Լրահոս

08.11.2012 17:42


ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան գործարկում է ժամկետային վարկային ռեսուրսների հարթակը

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան գործարկում է ժամկետային վարկային ռեսուրսների հարթակը

Այսօր ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան հայտարարեց ժամկետային վարկային ռեսուրսների հարթակի գործարկման մասին: Նոր հարթակում կկազմակերպի 7 օր ժամկետայնությամբ միջբանկային վարկային գործարքների կնքման գործընթացը:

2013թ.-ին նախատեսվում է համալրել այս հարթակի գործիքակազմը նոր` երկարաժամկետ և կարճաժամկետ վարկային ռեսուրսներով՝ շուկայի մասնակիցներին առաջարկելով դրամական շուկայի գործիքների լայն շրջանակ, որը ներկայումս ներառում է նաև 2010թ.-ի ապրիլից սպասարկվող օվերնայթ վարկային ռեսուրսների հարթակը:

«Սա ևս մեկ կարևոր քայլ է բորսայական ծառայությունների ընդլայնման և նոր ֆինանսական գործիքներ շուկային առաջարկելու գործում: Ներկայումս մենք արդեն ապահովում ենք բաժնետոմսերի, կորպորատիվ և պետական պարտատոմսերի, արտարժույթի, ռեպո պայմանագրերի, օվերնայթ վարկերի և ժամկետային վարկային ռեսուրսների առևտուրը և քլիրինգը», ասաց ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի Գլխավոր տնօրեն՝ պրն Կոնստանտին Սարոյանը:

Ակնկալվում է, որ ժամկետային վարկային ռեսուրսների հարթակը կդառնա Բորսայի կողմից կազմակերպվող ամենամեծ շուկաներից մեկը: Օվերնայթ վարկային ռեսուրսների հարթակի հետ մեկտեղ այն կստեղծի ակտիվների առավել արդյունավետ և ճկուն կառավարման հնարավորություններ, ինչպես նաև կնպաստի կարճաժամկետ վարկային տոկոսադրույքների արդար և թափանցիկ գնագոյացմանը:

«Ժամկետային վարկային ռեսուրսների հարթակն իր էությամբ բացառիկ է ֆինանսական շուկաների համար, քանի որ համատեղում է անանուն երկկողմանի աճուրդը և գրավի կենտրոնացված կառավարումը, որի ամբողջ գործընթացը ղեկավարվում է բարդ ծրագրային համակարգերի միջոցով: Մեր թիմի կատարած աշխատանքի շնորհիվ այսօր մենք շուկային առաջարկում ենք նորարարական լուծումներով սկզբունքորեն նոր ֆինանսական գործիք», նշեց ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի Գլխավոր տնօրենի տեղակալ՝ պրն Կարեն Զաքարյանը:

Ժամկետային վարկային ռեսուրսների հարթակում առևտրին մասնակցելու են ՀՀ առևտրային բանկերը: Առևտրային նստաշրջաններն անցկացվելու են ամեն աշխատանքային օր` 11:00-ից մինչև 13:00-ը: Առևտրային նստաշրջանի փակմանը հաջորդող տաս րոպեների ընթացքում կանցկացվի հետառևտրային նստաշրջան, որի ընթացքում շուկայի մասնակիցները հնարավորություն կունենան վարկային ռեսուրսներ տրամադրել և ստանալ տվյալ առևտրային օրվա ընթացքում ձևավորված միջին կշռված տոկոսադրույքով: 

Այս խորագրի վերջին նյութերը