Լրահոս

02.11.2012 10:55


Թուրք լրագրողները հացադուլ են հայտարարել՝ ի պաշտպանություն քուրդ բանտարկյալների

Թուրք լրագրողները հացադուլ են հայտարարել՝ ի պաշտպանություն քուրդ բանտարկյալների

Ստամբուլում մի խումբ լրագրողներ մեկօրյա հացադուլ են հայտարարել։ Դրանով լրագրողները փորձում են կառավարության ուշադրությունը հրավիրել բանտերում հացադուլ սկսած քրդերի վրա։

Ինչպես տեղեկացնում է «CNNturk»-ը, լրագրողները «Մահվան մասին լուր գրել չեմ ցանկանում» վերտառությամբ պաստառ են պարզել և բողոքի գործողություն սկսել Գալաթասարայ հրապարակում։ Նրանք հայտարարել են, թե հացադուլավոր քրդերի մահանալը քրդական հարցը չի լուծի։ Լրագրողների հացադուլը կավարտվի այսօր երեկոյան, ինչից հետո նրանք մամուլի ասուլիսով հանդես կգան։

Հիշեցնենք, որ Թուրքիայի տարբեր բանտերում հացադուլ սկսած քրդերն արդեն 50 օրից ավելի հրաժարվում են սննդից՝ ընդունելով վիտամիններ և խմելով ջուր։ Շուրջ 700 քուրդ փորձում է Թուրքիայի իշխանությունների ուշադրությունը հրավիրել քրդերի վրա և իրենց բանտարկված առաջնորդ Աբդուլլահ Օջալանի համար   բանտային ավելի լավ պայմաններ պահանջում։

 Ավելացնենք, որ երեկ Թուրքիայի գլխավոր բժշկական ընկերակցությունը նախազգուշացրել է, որ արդեն իսկ մահվան վտանգ կա. եթե հացադուլը չդադարեցվի, առաջիկա 10 օրերին արդեն կարձանագրվեն մահվան դեպքեր։

Այս խորագրի վերջին նյութերը