Լրահոս

22.11.2010 16:30


Շարունակվում է ԼՂՀ նախագահի այցն ԱՄՆ

Շարունակվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լոս Անջելեսում կայանալիք հերթական հեռուստամարաթոնի նախապատրաստական աշխատանքներին մասնակցելու նպատակով' ուղղված Արցախի վերականգնման ու զարգացման համար դրամահավաքին:

ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդագրության համաձայն, նոյեմբերի 19-ին Բակո Սահակյանը ելույթով հանդես է եկել Օրենջ Քաունթիի Միջազգային հարաբերությունների խորհրդում:

Միջոցառմանը մասնակցում էին Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանը, ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, ԱՄՆ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, Արցախի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Նորեկ Գասպարյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նույն օրը Բակո Սահակյանն այցելել է Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդ և հանդիպել նրա անդամների հետ' խորհրդի նախագահ Էրիկ Գարսետիի գլխավորությամբ:

Երկրի ղեկավարը մասնակցել է քաղաքային խորհրդի նիստին և իր խոսքում շնարհակալություն հայտնել Լոս Անջելեսի իշխանություններին' մեր հայրենակիցների հանդեպ ունեցած վերաբերմունքի, հայ ժողովրդի առջև ծառացած հիմնախնդիրների լուծմանը սատարելու համար:

Ելույթներով հանդես են եկել նաև քաղաքային խորհրդի անդամները: Ողջունելով Նախագահին' նրանք ընդգծել են, որ կարևորում են ազատ, անկախ ու ժողովրդավարական Արցախի գոյությունը: Նրանց խոսքով' Արցախի և Միացյալ Նահանգների պատմության և պետականաշինության մեջ կան բազմաթիվ ընդհանրություններ, ինչն ավելի լավ հեռանկարներ է ստեղծում երկկողմ հարաբերությունների զարգացման ու խորացման համար:

Միջոցառումներին ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանը, Միացյալ հայկական հիմնադրամի նախագահ, "Լինսի" հիմնադրամի փոխնախագահ Հարութ Սասունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նոյեմբերի 19-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն այցելել է նաև Հայ Առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդարան և հանդիպել թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Դերդերյանի, ծխական խորհրդի և հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Նախագահը կարևոր է համարել թեմի նոր' Սրբոց Ղևոնդյանց Մայր տաճարի կառուցումը' նշելով, որ այս եկեղեցին ոչ միայն հայ ճարտարապետության կոթողներից մեկն է, այլ նաև մեծ դերակատարություն կունենա Սփյուռքում ազգապահպանության գործում:

Հանդիպման ժամանակ արծարծվել են Արցախի սոցիալ-տնտեսական իրավիճակին և Հայրենիք-Սփյուռք հարաբերություններին վերաբերող հարցեր: Բակո Սահակյանը բարձր է գնահատել Հայ Առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի ներդրումը Արցախին սատարելու գործում:

Հանդիպմանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նոյեմբերի 20-ին Բակո Սահակյանը Լոս Անջելեսում հանդիպում է ունեցել Հնչակյան սոցիալ-ժողովրդավարական կուսակցության Արևմտյան Ամերիկայի վարչական մարմնի անդամների հետ' ատենապետ Վազգեն Խոդանյանի գլխավորությամբ:

Նույն օրը Նախագահն ընդունել է նաև Ռամկավար Ազատական կուսակցության կենտրոնական վարչության անդամներին' Արևմտյան Ամերիկայի շրջանային վարչության ատենապետ Հակոբ Նազարյանի գլխավորությամբ:

Հանդիպումների ժամանակ քննարկվել են ԼՂՀ սոցիալ-տնտեսական իրավիճակին, տարածաշրջանային զարգացումներին և Արցախ-Սփյուռք կապերի ներկա մակարդակին և հեռանկարներին վերաբերող հարցեր:

Երկրի ղեկավարը կարևորել է ավանդական կուսակցությունների դերակատարությունը Սփյուռքի կյանքում և Արցախին սատարելու գործում:

Հանդիպմանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Այս խորագրի վերջին նյութերը