Լրահոս

08.11.2012 12:04


Քերոլայն Քոքս. «Իմ ելույթն Ադրբեջանի դեմ ուղղված քննադատություն է, սակայն այն, ինչ ես կասեմ, տեղեկություն է հենց «առաջին ձեռքից»»

Քերոլայն Քոքս.  «Իմ ելույթն Ադրբեջանի դեմ ուղղված քննադատություն է, սակայն այն, ինչ ես կասեմ, տեղեկություն է հենց «առաջին ձեռքից»»

«Asbarez»–ի փոխանցմամբ՝  Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսը Միացյալ Թագավորության և Ադրբեջանի միջև հարաբերությունների վերաբերյալ քննարկումների ընթացքում հանդես է եկել Բաքվի հանդեպ քննադատական հայտարարությամբ։

 «Ես այցելել եմ այդ տարածաշրջան 78 անգամ՝ հիմնականում Լեռնային Ղարաբաղի դեմ մղվող պատերազմի ընթացքում։ Ցավում եմ, որ իմ ներդրումն այս գործում բացասական է լինելու, քանի որ իմ ելույթն Ադրբեջանի դեմ ուղղված քննադատություն է, սակայն այն, ինչ ես կասեմ, տեղեկություն է հենց «առաջին ձեռքից»,–ասել է բարոնուհին ու շարունակել՝ նշելով, որ ուղղակի ցնցված էր Ադրբեջանի կողմից հակամարտության սկզբնական փուլում Լեռնային Ղարաբաղում հայերի նկատմամբ էթնիկ զտումների մանրակրկիտ մշակված քաղաքականությունից։

 Քոքսը հիշատակել է ադրբեջանցիների կողմից իրականացված տխրահռչակ «Կոլցո» գործողության, ինչպես նաև Բաքվում և Սումգայիթում սպանված հայերի մասին։

«Ես իմ աչքով եմ տեսել այն բոլոր պատերազմական հանցագործությունները, որոնք նախապատրաստվել են ադրբեջանցիների կողմից, որոնցից մեկն է նաև Մարաղայի հայ բնակչության դաժան սպանդը։ Բացի այդ, ես նաև եղել եմ Խոջալուում, և կարող եմ վստահեցնել, որ այնտեղ տեղի ունեցած ողբերգական դեպքերն իրականում չեն համապատասխանում ադրբեջանական կողմի ներկայացրած պատկերին։ Այս հարցում ինձ հետ համակարծիք են նաև անկախ լրագրողներն ու Ադրբեջանի նախկին նախագահ Մութալիբովը»,նշել է Քոքսը։

Իր խոսքում անդրադառնալով նաև Բուդապեշտի կողմից ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնմանն ու Ադրբեջանի իշխանությունների կողմից նրա հերոսացմանը՝ Քոքսն ասել է.

«ԱՄՆ-ը և Ռուսաստանն արձագանքել են այս միջադեպին՝ քննադատելով և Բաքվից ու Բուդապեշտից բացատրություններ պահանջելով։ Այժմ թույլ տվեք հարցնել՝ ինչպե՞ս է արձագանքել մարդասպանի ազատարձակմանն ու հերոսացմանը Մեծ Բրիտանիան»։

Այս խորագրի վերջին նյութերը