Տնտեսական

09.11.2012 13:54


Չգործող «Նաիրիտը» կառավարության վրա արժենում է շուրջ 2 մլն դոլար

Չգործող «Նաիրիտը» կառավարության վրա արժենում է շուրջ 2 մլն դոլար

«Նաիրիտ գործարանի» աշխատակիցները կրկին ոտքի են ելել. նրանք պահանջում են վճարել ամիսներ շարունակ չվճարված աշխատավարձերը: 

Ռաֆիկ Պետրոսյանը 2010թ. փետրվարից հարկադիր պարապուրդի մեջ է: Նա 20 տարի «Նաիրիտ գործարանի» Քլորոպրենի մեխանիկական ծառայությունում փականագործ է աշխատում և արդեն 9 ամիս է` աշխատավարձ չի ստացել: Ռաֆիկը կատակով ասում է, որ գործարանն այնքան է ուշացնում աշխատավարձերը, որ արդեն մոռացել է, թե վերջին աշխատավարձը որ ամսվա համար է ստացել: Ռաֆիկը ստանում է իր աշխատավարձի 2/3-րդը` որպես հարկադիր պարապուրդի մեջ գտնվող աշխատակից:

«Նաիրիտ գործարանի» պարտքը Ռաֆիկին արդեն շուրջ 1 մլն դրամ է կազմում: Իսկ այդ ընթացքում Ռաֆիկը ստիպված է տարբեր գործեր անել իր 6 անդամից բաղկացած ընտանիքը պահելու համար: 

«Տան տղամարդ եմ, ես որ տուն եմ գնում, թոռներս ասում են` պապի ինչ ես բերել, պապը մեռնի, ինչ բերի, որտեղից բերի. ոչ գողանում, ոչ մի բան, գալիս եմ մաքուր աշխատում եմ, իսկ իմ թոռանը չի հետաքրքրում»,- ասում է 40 տարի գործարանում աշխատող Ս.-ն (աշխատակիցների խնդրանքով չենք հրապարակում նրանց անունները): 

«Նաիրիտ գործարանի» մեկ այլ աշխատակից, ով նույնպես խնդրեց իր անունը չհրապարակել, պատմեց, որ 2011թ. դեկտեմբերի աշխատավարձը ստացել է այս տարվա սեպտեմբերի վերջին: Իսկ այս տարվա 10 ամսվա աշխատավարձ դեռ չի ստացել: Իր վերջնահաշվարկը չի ստացել նաև մեկ այլ աշխատակից, ով 6 ամիս առաջ ազատվել է աշխատանքից: 

«Նաիրիտ գործարանի» աշխատակիցներն արդեն չեն հավատում, որ երբևէ իրենց աշխատավարձերի պարտքերը գործարանը կփակի. «Ամեն ամսվա 15-ին ասում են` ամսվա վերջին կտանք, ամսվա վերջը գալիս է, ասում են` մյուս ամսվա 15-ին կտանք, էլի սկիզբ է գալիս, 15 է գալիս ու վերջ է գալիս,- ասում է Ռ.Պետրոսյանը,- միշտ ասում են` լավ կլինի: Փակված օրվանից ասում են` լավ կլինի: Մի օր ասում են` չինացիներն են առնում, մի օր` հնդկացիները: Երկրում պետություն չմնաց որ չառնի, մենակ Հայաստանը չի առնում: Սաղ առնում են, բայց ոչ ոք էլ չի առնում»: 

«Տնօրենն ասում է` ով ուզում է հետներս աշխատի, թող աշխատի, ով չի ուզում` թող գնա»,- ավելացնում է Ն.-ն:  «Բոլորը երեխաներ ունեն, ուսանող են, երեխան մեղավո՞ր է, որ հերը աշխատում է, փողը չի ստացել: Դուրս գա, թող օլիգարխները մենակ սովորեն,- ավելացնում է Մ.-ն,- հյուրանոց ու կազինո են բացում, պրեզիդենտը գնում կտրում է, այ նախագահ, հյուրանոցով ու կազինոյով ազգ ես պահո՞ւմ»:

Եվ այսպես, մեր տեղեկությունների համաձայն, մինչև 100 հազար դրամ աշխատավարձ ստացողները չեն ստացել 9 ամսվա աշխատավարձ, իսկ 100-ից բարձր աշխատավարձ ստացողները չեն ստացել 11 ամսվա աշխատավարձ: «Նաիրիտ գործարանի» հասարակայնության եւ ԶԼՄ-ների հետ կապերի ծառայության պետ Անուշ Հարությունյանը, սակայն, վստահեցնում է, որ բանվորները 6 ամսվա աշխատավարձ չեն ստացել, իսկ ղեկավար անձնակազմը` 8. «Բոլորին հավասարաչափ տալիս են, ու աշխատավարձը 6-8 ամսվա մեջ է տատանվում»: Չաշխատող գործարանին աշխատավարձի վճարման հարցում օգնում է կառավարությունը: «Մենք դիմում ենք էներգետիկայի նախարարին, իրենք էլ այսօր զբաղվում են «Նաիրիտի» խնդիրներով, աշխատավարձի մասով էլ զբաղվում է նախարարությունը»,- ասում է Անուշ Հարությունյանը: 

