Լրահոս

13.11.2012 00:16


ՀԱԿ. «Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ Քրեադատավարական օրենսգրքի մի շարք կոպտագույն խախտումներ»

ՀԱԿ. «Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ Քրեադատավարական օրենսգրքի մի շարք կոպտագույն խախտումներ»

Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստների գործով ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը նոյեմբերի 12-ի դատական նիստում թույլ է տվել ՀՀ Քրեադատավարական օրենսգրքի մի շարք կոպտագույն խախտումներ։ Դատարանը մերժել է պաշտպանական կողմի բոլոր 8 միջնորդությունները և, ի պատասխան այդ ապօրինության դեմ բողոքի, ամբաստանյալներին հեռացրել դատարանի դահլիճից։ Դատարանն այդ քայլին գնացել է ստիպված՝ խուսափելու համար այն փաստերի քննությունից, որոնք ամբողջությամբ հիմնազուրկ են դարձնում մեղադրանքը։

Դատական նիստից հեռացված լինելու հանգամանքով ամբաստանյալները զրկվել են դատաքննությանը, դատական վիճաբանություններին մասնակցելու, իրենց դիրքորոշումները ներկայացնելու, պաշտպանական ճառի և վերջին խոսքի՝ օրենքով սահմանված իրավունքներից։ Մերժվել է պաշտպանական կողմի նկատմամբ հրապարակավ բացասական վերաբերմունք արտահայտած, ընդհուպ մինչև ամբաստանյալների հասցեին անպարկեշտ արտահայտություններ թույլ տված դատավորներ Ա. Դանիելյանին և Մ. Արղամանյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը:

Դատարանի կողմից պաշտպանական կողմի միջնորդությունների մերժման հետևանքով՝

-         Խախտվել է դատավարության կողմերի իրավահավասարության սկզբունքը։

-         Խախտվել է  ամբաստանյալների դատական պաշտպանության իրավունքի սկզբունքը։

-         Գործը չի քննվել անկախ և անաչառ դատարանի կողմից։

-         Պաշտպանության կողմը զրկվել է վկաներ կանչելու իրավունքից:

 

Վերոհիշյալ խախտումներից յուրաքանչյուրն առանձին, առավել ևս՝ բոլորը միասին, հանգեցրել են արդար դատաքննության սահմանադրական իրավունքի խախտման: Հայ ազգային կոնգրեսը դատապարտում է այս գործելակերպը և արձանագրում, որ այս ամենը, ակնհայտորեն, ունիքաղաքական դրդապատճառներ և պայմանավորված է ամբաստանյալների՝ ընդդիմությանը հարելու, ակտիվ քաղաքական գործունեությամբ զբաղված լինելու հանգամանքով:

Այս խորագրի վերջին նյութերը