Լրահոս

12.11.2012 17:12


ՊԵԿ օպերատիվ հետախուզության դիտակետում հարկային դաշտը շրջանցող տնտեսվարողներն են

ՊԵԿ օպերատիվ հետախուզության դիտակետում հարկային դաշտը շրջանցող տնտեսվարողներն են

ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության 8-րդ բաժինը, որ զբաղվում է խոշոր բիզնեսի նկատմամբ հսկողությամբ, հարկային իրավախախտումների բացահայտման և կանխարգելման նպատակով հետևողական միջոցառումներ է իրականացնում ամբողջ տարվա ընթացքում: Շրջայցեր են  կատարվում հանրապետության ողջ տարածքում, որոնց ընթացքում օպերատիվ աշխատակիցը տնտեսվարողի ներկայացրած փաստաթղթերի, այդ թվում էլեկտրոնային, իսկության կամ կեղծ լինելու մեջ կարող է  համոզվել նաև հենց տեղում` նեթբուքի միջոցով, որի օգնությամբ մշտապես հասանելի են ՊԵԿ-ի էլեկտրոնային բազայում առկա առաքման մասին համապատասխան տվյալները: 

Այս տարվա ընթացքում արձանագրված ցուցանիշները ևս վկայում են 8-րդ բաժնի կողմից իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունավետության մասին: Այսպես, ՕՀՎ 8-րդ բաժնի կողմից ստացված տեղեկությունների հիման վրա  ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում այս տարվա ընթացքում արձանագրվել և պետական բյուջե գանձվել է 73մլն դրամ: ՊԵԿ քննչական և հետաքննչական վարչություններ են ուղարկվել ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ և 205-րդ հոդվածների հատկանիշներով 33 նյութ հետագա ընթացքն ապահովելու նպատակով: Իսկ բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումների արդյունքում պետբյուջե է գանձվել շուրջ 383մլն դրամ:

 Օպերատիվ հետախուզության վարչության 8-րդ բաժնում օրերս ստացված տեղեկություններից պարզվել է, որ «Նորգալ» ՍՊԸ սեփականատեր և գործադիր տնօրեն, ճարտարապետ Աշոտ Երեմյանն ընկերության անվամբ նախկինում ստացված քաղաքաշինական փաստաթղթերի մշակման լիցենզիան 2011 և 2012 թվականներին պատվիրատուներին խաբեությամբ ներկայացրել է իբրև գործող փաստաթուղթ: Ավելին, այդ ընթացքում վերջինս հասցրել է իրականացնել նաև զանազան ինժեներական կառույցների նախագծման, ինչպես նաև քաղաքաշինական փաստաթղթերի  փորձաքննության 37 պատվեր: 8-րդ բաժնի աշխատակիցները պարզել են նաև, որ այդ գործունեության արդյունքում կազմված փաստաթղթերն, այդ թվում չգործող լիցենզիան, հետագայում օգտագործվել են նաև անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման, պետական այլ մարմիներ ներկայացնելու, ինչպես նաև շինարարական աշխատանքների իրականացման նպատակով: Պարզվել է նաև, որ ապօրինի գործունեության արդյունքում ընկերությունը ստացել է շուրջ 4մլն դրամի հասույթ, այնինչ, ճարտարապետ Երեմյանն այդ ընթացքում հարկային մարմին չի ներկայացրել ոչ միայն համապատասխան հաշվետվություններ, այլև խուսափել է այդ գործարքներից բխող  հարկային պարտավորություններից: Նշենք, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են` Երեմյանի կողմից մատուցված համանման այլ ծառայություններ ևս բացահայտելու ուղղությամբ:

  ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը