Լրահոս

04.11.2012 09:59


Երևանում տեղի կունենա աշխարհահռչակ կոմպոզիտոր և դաշնակահար Մարցին Մալինովսկու և հայկական «Con Alma» ջազ բենդի համատեղ ելույթը

Երևանում տեղի կունենա աշխարհահռչակ կոմպոզիտոր և դաշնակահար  Մարցին Մալինովսկու և հայկական «Con Alma» ջազ բենդի համատեղ ելույթը

Վաղը՝ նոյեմբերի 4–ին, Երևանի «The Club» ակումբում տեղի կունենա աշխարհահռչակ լեհ կոմպոզիտոր և դաշնակահար Մարցին Մալինովսկու և հայկական ժամանակակից լավագույն ջազ–բենդերից մեկի՝ «Con Alma»–ի համատեղ ելույթը։

Ծրագրում ընդգրկված են ինչպես Մալինովսկու ստեղծագործությունները, այնպես էլ «Con Alma»–ի ստեղծագործությունները նրա մեկնաբանությամբ։

«Con Alma»–ն հայկական ակումբային երաժշտության ամենասիրված ու սպասված խմբերից մեկն է։ Այն ստեղծվել է2010թ. հայտնի շեփորահար Երվանդ Մարգարյանի և վոկալիստ ու դաշնակահար Նառա Առաքելյանի կողմից, որոնք մինչ այդ հանդես էին գալիս իբրև մենակատարներ և համագործակցել են այնպիսի ժամանակակից լեգենդների հետ, ինչպիսիք են Միշել Լեգրանը (Ֆրանսիա), Իգոր Բուտմանը (Ռուսաստան), Չարլզ Դեվիսը (ԱՄՆ), Զիադ Ռահբանին (Լիբանան), Ալբերտ Առաքելը (Իրան) և այլք։

Խմբում հանդես են գալիս նաև տաղանդաշատ երաժիշտներ Մարատ Հակոբյանը (սաքսաֆոն), Գուրգեն Ղազարյանը (բաս կիթառ), Լևոն Ավետիսյանը (Precussion) և Արմեն Ավետիսյանը (թմբկահար)։

Խմբի ստեղնահար և վոկալիստ Նառա Առաքելյանի խոսքերով՝ թեև Հայաստանյան համատեղ համերգը վաղուց էր ծրագրված, բայց համերգի օրվա նշանակումը անակնկալ է եղել։ Սակայն չնայած սեղմ ժամկետներին իրենք Մարցին Մալինովսկու հետ միասին կարողացել են ֆանտաստիկ ծրագիր կազմել և վստահ են, որ հայ հանդիսատեսը համերգից կհեռանա խիստ տպավորված։

Մալինովսկին արդեն խիստ տպավորված է հայ ջազմեններով ու ընդհանրապես հայկական երաժշտությամբ և որոշել է ավելի լրջորեն ուսումնասիրել հայկական մշակույթը։

Համագործակցության հետագա ծրագրերի մասին խոսելով՝ Նառա Առաքելյանն ասաց, որ առաջիկայում արդեն ծրագրված են համատեղ ձայնագրություններ ու Հայաստանում մշակած ծրագրով համատեղ համերգ նաև Լեհաստանում։

Այս խորագրի վերջին նյութերը