Լրահոս

12.11.2012 20:39


Վրաստանի նոր խորհրդարանի աշխատանքը սկսվել է բազում խոստումներով

Վրաստանի նոր խորհրդարանի աշխատանքը սկսվել է բազում խոստումներով

Օրենսդիր մարմնի աշխատանքը սկսվել է բազում խոստումներով եւ նախկին իշխանությունների ներկայացուցիչների աշխատանքը քննության ենթարկելու նախազգուշացումներով:

Վրաստանի նորընտիր խորհրդարանի առաջին աշխատանքային շաբաթը մեկնարկել է նախկին իշխանությունների գործունեության մանրազնին ուսումնասիրությամբ եւ պետության կենսագործունեության յուրաքանչյուր ոլորտում լայնամասշտաբ բարեփոխումների մասին խոստումներով:

Խորհրդարանի առաջին նիստը կայացավ հոկտեմբերին Քութայիսիում՝օրենսդիր մարմնի նոր նստավայրում: Հոկտեմբերի 1-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում «Վրացական երազանք» դաշինքը ստացել էր խորհրդարանական 150 տեղերի մեծամասնությունը՝ 85-ը, իսկ նախագահ Սաակաշվիլու կուսակցությունը՝ ընդամենը 65-ը:

Սա Վրաստանի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ իշխանափոխությունն ընթացել է խաղաղ մեթոդներով:

«Վրացական դաշինքը» նոր կառավարություն է կազմավորել՝իր առաջնորդ Բիձինա Իվանիշվիլու գլխավորությամբ: Այս կառավարության շարքերում 8 տարվա մեջ առաջին անգամ Միխայիլ Սաակաշվիլու «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը գերիշխող դիրքերում չէ:

Մեծահարուստ Իվանիշվիլին Վրաստանի քաղաքական դաշտ մուտք գործեց ընդամենը մեկ տարի առաջ, եւ նրա անցումը իշխանության գրեթե նույնքան տպավորիչ էր, ինչպես ժամանակին եղել Սաակաշվիլու՝իշխանության ղեկը ստանձնելը, 2003 թվականի անարյուն Վարդերի հեղափոխության միջոցով:

Երկու տարի առաջ հաստատված սահմանադրական բարեփոխումների համաձայն՝ Վրաստանի նախագահն այսուհետ երկրի անվանական ղեկավարն է լինելու, իսկ հիմնական իշխանությունը կանցնի խորհրդարանի կողմից նշանակվող վարչապետին:

Չնայած սահմանադրական բարեփոխումներն ուժի մեջ կմտնեն միայն գալիք տարի կայանալիք նախագահական ընտրություններից հետո, Սաակաշվիլին ստիպված եղավ տեղի տալ դեպքերի անխուսափելի զարգացմանը եւ Իվանիշվիլուն Վրաստանի վարչապետ նշանակեց:

Խորհրդարանին ուղղված իր ելույթի ժամանակ, նորանշանակ վարչապետը հայտարարեց, որ 18 ամիս հետո պատրաստ է կամավոր թողնել իր պաշտոնը, սակայն վստահ է, որ իր ղեկավարած «Վրացական երազանք» դաշինքի մյուս անդամները կկարողանան կառավարել երկիրը եւ ամրապնդել դյուրաբեկ ժողովրդավարության հիմքերը:  

«Մենք պետք է անենք ամեն հնարավորը, որպեսզի հոկտեմբերի 1-ին ստեղծված նախադեպն ավանդույթ դառնա», - իր ելույթի ժամանակ նշեց խորհրդարանի նոր խոսնակ Դավիթ Ուսուպաշվիլին՝միաժամանակ կոչ անելով Սաակաշվիլուն չփորձել օգտագործել այն իշխանությունը, որը ձեւականորեն դեռեւս նրա ձեռքում է:

«Վրացական երազանք» դաշինքն այս պահին չունի խորհրդարանական տեղերի 2/3-ը, որը թույլ կտար նրան փոփոխություններ կատարել սահմանադրության մեջ եւ զրկել նախագահին այն լիազորություններից, որոնք մինչեւ հաջորդ տարի դեռեւս նրան կպատկանեն:

