Լրահոս

09.11.2012 18:05


Խախտումներ սննդի անվտանգության ոլորտում. ուսումնասիրվել է պանրի շուկան

Խախտումներ սննդի անվտանգության ոլորտում. ուսումնասիրվել է պանրի շուկան

Պանրի արտադրությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտների մոտ տեսչական ստուգումների արդյունքում հայտնաբերվել են խախտումներ։ Որոշ պանրի արտադրատեսակում փորձաքննությունը հայտնաբերել է աղիքային ցուպիկի մանրէներ։

Կառավարության երեկվա նիստին ՀՀ գյուղատնտեսության նախարարության Աբրամ Բախչագուլյանը ներկայացրել է պանրի շուկայում իրականացված մոնիթորինգի արդյունքները։

Սեպտեմբեր–հոկտեմբերի ամիսներին ուսումնասիրվել է պանրի արտադրությամբ զբաղվող 59 տնտեսվարող սուբյեկտ։ Հայտնաբերվել են խախտումներ, որոնք եղել են մակնշման, սանիտարահիգիենիկ կամ պահպանման պայմանների հետ կապված։

Այդ ընկերությունների արտադրատեսակից վերցված նմուշների փորձաքննությամբ՝ որոշ տեսակներում, մասնավորապես՝ չանախ տեսակի պանրում, հայտնաբերվել են աղիքային ցուպիկի մանրէներ։

Տնտեսվարող 18 սուբյեկտի գործունեությունը ժամանակավորապես կամ մասամբ դադարեցվել է, նշանակվել է, ընդհանուր առմամբ, 10 մլն 450 հազար դրամի տուգանք։ Ոչնչացվել է 5.5 տոննա պանիր։

«Սննդի անվտանգության ոլորտում կարևորագույն պարտավորություն ենք ստանձնել և պետք է երաշխավորենք քաղաքացիներին, որ հանրապետությունում վաճառվող սնունդը որակյալ է և անվտանգ: Ցավոք սրտի, դեռևս ունենք լուրջագույն խնդիրներ»,– Կառավարության նիստի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Նա հետաքրքրվել է, թե աղիքային ցուպիկի մանրէներն ի՞նչ վտանգ են ներկայացնում մարդու առողջության համար։ Բախչագուլյանը պատասխանել է, որ դրանք առաջացնում են մարսողական համակարգի խանգարումներ:

Դադարեցվել է հետևյալ տնտեսվարող սուբյեկտների գործունեությունը՝ Ա/Ձ ԿամոՎահանյան, «Անի-Մերի» ՍՊԸ, Ա/Ձ Գարեգին Քոչինյան, Ա/Ձ Սուսան Ղազարյան, Ա/ՁԱրմեն Սուքիասյան, Ա/Ձ Էդիկ Բոզոյան, «Ամասիայի գլխավոր պանրագործարան»ՍՊԸ, «Վարդանուշ» ՍՊԸ, «Սեդրակ և Տիգրան» ՍՊԸ, «Կալինինո կաթ» ՍՊԸ, «Դումիկյան եղբայրներ» ՍՊԸ, «Մաստարաչեդո» ՍՊԸ, «Իգիթ» ՍՊԸ, «ԱՄՄ» ՍՊԸ, «Կաթնամթերք Վան» ՍՊԸ, «Կյորու» ՍՊԸ, Ա/Ձ Թունյան Սամվել, Ա/Ձ ԲալոյանՍամվել:

Սննդի անվտանգության պետական ծառայության պետն ասել է, որ այս ընկերությունները կվերսկսեն իրենց գործունեությունը միայն այն դեպքում, եթե ապահովեն սանիտարահիգիենիկ պահանջների կատարումը և փորձնական արտադրանքի լաբորատոր փորձաննքությունը լավ արդյունք արձանագրի։

 Աղբյուրը՝ www.hra.am

Այս խորագրի վերջին նյութերը