Լրահոս

12.11.2012 13:17


Տեղի ունեցան ԱԺ պետական-իրավական և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների նիստերը

Տեղի ունեցան ԱԺ պետական-իրավական և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների նիստերը

Նոյեմբերի 12-ին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Հովհաննես Մարգարյանի նախագահությամբ քննարկեց և ԱԺ աշնանային, ինչպես նաև առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկվելու համար դրական եզրակացություն տվեց ՀՀ կառավարության հեղինակած «ՀՀ դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին, որը ներկայացրեց ՀՀ արդարադատության փոխնախարար Գրիգոր Մուրադյանը:

Նա տեղեկացրեց, որ նկատի ունենալով ՀՀ վարչական դատարանի դատավորների գերծանրաբեռնվածությունը՝ առաջարկվում է 10-ով ավելացնել վարչական դատարանի դատավորների թիվը: Արդարադատության փոխնախարարի տվյալներով՝ այսօր այդ դատարանում յուրաքանչյուր դատավոր տարեկան քննում է 850-1000 գործ:

Առաջարկվում է նաև կատարել փոփոխություն, որը վերաբերում է դատավորների՝ մինչև կենսաթոշակային տարիքի հասնելը կենսաթոշակ ստանալու հիմքերին: Այն դատավորները, ովքեր մինչև կենսաթոշակային տարիքի հասնելը կունենան այնպիսի հիվանդություն կամ ֆիզիկական արատ, որի հիմքով կդադարեցվեն նրանց լիազորությունները, կարող են ստանալ դատավորի կենսաթոշակ՝ հաշմանդամության կենսաթոշակից օգտվելու պահից սկսած:

Զեկուցողի խոսքով՝ փոփոխությունների ընդունմամբ կնվազեցվի վարչական դատարանի ծանրաբեռնվածությունը և կապահովվի տարբեր դատարանների դատավորների սոցիալական ապահովության հավասարեցված մոտեցում:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Վարդան Այվազյանի նախագահությամբ նույնպես նիստ գումարեց և քննարկեց «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որը ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը:

Առաջին նախագծով առաջարկվում է սահմանված կարգով պետության կամ լիազորված մարմնի կողմից հաստատված սակագների կիրառության հետ կապված` պետական բյուջեից տրվող սուբսիդիաները շահութահարկով հարկման նպատակով ներառել համախառն եկամտի մեջ` որպես այդ սուբսիդիաների ստացման դիմաց կատարվող` ապրանքների մատակարարման, ծառայությունների մատուցման կամ աշխատանքների կատարման գործարքներից ստացվող հասույթ:

Երկրորդ նախագծով առաջարկվում է պետական բյուջեից տրամադրվող սուբսիդիաները, սուբվենցիաները եւ դրամաշնորհներն ավելացված արժեքի հարկով հարկման օբյեկտ չդիտարկել միայն այն դեպքերում, եթե դրանց դիմաց գումարներ ստացողների մոտ ապրանքներ մատակարարելու կամ ծառայություններ մատուցելու պարտավորություն չի առաջանում:

Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց օրինագծերի փաթեթին ԱԺ քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկվելու համար: 

Այս խորագրի վերջին նյութերը