Լրահոս

05.11.2012 10:53


Պատմական արդարությունը վերականգնելու հարցում Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի դերը

Պատմական արդարությունը վերականգնելու հարցում Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի դերը

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ մամլո քարտուղարությունից տեղեկացնում են, որ ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ Գրիգորյանն իր գոհունակությունն է հայտնել Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան պ. Ռիչարդ Մորնինգսթարի կողմից սկսված կարևոր գործունեության շուրջ` նվիրված Ադրբեջանում մշակութային հուշարձանների պահպանման  աղմկահարույց գործին: Ողջ 2011 թվականի ընթացքում ԵՀՄՖ-ը տարբեր միջազգային ամբիոններից ահազանգում  էր Ադրբեջանի և հատկապես Նախիջևանի տարածքում գտնվող հայկական մշակութային կոթողների ոչնչացման փաստերի շուրջ: Հատկապես կարևոր էր Նոր Ջուղայի /Ջուլֆայի/ խաչքարերի եզակի գերեզմանոցի իսպառ ոչնչացման փաստի շուրջ ԵՀՄՖ-ի բարձրացրած աղմուկը, որին ի պատասխան՝ ստացվեցին ՄԱԿ-ի նախագահ Բանկի Մունի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Իրինա Բոկովայի ոչինչ չասող  պատասխանները: ԵՀՄՖ-ը հայտարարեց, թե կան լուրջ կասկածներ, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ոչ թե հանցագործ անտարբերություն է ցուցաբերում այս հարցի շուրջ, այլ ավելին` նա ունեցել է շահադիտական վերաբերմունք, քանի որ հայտնի է Ադրբեջանի կողմից ՅՈՒՆԵՍԿՕՅ-Ի հաշվին մեկուկես միլիոն ԱՄՆ դոլարի փոխանցման փաստը, որը, սակայն, նույնպես լռության մատնվեց վերոհիշյալ մարմինների կողմից: Այսօր, երբ ողջ Երկիրն ականատես դարձավ կոռուպցիայի մեկ այլ աղմկահարույց գործին` նույն Ադրբեջանի նախագահի կողմից Հունգարիայի վարչապետ Օրբանին ֆինանսապես շահագռգռելու հայտնի փաստին, բացառիկ մեծ հետաքրքրություն է ներկայացնում պ. Մորնինգսթարի հետևողական քայլը`անձամբ այցելելու և համոզվելու, որ Ադրբեջանը խաբում է ողջ աշխարհին՝ հայտարարելով, որ մի քանի հազար հայկական խաչքարերն իրենց տեղում են, ոչնչացված չեն, բայց զարմանալիորեն  պատմագիտական էքսպեդիցիաների մուտքն այդ գոտի արգելվում է իբր անվտանգության նկատառումներով: Քանի որ, այս զավեշտական պատճառաբանությամբ, օրերս արգելվել է նաև ԱՄՆ-ի դեսպանի մուտքը ոչնչացված խաչքարերի գերեզմանոց, ԵՀՄՖ-ը պատրաստվում է պ. Մորնինգսթարին տրամադրել  իր կողմից հրատարակած, Մեծ Բրիտանիայի  հռչակավոր կենտրոններից մեկում  երիտասարդ իրավագետ Տաթևիկ Գրիգորյանի  հեղինակած  գիտահետազոտական աշխատությունը, որտեղ հստակ ներկայացված են Նոր Ջուղայի խաչքարերի համաշխարհային հսկայական արժեքն ու պատմամշակութային  նշանակությունը և նրանց ոչնչացման գործընթացի լուսանկարները: Կան, իհարկե, նաև այլ բազմաթիվ գիտական աշխատություններ, որոնք հաստատում են քսաներորդ դարի քսանականերից սկսված, երբ քարտեզի վրա առաջին անգամ հայտնվեց Ադրբեջան անվամբ պետությունը, վերջինիս կողմից մշտապես իրականացված հայկական կոտորածներն ու մշակութային ժառանգության ոչնչացման փորձերն:

    ԵՀՄՖ-ը ևս մեկ անգամ հայտարարում է, որ Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանության երեք փուլերն էլ առկա են.

ա/ նախապատրաստական շրջան` 1918-1921 թվականներին Բաքվի, Շուշիի և այլ  հայաշատ բնակավայրերում հայտնի կոտորածները և մինչև 1988 թվականը պետականորեն կազմակերպված և իրականացված հայաթափման քաղաքականությունը,

բ/  բուն ցեղասպանություն` 1988-1994թթ.  Ադրբեջանի կողմից պետականորեն իրագործված կոտորածներ Բաքվում, Սումգայիթում, Արցախում  և այլուր, /այդ թվում, նաև`Խոջալույում, որը Ադրբեջանը բացառիկ ապարդյուն փորձում է բարդել Հայաստանի վրա/,

գ/ ցեղասպանության հետքերի վերացում` հանձինս Ադրբեջանի կողմից պետականորեն կազմակերպված և իրականացված   մշակութային կոթողների ոչնչացման:

Ըստ ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ Գրիգորյանի, ԱՄՆի դեսպան պ. Ռիչարդ Մորնինգսթարի դերը լինելու է հսկայական` պատմական արդարությունը վերականգնելու, մարդկության դեմ իրականացված ոճիրը փաստելու և հանցագործությունները գրանցելու ու հետագայում պատժամիջոցներ կիրառելու, ինչպես նաև Ադրբեջանի կողմից շարունակական կերպով միջազգային մաշտաբներով կոռուպցիա ծավալելու  գործընթացը կասեցնելու  հարցում: Դեսպան Մորնինգսթարի հետևողական մոտեցումը ԱՄՆ-ի Կոնգրեսում վերջինիս դեսպանի պաշտոնում հաստատման ժամանակ տրված խոստումի իրականացման փորձն է, որը անկասկած, արժանի  է դրվատանքի:

ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարություն

Այս խորագրի վերջին նյութերը