Քաղաքական

10.11.2012 14:51


Արմեն Ռուստամյան. «...համաձայնեցման դաշտի գերակշիռ մասը առկա է»

Արմեն Ռուստամյան. «...համաձայնեցման դաշտի գերակշիռ մասը առկա է»

Անդրադառնալով ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչների և ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի ու Վարդան Օսկանյանի՝ այսօր կայացած հանդիպմանը՝ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը «Yerkir.am»–ին ասել է.

«Արձանագրեցինք, որ համաձայնեցման դաշտի գերակշիռ մասը առկա է: Ստեղծված իրավիճակի գնահատումները, բնականաբար, բավականին մոտ են: Հանդիպման ընթացքում կարևորվեց, որ այս փուլում անհրաժեշտ է ամեն ինչ անել, որպեսզի միավորող գաղափարն ամրապնդվի, որից հետո արդեն մյուս տակտիկական քայլերը կքննարկենք: Ընդհանուր առմամբ, առաջին հանդիպումը բավականին խոստումնալից էր: Դա հնարավորություն կտա համագործակցել հիմնական կետերի շուրջ, որոնք հրապարակել ենք նաև մեր վերջին ասուլիսի ժամանակ, համաձայնեցնել և գնալ առաջ։ Սա այն օրակարգն է, որում կա անհրաժեշտ և բավարար քայլերի ցանկը, որը շատ կարճ ժամանակում կապահովի այն Հայաստանի կերտումը, որը մենք բոլորս երազում ենք: Սա համախմբման ամենակարևոր առանցը կարող է լինել, և եթե սա վերածվեց հասարակական պահանջի, ով էլ լինի իշխող ուժը, չի կարող հաշվի չնստել արդեն ձևավորված հասարակական պահանջի հետ: Այս դուռը բաց է բոլորի առջև: Որքան մեծ կոնսոլիդացիա առաջանա այս գաղափարների շուրջ, այնքան կմեծանա այս խնդիրները լուծելու հեռանկարը»։

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ տեղեկացրել է, որ ԲՀԿ-ի և «Ժառանգության» ներկայացուցիչների հանդիպումը տեղի է ունենալու երկուշաբթի օրը։ ՀԱԿ-ի հետ ևս հանդիպելու են, մնացել է ճշգրտել հանդիպման տեղն ու ժամը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը