Քաղաքական

02.11.2012 15:39


«Ժառանգությունն» ընդունել է վարչապետի առաջարկը

«Ժառանգությունն» ընդունել է վարչապետի առաջարկը

Վաղը «Ժառանգություն» կուսակցությունը կմասնակցի վարչապետի կողմից հրավիրված՝ կոռուպցիայի դեմ պայքարին նվիրված նիստին: Այդ մասին «iLur.am»-ի հետ զրույցում հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
«Վաղուց գործում է այդ մարմինը, օրինակ՝ ես չգիտեմ՝ դա ինչ մարմին է, նախ ուզում եմ տեսնել գործող այդ մարմինը, որի մասին քչերն են տեղյակ: Եթե հրավիրում են, նշանակում է՝ մենք ասելիք կունենան այդտեղ»,–նշել է Ռուբեն Հակոբյանը:
Վերջինս չգիտեր, թե քննարկման ինչ ֆորմատ է ընտրված, սակայն կարծում է, որ այդ հրավերը պետք է ֆորմալ բնույթ չկրի:
«Եթե հրավերը եղավ ֆորմալ, ապա մենք չենք շարունակի մասնակցել այդ քննարկումներին: Եթե անկեղծորեն ընդդիմության ընդգրկումով ուզում են ձևաչափ փոխել և իրական գործողություն ծավալել, ապա կփորձենք մեր մասնակցությամբ և առաջարկություններով անել դա»,–եզրափակել է Ռ. Հակոբյանը:
Հիշեցնենք, որ երեկ կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, թե Սերժ Սարգսյանի պահանջով «վճռական գործողությունների» պիտի անցնեն կոռուպցիայի դեմ պայքարում՝ դրան մասնակից դարձնելով ընդդիմադիր ուժերի, հասարակական կազմակերպությունների և միջազգային կառույցների։ Այդ պատճառով վարչապետը բոլոր ընդդիմադիր ուժերին հրավիրել է մասնակցելու կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստին:

Այս խորագրի վերջին նյութերը