«Քաղաքական իրականությունը փոխվել է: Այս փոփոխություններն ավելի վաղ պետք է ուժի մեջ մտնեին, որպեսզի ստիպված չլինեինք սպասել մինչեւ հաջորդ աշուն: Այդ դեպքում նախագահը կմնար իր պաշտոնին որպես երկրի ղեկավար, սակայն կզրկվեր գործադիր մարմնի վրա ունեցած իր ազդեցությունից», - կարծիք է հայտնել Ուսուպաշվիլին:

Աշխատանքային առաջին շաբաթվա ընթացքում մարդու իրավունքների հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Էկա Բեսելիան խոստացավ հատուկ կոմիտե ստեղծել, որը պետք է զբաղվի Սաակաշվիլու վարչակարգի նախկին ներկայացուցիչների գործունեության ուսումնասիրությամբ:

«Բոլոր մեղավոր կողմերը պետք է պատժվեն այդ ժամանակահատվածում կատարված հանցագործությունների համար», - հայտարարել է Բեսելիան:

Հատուկ հանձնաժողովը կքննի քաղաքական բարձրաստիճան օղակներում տարածված կոռուպցիայի դեպքերը, հնարավոր քաղաքական դրդապատճառներով հարուցված քրեական գործերը, ինչպես նաեւ կասկածելի հանգամանքներում մահվան դեպքերը: Հանձնաժողովը նաեւ պատրաստվում է ուսումնասիրել լրատվամիջոցների ոլորտը, գովազդի եւ բենզինի շուկաները, որոնք, համաձայն ենթադրությունների, գտնվում են գործող նախագահի դաշնակիցների ձեռքում:

«Վրացական երազանք» դաշինքի խորհրդարանական խմբակցության պատգամավոր Գեորգի Ժվանիան այն կարծիքին է, որ ստեղծված հատուկ հանձնաժողովը պետք է զբաղվի նաեւ նրա եղբոր՝2005-ին վարչապետի պաշտոնը զբաղեցնող եւ նույն թվականին իր մահկանացուն կնքած Զուրաբ Ժվանիայի մահվան հանգամանքների ուսումնասիրությամբ: Պաշտոնական վարկածը, որի համաձայն, Ժվանիան մահացել էր տանը՝ածխածնի օքսիդից թունավորվելու հետեւանքով, դեռեւս բազում հարցեր է առաջացնում:

Նորընտիր խորհրդարանը պատրաստվում է նաեւ ուսումնասիրել 2008-ին տեղի ունեցած ռուս-վրացական պատերազմի հանգամանքները եւ ռազմական բյուջեի աննախադեպ աճի պայմաններում Վրաստանի կրած արագ պարտության պատճառները: Պաշտպանության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նոր նախագահ Իրակլի Սեսիաշվիլին նշում է, որ այս առաջադրանքը պետք է վստահել նախկին սպաներին, որոնք ժամանակին զրկվել են աշխատանքից զինված ուժերում:

«Այս ոլորտում բազում խնդիրներ կան: Իրադրությունն ավելի վատ է, քան մենք պատկերացնում էինք, եւ պատճառն այն է, որ պաշտպանության ոլորտը ոչ պրոֆեսիոնալ պաշտոնյաներ են ղեկավարել: Մասնագետներ չեն մնացել, հետեւաբար՝ պետք է զրոյից սկսենք», - հայտարարել է Սեսիաշվիլին:

Նորընտիր իշխանությունները նաեւ խոստացել են լայնամասշտաբ բարեփոխումներ իրականացնել՝ ավելի հզոր եւ ժողովրդավարական երկիր կառուցելու համար: Նախատեսվում է նման բարեփոխումներ իրականացնել դատական համակարգում, տեղական ինքնակառավարման մարմիններում, ներքին գործերի, պաշտպանության, էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարություններում եւ այլ կառույցներում:

