Լրահոս

08.11.2012 14:19


Քննարկվել են Ախալցիխե-Բաթումի ավտոճանապարհի շինարարության հնարավորություններն ու ժամկետները

Քննարկվել են Ախալցիխե-Բաթումի ավտոճանապարհի շինարարության հնարավորություններն ու ժամկետները

Նոյեմբերի 7-ին Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը հանդիպեց Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նորանշանակ նախարար Դավիթ Նարմանիայի հետ:

Հանդիպման ընթացքում դեսպան Մանուկյանը զրուցակցին շնորհավորեց խորհրդարանական ընտրություններում նախարարի կողմից ներկայացվող քաղաքական ուժի հաղթանակի և կառավարության ձեւավորման կապակցությամբ` հույս հայտնելով, որ Վրաստանի նոր կառավարությունը շահագրգիռ կլինի Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունների խորացման գործում:

Անդրադառնալով նախարարության նախկին ղեկավարության հետ ձևավորված սերտ համագործակցության արդյունավետությանը ինչպես օպերատիվ լուծում պահանջող հարցերում, այնպես էլ ենթակառուցվածքների զարգացմանն առնչվող հեռանկարային ծրագրերի իրագործման ընթացքում` ՀՀ դեսպանը, մասնավորապես, ընդգծեց նման գործելաոճի շարունակականության պահպանման և առավել ընդլայնման կարևորությունը: Նախարար Նարմանիան պատրաստակամություն հայտնեց շարունակել համագործակցությունը հայկական կողմի հետ ձևավորված սերտ գործընկերային ոգուն համապատասխան:

Զրուցակիցները քննարկեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ծրագրեր, մասնավորապես` Հայաստանում նախատեսվող հյուսիս-հարավ ավտոմայրուղու և Վրաստանի իշխանությունների կողմից որպես առաջնահերթ հռչակված Ախալցիխե-Բաթումի ավտոճանապարհի շինարարության հնարավորություններն ու ժամկետները: Դեսպան Մանուկյանն ընդգծեց ձմռանն ընդառաջ Վերին Լարսի հատվածում ճանապարհային անցողունակության հետ կապված նախապատրաստական աշխատանքների իրականացման կարեւորությունը, ինչը հնարավորություն կտա նվազեցնել այդ հատվածով երթևեկող Հայաստանի և Վրաստանի քաղաքացիների հնարավոր բարդությունները` կապված եղանակային անկանխատեսելի զարգացումների հետ: Դավիթ Նարմանիան խոստացավ ապահովել բոլոր անհրաժեշտ գործողությունները նշված անցակետի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով:

ՀՀ դեսպանն ու նախարարը պայմանավորվածություններ ձեռք բերեցին ընթացիկ և հեռանկարային համագործակցության ապահովման համար անհրաժեշտ հաղորդակցության եղանակների վերաբերյալ:

Այս խորագրի վերջին նյութերը