Լրահոս

01.11.2012 20:28


Քննիչը զոհված զինվորի մորն անվանել է «պոռնիկ»

Քննիչը զոհված զինվորի մորն անվանել է «պոռնիկ»

Բանակում խաղաղ պայմաններում զոհված մի քանի զինվորների մայրեր այսօր գնացել են ՀՀ ՊՆ քննչական վարչություն, որպեսզի իրենց երեխաների գործերի վերաբերյալ մի շարք հարցերի պարզաբանումներ ստանան, որտեղ, սակայն, կանանց վրա է հարձակվել ՀՀ ԶԻնվորական դատախազության ՀԿ քննիչ Յուրա Բադալյանը, քաշքշել է նրանց, վիրավորել, իսկ նրանցից Իրինա Ղազարյանին (բանակում զոհված Արթուր Ղազարյանի մայրը – խմբ.) անվանել է «պոռնիկ»: Այդ մասին «Epress.am»-ի հետ զրույցում պատմել են ծնողները:

2007 թվականին զոհված զինծառայող Տիգրան Օհանջանյանի մայրը՝ Գոհար Սարգսյանը, պատմել է, որ իրենք գնացել էին, որպեսզի խոսեն ՊՆ քննչական բաժնի պետ Արմեն Հարությունյանի հետ, սակայն նրա մամուլի պատասխանատու Մերի Սարգսյանը ծնողներին փոխանցել է, որ այդ պահին Հարությունյանը չի կարող նրանց ընդունել և առաջարկել է գալ երեքշաբթի:

Ծնողներից մի քանիսն ասել են, որ իրենք մազերից են գալիս, և ընդամենը 5-10 րոպե են խլելու և պնդել են, որ իրենց ընդունի: Այդ պահին Իրինա Ղազարյանը մի փոքր առաջ է գնացել և բարձր ձայնով պնդել է, որ նրանց այսօր պետք է ընդունեն: Այդ պահին կանանց է մոտեցել Զինվորական դատախազության ՀԿ քննիչ  Յուրա Բադալյանը և սկսել է հայհոյել  ու քաշքշել կանանց:

«Այն կողմից դուռը բացեց՝ ձեռքերը գրպանը դրած, լափառոշ բերանը բացած Յուրա Բադալյանը ու ասեց՝ դուրս եկեք ստեղից, պոռնիկ, դուրս արի, և դա  բոլորի մոտ, Նանային (Նանա Մուրադյան, 2010թ. զոհված զինծառայող Վալերի Մուրադյանի մայրը – խմբ.) հրեց: Ասեցի` ինչո՞ւ, որ դու ու Շոթան (դատաբժիշկ Շոթա Վարդանյան – խմբ.) մեր երեխեքի արյունը լափում եք, մինչև ե՞րբ պիտի ճիշտը չհանեք ջրի երես, ինչի՞ եք խաբում: Ի՞նչ են արել մեր երեխեքը ձեզ, որ մեր երեխեքին սպանում եք»,- պատմել է Իրինա Ղազարյանը:

Գոհար Սարգսյանի խոսքով՝ դրանից հետո Յուրա Բադալյանը մոտեցել է կանանց և, դիմելով Նանա Մուրադյանին, հարցրել, թե իր հետ գործ ունե՞ն:

«Նանան պատասխանեց, որ ուներ, սակայն միջադեպից հետո էլ նրա հետ խոսելու ցանկություն չունի, ասաց, որ Բադալյանն իրավունք չուներ սպանված զինվորի մոր  հետ նման կերպ վարվելու: Բադալյանն էլ սկսեց արդարանալ, որ հիվանդ էր, 2 ամիս աշխատանքի չի եկել: Մայրն էլ ասել է՝ «հոգեկան ես, գնա հոգեբուժարան, թող քո կաբինետից դուրս չգայիր»,- պատմել է Գոհար Սարգսյանը:

Դրանից հետո կանայք գնացել են Պաշտպանության նախարարություն և միջադեպի հետ կապված դիմում-բողոք են ներկայացրել:

«Այդ նույն դիմում բողոքից գրել ենք նաև ՀՀ նախագահին, մարդու իրավունքների պաշտպանին, գլխավոր դատախազին: Նաև ոստիկանապետին ենք գրելու, որ ՊՆ քննչական վարչությունում կատարվել է  խուլիգանություն՝  գոնե հսկողություն սահմանեք»,- ասել է Գոհար Սարգսյանը:

Այս խորագրի վերջին նյութերը