Լրահոս

09.11.2012 18:40


Բարեգործական միջոցառում Մոսկվայում

Բարեգործական միջոցառում Մոսկվայում

Նոյեմբերի 8-ին Մոսկվայի «Grande Palace» հյուրանոցային համալիրի շքասրահում տեղի ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի եւ ՌԴ-ում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպված «Մարաթոն 2012»-ի շրջանակներում անցկացվող ամենամյա բարեգործական ճաշկերույթը՝ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, Հայ առաքելական եկեղեցու ռուսաստանյան թեմի առաջնորդ Եզրաս Ներսիսյանի, ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանի, «Ռուսաստանի հայերի միության» նախագահ Արա Աբրահամյանի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի և ռուսաստանաբնակ հայ գործարարների մասնակցությամբ:

Բարեգործական ճաշկերույթին բացման խոսքով հանդես եկավ ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, ով ընդգծեց բարեգործության և միասնության խորհրդի նշանակությունը հայ ժողովրդի պատմական անցյալում՝ նշելով մեր օրերում հասարակության բոլոր շրջանակների միահամուռ և հայանպաստ գործունեության կարևորությունը  համահայկական ծրագրերի իրականացման հարցում: 

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ներկաներին ուղղված խոսքում նշեց, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կայացմանն ուղղված յուրաքանչյուր նվիրաբերում ծառայում է իր նպատակին և ուղղված է Արցախի ժողովրդի բարեկեցությանը: Բակո Սահակյանն ընդգծեց նաև, որ այս տարի հիմնադրամի կողմից կազմակերպված բարեգործական ճաշկերույթները և «Մարաթոն 2012»-ն անցկացվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շրջանակներում:

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայ գործարարներին ուղղված խոսքում ընդգծեց Սփյուռքի, Մայր Հայաստանի և Արցախի միասնության առաջնահերթությունը` որպես հայոց պետականության զարգացման հիմնարար պայման:

Ելույթներով հանդես եկան նաև Հայ առաքելական եկեղեցու ռուսաստանյան թեմի առաջնորդ Եզրաս Ներսիսյանը, «Ռուսաստանում հայերի միության» նախագահ Արա Աբրահամյանը և այլք:          

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը ներկայացրեց վերջին տարում հիմնադրամին նվիրաբերված միջոցներով իրականացված աշխատանքներն Արցախի տարբեր շրջաններում: Ճաշկերույթի ընթացքում ցուցադրվեց նաև հիմնադրամի կողմից պատրաստված տեսաֆիլմը 2011թ. իրականացված աշխատանքների մասին: 

Այս խորագրի վերջին նյութերը