից՝ Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության (ՀՃՈՒԿ) և dvv international կազմակերպության Թբիլիսիի տարածաշրջանային գրասենյակի հետ համատեղ:

«SOS Մշակույթ» ծրագրի դասընթացավարների ուսուցման բովանդակությունը և հմտությունները կնպաստեն Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող ծրագրի նպատակների արդյունավետ իրականացմանը: Այս ուսուցման նպատակն է դասընթացավարներին  և երիտասարդական ակումբների համակարգողներին փոխանցել համապատասխան գիտելիք և հմտություններ, որը նրանք կկարողանան կիրառել «SOS Մշակույթ» ծրագրի շրջանակներում անցկացվող դասընթացների ժամանակ՝ հիմնվելով նորարար ուսուցման մեթոդների վրա:

Նոյեմբերի 18-ին շահագրգիռ կողմ հանդիսացող ներկայացուցիչները՝ տեղական ինքնակառավարման մարմինները, տեղական և մարզային մշակութային կազմակերպությունները կհրավիրվեն մասնակցելու «SOS Մշակույթ» ծրագրի Վերահսկիչ մարմնի կազմավորման գործընթացին: Վերահսկիչ մարմնի ձևավորումը կնպաստի նրան, որ շահագրգիռ կողմերը տեղեկացված լինեն ծրագրի և դրա կարևորության մասին՝ ինչն էլ իր հերթին կնպաստի տարածաշրջանում մշակութային երկխոսության ծավալմանը և համայնքների զարգացմանը: Վերահսկիչ մարմինը կօգնի ձևավորել սեփականատիրության զգացողություն տեղի համայնքներում  և կապահովի «SOS Մշակույթ» ծրագրի կայունությունը:

Միջոցառումը կամփոփվի «SOS Մշակույթ» ծրագրի Բերդավանի երիտասարդական ակումբի վերանորոգված սենյակի պաշտոնական բացման արարողությամբ: Սենյակի վերանորոգմանն աջակցել է Վիվա-Սել ՄՏՍ ընկերությունը: «SOS Մշակույթ» ծրագրի Բերդավանի երիտասարդական ակումբի 60 անդամներ կշարունակեն իրենց դասընթացները վերանորոգված, հարմարավետ և ընդարձակ սենյակում:

24 ամիս տևողությամբ «SOS մշակույթ» ծրագիրն իրականացվում է Եվրոպական Միության «Եվրոպական հարևանության քաղաքականության» (ԵՀՔ) շրջանակներում, Արևելյան մշակութային գործընկերության ծրագրի ֆինանսավորմամբ: «SOS Մշակույթ» ծրագրի հիմքում Վրաստանի և Հայաստանի սահմանամերձ գոտիներում բնակվող տարբեր ազգային և էթնիկ  խմբերի ներկայացուցիչ երիտասարդների (14-23 տարեկան) ակտիվ ներգրավվածությունն ու մասնակցությունն է:  Երիտասարդները մասնակցում են մշակութային արժեքների ուսումնասիրություններին և դրանց պահպանման միջոցառումներին, որոնք իրականացվում են իրենց տարածաշրջանում: Այս միջոցառումները ներառում են տարբեր սկզբնաղբյուր ունեցող մշակութային կոթողների, ինչպես նաև միջնադարյան ճարտարապետական կոթողների պահպանությունը և ուսումնասիրությունը: Ծրագրի առանցքային նպատակը Հայաստանի և Վրաստանի սահմանամերձ շրջաններում գտնվող վտանգված և մոռացված մշակութային արժեքների հաշվառումն ու պահպանությունն է համայնքային ուժերի ներգրավվածությամբ: Տեղական համայնքների ներգրավվումը իր հերթին կնպաստի սոցիալ-տնտեսական և մշակութային զարգացմանը տվյալ տարածաշրջանում, որը նույնպես ծրագրի առանցքային նպատակներից է: Եվրոպական Միության ներդրումը «SOS Մշակույթ» ծրագրին կազմում է 492,754 եվրո:

Այս խորագրի վերջին նյութերը