Լրահոս

09.11.2012 14:42


Այսօր Բեռլինի պատի անկման 23–ամյակն է

Այսօր Բեռլինի պատի անկման 23–ամյակն է

Նոյեմբերի 9-ին Գերմանիայում նշվում է Բեռլինի պատի անկման 23-ամյակը։ 1989թ. նոյեմբերի 9-ին՝ ժ. 19:34–ին, ԳԴՀ կառավարության ներկայացուցիչ Գյունտեր Շաբովսկին ուղիղ եթերում հայտարարեց, որ հաջորդ օրվանից ԳԴՀ բնակիչները կարող են անարգել արտոնագիր ստանալ՝ Արևմտյան Բեռլին և Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն այցելելու համար, սակայն չսպասելով այդ օրվան՝ հարյուրհազարավոր մարդիկ երեկոյան ուղղվում են դեպի սահման։ Սահմանապահները նախ փորձում են հետ մղել ամբոխին, սակայն հետո ստիպված են լինում բացել սահմանը։ Արևելյան Գերմանիայի բնակիչները սկսում են անցնել Արևմտյան ԳերմանիաՀաջորդ 3 օրվա ընթացքում արևմտյան կողմ է անցնում 3 մլն մարդ:

Բեռլինի պատը, որը «սառը պատերազմի» ամենանշանավոր խորհրդանիշն էր, կառուցվել էր 1961թ. օգոստոսի 13-ին, Վարշավյան պայմանագրի երկրների կոմունիստական և աշխատավորական կուսակցությունների քարտուղարների առաջարկով: Արևմտյան Բեռլին այցելելու համար Գերմանիայի Դեմոկրատական հանրապետության քաղաքացիներից հատուկ թույլտվություն էր պահանջվում: Ազատ անցման իրավունք ունեին միայն թոշակառուները: Տարբեր տվյալներով՝ Բեռլինյան պատն անցնելու փորձի ժամանակ զոհվել է 125-1245 մարդ, եղել են հարյուրավոր վիրավորներ, ավելի քան 75 000 մարդ ձերբակալվել է: ԳԴՀ քրեական օրենսդրության համաձայն՝ պատից այն կողմ անցնելը համարվում էր փախուստ, որի համար սպառնում էր ութ տարվա ազատազրկում: Առավել վտանգավոր էր փախուստին օգնողների վիճակը. նրանց ցմահ բանտարկություն էր սպասվում: ԳԴՀ պետական անվտանգության նախարարության արխիվներում պահպանված փաստաթղթերը վկայում են, որ իշխանությունները հրամայել են ոչնչացնել բոլոր  փախուստի դիմողներին անխտիր՝ ներառյալ երեխաները:

1989 թվականի նոյեմբերի 28-ին Գերմանիայի կանցլեր Հելմութ Քոլը 10 կետից բաղկացած վերամիավորման ծրագիր է մշակում։ Դեկտեմբերի 8-ին Եվրախորհրդի ղեկավարները հանդիպում են Ստրասբուրգում և համաձայնում սատարել Գերմանիայի միավորմանը՝ չնայած այդ հեռանկարին ընդդիմանալու ֆրանս-բրիտանական նախաձեռնությունն առաջ մղելու Մարգարեթ Թետչերի ջանքերին: 1990թ. մայիսի 18-ին գերմանական երկու պետությունները ստորագրում են պայմանագիր՝ քաղաքական, դրամական, տնտեսական և սոցիալական միավորման մասին, որն ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ին: 1990թ. հոկտեմբերի 3-ին Գերմանիան պաշտոնապես վերամիավորվում է: Այդ օրը դարձել է միավորված Գերմանիայի պաշտոնական տոնը։

Այս խորագրի վերջին նյութերը