Լրահոս

01.11.2012 00:35


Հայկական գործոնը՝ Անկարայի և Մոսկվայի հարաբերակցությամբ

Հայկական գործոնը՝ Անկարայի և Մոսկվայի հարաբերակցությամբ

Հալեպում Սուրբ Գեւորգ եկեղեցու եւ հարակից ազգային կենտրոնների հրկիզումից, ինչպես նաեւ զինյալ խմբավորման կողմից հայերի առեւանգումից հետո, համատարած մտահոգությունը կենտրոնացել է սիրիահայ գործոնը թիրախավորված լինելու հավանականության վրա: Այստեղ ոչ թե այս կամ այն կողմին հստակ պատասխանատու նկատելու խնդիրն է, այլ դեպքերը անպայման պատահականության չվերագրելն ու ընդհանուր իրավիճակի մեջ արձանագրվող պատահարները առանձնացնելը:

 Անտրամաբանական չէր այս մտահոգության տարածումը, մանավանդ, որ Անկարան ոչ թե սոսկ օժանդակողի, քաջալերողի եւ հովանավորի կարգավիճակում է, այլ ուղղակի ներքաշված է ներսիրիական պատերազմում:
 Համակողմանի հայտարարություններ եւ մեկնաբանություններ, նույնիսկ արեւմտյան նշանավոր մամուլի վերլուծաբաններն ուղղակի շեշտում են Սիրիայի նկատմամբ Անկարայի կիրառած քաղաքականության ամլության մատնված լինելը: Սահմանակից պետությունների հետ խնդիրները վերացնելու Անկարայի կողմից պաշտոնապես հայտարարված արտաքին քաղաքականության այս առաջնային օրակարգը, այս պահի դրությամբ փաստորեն տվել է ճիշտ հակառակ արդյունքը:

Հարեւան Սիրիայի հետ ներկայիս հարաբերությունները գտնվում են թշնամական մակարդակի վրա: Ոչ միայն դիվանագիտական հարաբերությունների խզման երեւույթով: Տարածաշրջանում իր հեղինակության համար պայքար մղող Ռուսաստանի հետ ինքնաթիռների հարկադիր վայրէջքներով սկսված լարվածությունը նկատելի աստիճանաչափ նվաճել է արդեն եւ փոխադարձ հատարարությունները հատել են սպառնալիքների սահմանը: Մոսկվան, թուրք զինվորի Սիրիա մուտքը համարել է համազոր նրա` ռուսական տարածք մուտք գործելուն, պարզ դարձնելով, որ Մոսկվան չի կարող ձեռնածալ դիտել թուրքական բանակային ջոկատների ազատ գործունեությունը սիրիական տարածքում:
 Միջազգային ընտանիքի կողմից որոշակի արտաքին ռազմական միջամտության մինչ այժմ անտեսանելիությունը եւ դրա զուգահեռ երեւութապես Միացյալ Նահանգների նախագահական ընտրությունների մոտալուտ լինելը, ստեղծել են արեւմտյան ուժերի վճռորոշ դերակատարության շուրջ մառախուղ:
 Այս պայմաններում հանգուցալուծման ներկա ճնշամիջոցները  կենտրոնացել են Ռուսաստան-Թուրքիա պարանաձգության վրա: Պարզեցնելով հարցը` իշխանության պահպանումը ռուսական առաջադրանք, իշխանափոխությունը` թուրքական նպատակ: Թուրքիայի աքիլեսյան գարշապարը այս դեպքում իր դիմագրաված ներքին խնդիրներն են, որոնք անմիջականորեն կապված են Սիրիայի զարգացումների հետ: Ի տարբերություն Ռուսաստանի, որ նման խռովություններ չի դիմագրավում:
 
Անկախ քրդական շարժումներից եւ ալավիների հետզհետե զանգվածայնացող բողոքի ցույցերից, դիտարժան են Թուրքիայի Հանրապետության նշման օրվա հասարակական պոռթկումի դրսեւորումները, որոնք արժանացան իշխանությունների բիրտ հակազդեցությանը: Թուրքիայի Հանրապետության օրվա նշման հետևում կանգած իրականությունների վերլուծումն ու մեկնաբանությունները գրավեցին միջազգային մամուլի եւ վերլուծաբանների ուշադրությունը, որոնք Անկարայի հետագա կարգավիճակի համար, մեղմ ասած, փայլուն պատկերացումներ չունեին:
 Թուրքիան ուրեմն միաժամանակ թե՛ արտաքին մակարդակի վրա եւ թե՛ ներքին դիմագրավում է շատ սուր խնդիրներ եւ, ըստ երեւույթին, այս օրերին կնախընտրի չհանկերգել իր հայտարարած արտաքին քաղաքականությունը ինքնաբնութագրող «Զրո խնդիրներ» կարգախոսը:
 ժամանակի թավալումը եւ հատկապես աշխարհաքաղաքական գերտերությունների անհամաձայնությունը սիրիական հանգուցալուծման պատկերացման շուրջ համոզում են, որ Սիրիան արաբական գարնան մեկ օղակը հանդիսանալու կարելիությունից հեռու է այլեւս: Սիրիան փաստորեն ընթանում է ա՛յլ ուղղությամբ, քան այն ուղին, ուր իրար հետեւից անցան Թունիսն ու Եգիպտոսը. կամ կարող են դեռևս անցնել արաբական այլ երկրներ:
 Սիրիահայությունը, հակառակ այս իրողություններին, իր կրած մարդկային եւ նյութական վնասներին, շարունակում է  պաշտոնական հայտարարություններով թե իրողապես գետնի վրա հավասարակշռված մոտեցում ցուցաբերել, ներքաշվելը մերժող դիրքերից հանդես գալ, քանդման, ավերման եւ քաղաքացիական ընդհարումների ընտրանքը բացառել:
 Սիրիայի քրդերն ու քրիստոնյա համայնքները այս բոլոր թոհուբոհում գրավում են տարբեր ուժերի ուշադրությունը: Ի տարբերություն այդ ազգաբնակչություններին, հայությունը միակն է, որ ունի պետություն, որ կոչված է մոտիկից հետեւելու տեղի համայնքի իրավիճակին, ապրած դժվարություններին, դիմագրաված խնդիրներին եւ առհասարակ համայնքի հավաքական անվտանգության հարցին: Խնդիրը չի վերաբերում սոսկ Հայաստան հաստատված սիրիահայերին դյուրություններ ընձեռելուն:
 Մեր ակնկալելիքը Հայաստանի պետությունից վստահաբար հաշվի է առնում Անկարայի եւ Մոսկվայի ներգրավվածության չափն ու տարողությունը եւ Երեվան-Անկարա կամ Երեվան-Մոսկվա հարաբերությունների այսօրվա պատկերը:

 Շահան Գանտահարյան

«Ազդակ»-ի գլխավոր խմբագիր

Այս խորագրի վերջին նյութերը