Լրահոս

02.11.2012 17:57


40 քաղաքացիներ Սերժ Սարգսյանին են սպասել՝ ասելու, որ նա իր խոսքի տերը չեղավ (տեսանյութ)

40 քաղաքացիներ Սերժ Սարգսյանին են սպասել՝ ասելու, որ նա իր խոսքի տերը չեղավ (տեսանյութ)

«a1plus.am»–ը փոխանցում է, որ Սերժ Սարգսյանի առանձնատուն տանող ճանապարհին հավաքված մոտ քառասուն քաղաքացիներ այսօր վաղ առավոտից նրան էին սպասում՝ ասելու, որ նա իր խոսքի տերը չեղավ:

«Ի՞նչ եք որոշել, հարգարժա՛ն նախագահ, դուք ինքներդ եք ասել ժամկետը՝ նոյեմբերի 1։ Խնդրում եմ ասել՝ ի՞նչ է փոխվել»,- Սերժ Սարգսյանին հարցնում է Արամի փողոցի բնակչուհի Սոնա Մաղաքյանը։

Սեպտեմբերի 27-ին ՀՀԿ գրասենյակի մոտ Սերժ Սարգսյանը Արամի և Եկմալյան փողացների նախկին բնակիչներին խոստացել էր մինչեւ նոյեմբերի 1-ը լուծել նրանց խնդիրները: Այս մարդկանց 8 տարի առաջ պետական կարիքների անվան տակ դուրս էին հանել իրենց տներից՝ խոստանալով նույն վայրում կառուցվող բազմահարկերում համարժեք փոխհատուցում տալ: Ինչևէ՝ մոտ մեկ ժամ սպասելուց հետո, Սերժ Սարգսյանն իր շարասյունով հայտնվեց, սակայն կանգ չառավ։

«Նա փախավ, չուզեց հանդիպել մեզ հետ, մեր նամակը վերցնել։ Արամի, Եկմալյանի ժողովուրդը արդեն 7 տարի փողոցում է մնացել»–վրդովված ասում է Արամի փողոցի բնակչուհի։

Զայրացած բնակիչները երթով շարժվեցին Սերժ Սարգսյանի նստավայր, սակայն նրանց այստեղ արդեն սպասում էր ոստիկաններից կազմված շղթան։ Բնակիչները, դժվարությամբ ճեղքելով ոստիկաններից կազմված շղթան, փորձեցին մոտենալ նստավայրին։ Ի տարբերություն նախարոդ օրերին, այսօր բնակիչները նույնիսկ չկարողացան մոտենալ Սերժ Սարգսյանի նստավայրի դարպասներին: Ոստիկանները նրանց թույլ չտվեցին։

«Մենք ամբողջ ձմեռ՝ այդ ցրտին ու սառնամանիքին, եկել ենք այստեղ ցույցերի, ոչ ոք մեզ չի լսել։ Հույս ունենք, որ գոնե մինչև ընտրությունները մի բանի կհասնենք»,-ասաց Եկմալյան փողոցի բնակչուհի Անուշիկ Գրիգորյանը։

Վրդովված բնակիչներին զսպելու համար նրանց մոտեցավ նախագահականի նամակների բաժնի աշխատակիցը եւ վերցրեց բողոքի ակցիայի մասնակիցների գրավոր բողոքը՝ խոսատանալով այն փոխանցել հասցեատիրոջը։

Այս խորագրի վերջին նյութերը