Կառավարությունը նաեւ ծրագրում է փախստականների հետ կապված պատասխանատվությունը փոխանցել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի «աքսորյալ կառավարություններին». Վրաստանը շարունակում է իր տարածքի մասը համարել այս երկու երկրամասերը, որոնք իրականում դուրս են եկել Թբիլիսիի վերահսկողությունից եւ Մոսկվայի աջակցությունը վայելող անկախ իշխանություններ ունեն: 

Իվանիշվիլին նաեւ պարտավորվել է կատարել իր խոստումը, որը տվել էր դեռեւս նախընտրական քարոզարշավի ժամանակ`հայտարարելով, որ պատրաստվում է բարձրացնել թոշակն ամսական մինչեւ 220 լարի (130 դոլար), սակայն հրաժարվել է նշել, թե երբ դա տեղի կունենա: 

«Դա կախված է նրանից, թե որքան ներդրում կկարողանանք գրավել եւ աշխատատեղեր ստեղծել եւ որքանով կկարողանանք նպաստել յուրաքանչյուր ընտանիքի եկամուտների աճին: Այս ամենը տեղի կունենա բյուջեի աճին զուգահեռ: Հնարավոր չէ որոշակի ժամկետներ նշել, սակայն սա իրատեսական է մոտ ապագայի համար», - նշել է նա:

«Միացյալ ազգային շարժում» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գեորգի Գաբաշվիլին իր հերթին վերոնշյալ նախագծերն անիրատեսական եւ անարդյունավետ է որակել: Գաբաշվիլին նաեւ կասկածի տակ է դնում Իվանիշվիլու՝պետական ծրագրերը սեփական գրպանից ֆինանսավորելու վերաբերյալ առաջարկը:

«Մենք հավանաբար առաջին երկիրն ենք աշխարհում, որտեղ վարչապետի պաշտոնին հավակնող թեկնածուն հայտարարում է, որ ծանոթ չէ բյուջեին, սակայն պատրաստ է ֆինանսավորել առողջապահության եւ գյուղատնտեսության ոլորտների ծրագրերը սեփական գրպանից: Երբեւէ չեմ տեսել մի երկիր, որտեղ որոշակի նախագիծ մշակելու փոխարեն, ձեզ խոստանում են, որ եթե պետական բյուջեի միջոցները չբավականացնեն, ապա վարչապետը սեփական փողերից գումար կհատկացնի», - նշում է Գաբաշվիլին:

Սակայն անկախ փորձագետներից շատերը, այդ թվում՝էկոնոմիկայի նախկին նախարար Վլադիմիր Պապավան, հակված են հավատալ Իվանիշվիլու թիմի խոստումներին: 

«Հնարավոր չէ ձեւավորել կառավարություն, որը կբավարարի բոլորին: Միշտ էլ կգտնվեն մարդիկ, ովքեր դժգոհ կլինեն այս կամ այն նախարարից: Եվ չնայած կառավարության որոշ անդամներ իմ սրտով չեն, հիմնականում, գոհ եմ: Զգալի տարբերություններ կան նորընտիր իշխանությունների ներկայիս նախագծերի եւ «Վրացական երազանք»-ի նախընտրական ծրագրի միջեւ: Կառավարության ծրագիրն ավելի փոքրածավալ է, սակայն էությունը նույնն է», - նշել է նախկին նախարարը:

Պապավան նաեւ հայտարարել է, որ Սաակաշվիլու դաշնակիցների կողմից անազնիվ քայլ է կառավարության ծրագրերը քննադատելը՝դրանք աղոտ ու երբեմն հակասական որակելով, քանի որ ճիշտ այդպիսի տպավորություն էր ստեղծում նրանց սեփական ռազմավարությունը, երբ նրանք էին ստանձնել պետության ղեկը:

«Նոր կառավարության ծրագիրը շատ ավելի լուրջ է, չնայած այն, միեւնույն է, չի համապատասխանում այն չափանիշներին, որոնք առհասարակ ակնկալվում են կառավարությունից», - եզրակացնում է նա:

Նանա Կուրաշվիլի, ազատ լրագրող

Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից

Այս խորագրի վերջին նյութերը