Լրահոս

01.11.2012 15:18


Զարուհի Փոստանջյանը խնդրում է վերացնել ՏԻՄ և պետական շենքերի անօրինական օգտագործումը

Զարուհի Փոստանջյանը խնդրում է վերացնել ՏԻՄ և պետական շենքերի անօրինական օգտագործումը

Այսօր ՀՀ նախագահին և վարչապետին դիմում է հղել ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը՝ խնդրելով  հարգել Հայաստանի Հանրապետության օրենքները և վերացնել ՀՀԿ-ի կողմից պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին պատկանող շենքերի անօրինական օգտագործումը­:

Ս.թ. սեպտեմբերի 13-ին տիկին Փոստանջյանը պատգամավորական հարցում էր հղել ՀՀ վարչապետին՝ խնդրելով տեղեկացնել. «1. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների զբաղեցրած շենքերի` քաղաքապետարանների, թաղապետարանների, գյուղապետարանների, մշակույթի տների եւ այլն, ո՞ր տարածքներն են (տարածքի գտնվելու հասցեն) վարձակալությամբ կամ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել Հայաստանի Հանրապետական կուսակցությանը: 2. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների զբաղեցրած շենքերի` քաղաքապետարանների, թաղապետարանների, գյուղապետարանների, մշակույթի տների եւ այլն, ո՞ր տարածքներն են վարձակալվում կամ անհատույց օգտագործվում` Հայաստանի Հանրապետական կուսակցության ցուցապաստառները, դրոշները, պատկերանշանը տեղադրելու համար»: Կառավարությունից պատասխանել էին,  որ  ՀՀԿ-ին տրամադրված տարածքների ցանկը՝ ըստ գտնվելու վայրի, թվով 5-են. երկուսը` Երևանում, երկուսը` Արագածոտնի մարզի Թալին ու Ծաղկահովիտ համայնքներում և մեկը` Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում:  ՀՀ կառավարությունը իր պատասխանով հայտնել է նաև, որ ՀՀԿ-ի կողմից ցուցապաստառներ, դրոշներ, պատկերանշաններ տեղադրելու համար վարձակալված կամ անհատույց օգտագործման տրամադրված պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններին պատկանող տարածքներ չկան:

«Իրականում ՀՀԿ-ի կողմից պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին պատկանող շենքերի և հանրային տարածքների անօրինական օգտագործումը­ համատարած է և անհերքելի (տես սույն դիմումին կից լուսանկարները):

Հիմք ընդունելով վերոգրյալը` հորդորում և պահանջում եմ անհապաղ վերացնել ապօրինությունները, այլապես  ստիպված եմ լինելու ծանրաբեռնել դատական համակարգը` Ձեր կողմից ղեկավարվող կուսակցության անօրինական գործունեության դեմ դատական հայց ներկայացնելով:

Միևնույն ժամանակ պատրաստակամություն եմ հայտնում անձամբ Ձեզ ուղեկցել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին պատկանող շենքեր և հանրային տարածքներ, որտեղ ՀՀԿ-ն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ համատեղ ծավալել է վերոհիշյալ ապօրինի գործունեությունը»,- նշված է նամակում:

«Ժառանգություն» խմբակցության մամլո ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը