Լրահոս

05.11.2012 20:08


Հանքափորների գործադուլը՝ Վրաստանի նոր իշխանությունների առաջին մարտահրավեր

Հանքափորների գործադուլը՝ Վրաստանի նոր իշխանությունների առաջին մարտահրավեր

Բանվորները դժգոհ են վարձատրությունից եւ աշխատանքային պայմաններից, մինչդեռ հանքի նոր սեփականատերերը պնդում են, որ 6 ամիս առաջ են ստանձնել հանքաարդյունաբերական ընկերության ղեկը, եւ իրենց անելիքները դեռ շատ են:

Վրաստանի արեւմուտքում շուրջ 3 000 հանքափորներ գործադուլ են հայտարարել՝ աշխատավարձի բարձրացում եւ աշխատանքային պայմանների բարելավում պահանջելով: Գործադուլը նախանշում է այն դժվարությունները, որոնց բախվելու է երկրի նոր կառավարությունը, որը նախընտրական քարոզարշավի ժամանակ խոստանում էր բարելավել աշխատանքային պայմանները:

Մինչ Չիատուրայում աշխատող 2 700 հանքափորները պատրաստվում են կրկին բողոքի ցույց անցկացնել, կառավարության կողմից կազմավորված հանձնաժողովը կուսումնասիրի ստեղծված իրավիճակը: Ուկրաինացիների կողմից գնված «Georgian Manganese» ընկերությունը եւ բանվորները համաձայնվել են ընդգրկվել հանձնաժողովի կազմի մեջ, որը պետք է ուսումնասիրի գոյություն ունեցող տարաձայնությունների առարկան:

Հանքագործները պահանջում են 100 տոկոսով բարձրացնել իրենց աշխատավարձը, բարելավել աշխատանքային պայմանները եւ պատշաճ պաշտպանիչ հագուստ տրամադրել`կոչ անելով «Georgian Manganese» ընկերությանը հրապարակել այս պահանջների կատարման ժամկետները:

Ընկերությունն ընդամենը 6 ամիս առաջ է գնել Չիատուրայի հանքերը, որտեղ խորհրդային տարիներին մանգանի արտադրությունը առաջատար դիրքերում էր:   

Հանքափորների միջին աշխատավարձը կազմում է 250-400 լարի`150-ից 240 դոլար, իսկ հանքերի առավել վտանգավոր գոտիներում աշխատող բանվորների աշխատավարձը հասնում է 700 լարիի:

Հանքաարդյունահանողների գործադուլը սկսվեց Բիձինա Իվանիշվիլու գլխավորած «Վրացական երազանք» դաշինքի՝ հոկտեմբերի 1-ին կայացած խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակից հետո:

Նախընտրական քարոզարշավի ընթացքում Իվանիշվիլին խոստացել էր բարելավել աշխատանքային պայմանները, եւ հանքափորները բացեիբաց ընդունում են,որ իրենց գործադուլի նպատակն է ստիպել նոր կառավարությանը կատարել այս խոստումը:

«Նախկինում չէինք համարձակվում գործադուլ անել, որովհետեւ վախենում էինք, որ մեզ պարզապես կազատեին աշխատանքից: Այժմ հույս ունենք, որ նոր կառավարությունն այդպես չի վարվի եւ կաջակցի մեզ», - IWPR-ին ասաց 53-ամյա հանքափոր Գայոզ Յոբաշվիլին:

Չիատուրա նահանգը Վրաստանի խորհրդարանում ներկայացնող, «Վրացական երազանք» դաշինքի պատգամավոր Մալխազ Ծերեթելին հայտարարել է, որ կառավարության պաշտոնյաներն արդեն իսկ հանդիպել են ընկերության  ներկայացուցիչների եւ աշխատակիցների հետ:

«Վրացական երազանք» դաշինքի կազմում գտնվող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Թինաթին Խիդաշելին հոկտեմբերի 18-ին հանդիպել է ընկերության սեփականատերերի հետ եւ փոխանցել է գործադուլի մասնակիցներին նրանց առաջարկը:  

«Միայն ընտրություններում մեր տարած հաղթանակը դեռեւս չի նշանակում, որ ամեն ինչ ավարտված է: Մեր պարտավորություններն ընտրողների նկատմամբ այսքանով չեն ավարտվում. մենք անպայման կլուծենք այս խնդիրները: Ներդրողը պատրաստ է 25 տոկոսով բարձրացնել աշխատավարձերը, բայց այս գումարը պետք է վճարվի այն խրախուսական գումարներից, որոնք որոշ հանքափորներ ստանում են, իսկ մյուսները՝ոչ», - հայտարարել է նա:

Գործադուլի մասնակիցները, սակայն, մերժեցին այս առաջարկը՝խոստանալով շարունակել բողոքի ցույցերը: 20 հանքափորներից բաղկացած մի խումբ անգամ 3 օր շարունակ հանքերից մեկում նստացույց էր անում:

«Եթե անգամ գործադուլն ամիսներ տեւի, մենք չենք պատրաստվում հեռանալ: Մենք կմիանանք բողոքի ցույցերին հանքերում՝ ի նշան աջակցության նստացույց անողներին... մեզ ահաբեկել են ու մեզ հետ վարվել այնպես, կարծես ստրուկ լինեինք, այս ամենին պետք է վերջ տալ», - ասում է գործադուլի կազմակերպչական կոմիտեի անդամ Գուլթամզե Չուբինիձեն:

Հանք այցելող լրագրողներին բանվորները պատմում են, որ իրենց աշխատանքային պայմանները պարզապես սարսափելի են: Նրանք չունեն պաշտպանիչ հագուստ, հանքաարդյունահանման սարքավորումները խորհրդային արտադրության են, անգամ լվացվելու հարմարանքներն են հնացած ու վատ վիճակում:

«Ամեն օր դժբախտ պատահար է լինում, բոլոր սարքերը կոտրված են, բժշկական օգնություն չեն տրամադրում, մեր հագած երկարաճիտք կոշիկները պատռված են ու ջուր են ներծծում: Մեզ շներից էլ վատ են կերակրում: Հանքի սեփականատերերը մեր հաշվին հարստանում են, իսկ մեզ 350 լարի են վճարում: Այդ գումարով կարելի է ընդամենը մի քանի օր ապրել: Այստեղ բոլորը բանկերին պարտք են»:

Հանքաարդյունաբերական ընկերությունն իր հերթին պնդում է, որ աշխատավարձի 100 %-անոց բարձրացումն այս պահին անհնար է, քանի որ ընկերությունն իրեն պարզապես չի կարող դա թույլ տալ:

«Georgian Manganese» ընկերության տնօրեն Վլադիմիր Լոզինսկին հայտարարել է, որ երբեւէ տեղյակ չի եղել աշխատանքային պայմանների մասին եւ կոչ է արել հանքափորներին անանուն կարգով ներկայացնել իրենց դժգոհությունները համատեղ հանձնաժողովին:

Ընկերությունը պնդում է, որ որոշակի ջանքեր է գործադրում իրադրությունը բարելավելու համար՝միաժամանակ ընդգծելով, որ բոլորովին վերջերս է ստանձնել Չիատուրայի հանքերի ղեկավարությունը:

«Մենք անում են այն ամենը, ինչ կարող ենք: Մեր ղեկավարական թիմը բոլորովին վերջերս է սկսել իր աշխատանքները եւ ցանկանում է, որպեսզի Չիատուրան դառնա Վրաստանում ամենալավ աշխատանքի վայրը», - հայտարարել է Լոզինսկին:

Իսկ ընկերության մամլո քարտուղար Մակա Կվարացխելիան նշում է, որ ընկերության անելիքները շատ են.  

«Ես անկեղծորեն ուզում եմ, որպեսզի հանքափորների ամսական աշխատավարձը հասնի 1500-1600 լարիի, բայց ընկերությունը պետք է նախ աշխատի, որպեսզի կարողանա նման աշխատավարձ վճարել: Ինչ վերաբերում է ենթակառուցվածքներին, 3,5 միլիոն արժողությամբ սարքավորումներ են արդեն գնվել եւ գործարկվել: Մենք մի շարք նոր պայմանագրեր ենք ստորագրել, հետեւաբար նոր սարքավորումներ կլինեն ապագայում»:

«Մենք չենք պատրաստվում մեր աշխատակիցներին թողնել ոտաբոբիկ կամ անպաշտպան ձեռքերով: Ղեկավարությունը միայն վեց ամիս առաջ է սկսել աշխատել, եւ մենք պարզապես ֆիզիկապես չէինք կարող հասցնել ավելին, քան արդեն արել ենք: Բոլոր խնդիրներին լուծում կտրվի», - հավելել է ընկերության մամլո քարտուղարը:

Թեա Զիբզիբաձե www.newspress.ge լրատվական կայքի խմբագիր,

Հոդվածն արտատվպում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից 

Այս խորագրի վերջին նյութերը