Լրահոս

06.11.2012 01:59


ԱԳ նախարարն ընդունեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցչին

ԱԳ նախարարն ընդունեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցչին

Նոյեմբերի 5-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրային (James Appathurai):

 

Ողջունելով հյուրին` արտգործնախարարը դրական գնահատեց Հայաստան–ՆԱՏՕ համագործակցության բնագավառում արձանագրված արդյունքները՝ այդ առումով կարևորելով նաև ամեն տարի Հայաստանում ավանդաբար անցկացվող ՆԱՏՕ-ի շաբաթը:

 

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան Հայաստանի և Հյուսիսատլանտյան դաշինքի փոխգործակցությանը վերաբերող մի շարք օրակարգային հարցերի` մասնավորապես Գործընկերություն հանուն խաղաղության, Եվրաատլանտյան գործընկերության խորհրդի և Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) շրջանակներում իրականացվող համագործակցությանը, Հայաստանի մասնակցությանը խաղաղապահ գործողություններին:


Արտգործնախարարը հյուրին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Այս ենթատեքստում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչը վերահաստատեց Դաշինքի լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերին:

Այս խորագրի վերջին նյութերը