Ղեկավար անձնակազմն ու բանվորների մի մասը դեռ ամեն օր գալիս է աշխատանքի. «Ինչ ասում են` էն ենք անում, կտրտում ենք, հավաքում ենք, բոլտ ենք ձգում, բոլտ ենք քանդում,-ասում է Ն.-ն: «Երկաթ ենք կտրում, տալիս ենք խալխին»,- ավելացնում է Մ.-ն: Աշխատակիցները պատմում են, որ գործարանից մետաղի ջարդոններ են վաճառվում: Նրանք հաճախ են տեսնում մետաղներով բեռնված մեքենաները գործարանից դուրս գալիս: Անուշ Հարությունյանը հաստատում է դա` նշելով, որ գործարանում կա հսկայական քանակությամբ ոչ պիտանի ապրանք, որը պիտի վաճառվի, սակայն որևէ պետքական սարքավորում կամ խողովակ գործարանից դուրս չի գալիս: Կառավարության «Հետքի» աղբյուրը հայտնում է, որ անցյալ տարի «Նաիրիտը» 8000 տոննա մետաղի ջարդոնի պայմանագիր է կնքել և արդեն 7000 տոննան վաճառել է: 

«Ամեն կաբինետ մտնում ես, լիքը աշխատող, ես արտադրանք եմ տալիս, իսկ իրենց կարճ յուբկաներով նստած եսիմ ինչ են անում ու մեզանից շատ են ստանում»,- ասում է Մ.-ն: 

2006-2007թթ. գործարանում աշխատում էր 2100 մարդ, գործարանը ամսական 700-800տ արտադրանք էր տալիս: Այդ տարիներին մեկ ամսվա աշխատավարձի ֆոնդը 160 մլն դրամ էր: 2100 աշխատակցից 1400-ը արտադրությունում էր աշխատում, 700-ը` սպասարկող անձնակազմն ու ղեկավարությունն էր: 1400-ը ստանում էր 100 մլն դրամ աշխատավարձ, իսկ 700-ը ստանում էր 60 մլն դրամ աշխատավարձ:

Այսօր չաշխատող «Նաիրիտի» մեկ ամսվա միայն աշխատավարձի ֆոնդը կազմում է շուրջ 560 մլն դրամ` 1.3 մլն դոլար:  2008-ից գործարանում աշխատակիցները թիվն ավելացավ և հասավ շուրջ 3000-ի, այսինքն` 900 աշխատակից ավելացավ: Ընդ որում` բանվորության քանակը չի ավելացել, ինչպես կար 1400, այնպես էլ մնացել է: Ավելացել է սպասարկող անձնակազմը և ղեկավարությունը: 1400 բանվորի աշխատավարձի ֆոնդը ավելացել է 20 մլն-ով և դարձել 120 մլն դրամ, 700 հոգու աշխատավարձը 60 մլն-ից դարձել է 100 մլն դրամ: 340 մլն դրամը ստանում է 900 հոգին:

Ըստ Անուշ Հարությունյանի` հիմա գործարանում աշխատողների թիվը 3000-ից պակաս է` մոտ 2800, կրճատումներ եղել են անցյալ տարի, իսկ այս տարի կրճատումներ չեն եղել: Ըստ նրա` այս տարի աշխատողների թիվը որոշ չափով նվազել է, որովհետև մարդիկ իրենք են ազատվել աշխատանքից:

«Նաիրիտ գործարանի» գլխավոր տնօրենի աշխատավարձը, «Հետքի» կառավարության նույն աղբյուրի տեղեկություններով, շուրջ 7 մլն դրամ է: Տեղակալները ստանում են 3.5 մլն դրամ:

 «Նաիրիտ գործարանը» չի աշխատում 2010-ի փետրվարից: Այս ժամանակահատվածում որպես աշխատավարձ վճարվել է շուրջ 40 մլն դոլար:  Աշխատավարձերը վճարվել է «Երևան ՋԵԿ»-ից, «Որոտան ՀԷԿ»-ից վերցված փոխառություններով: Չնայած այս ձեռնարկությունները օրենքով չեն կարող փախառություններ տալ, բայց էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հրանհանգով դա անում են: Եվ չգործող «Նաիրիտը» կառավարության վրա արժենում է շուրջ 2 մլն դոլար, այդ թվում 1.3 մլն դոլարը` աշխատավարձերի գծով: 

Հոկտեմբերի 2-ին «Նաիրիտ գործարանի» աշխատակիցները հավաքվել են գործարանի մոտ և պահանջել վճարել իրենց աշխատավարձերը: Նրանք պատմում եմ, որ գործարանի գլխավոր տնօրեն Հովիկ Հախինյանը աշխատակիցներին ասել է սպասել մինչև նոյեմբերի 15-ը: Գործարանի աշխատակիցները լսել են ռուսական «Իտերա» ընկերության մասին, որն իբրև թե ուզում է գալ և գործարանն աշխատեցնել, սակայն առ այսօր ոչինչ հստակ չէ: «Իտերայի» գալու մասին «Նաիրիտի» մամուլի պատասխանատուն ասաց, որ միայն կառավարությունը կարող է պատասխանել, քանի որ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունն է զբաղվում դրանով. «Մենք օգոստոսից սկսած ամեն ամիս լսում ենք, որ «Իտերան» գալիս է, մեզ համար էլ դա լուրերի մակարդակում է»: 

Գործարանի աշխատակիցները մեզ հետ զրույցում նշեցին, որ համաձայն են նույնիսկ չստանալ մի քանի ամսվա աշխատավարձը, որպեսզի այդ գումարները ներդրվեն գործարանը նորից աշխատեցնելու համար… «Միայն թե «Նաիրիտն» աշխատի»:

hetq.am

 

Այս խորագրի վերջին նյութերը